Մատչելի հղումներ

Սադամի դատավարությունը վերսկսվում է


Պատերազմական հանցագործությունների մեղադրանքով Սադամ Հուսեյնի եւ յոթ այլ ամբաստանյալների դատը, որը հաճախ ընդհատվել է բռնարարքային գործողությունների եւ դատարանի դահլիճում միջադեպերի հետեւանքով, մինչեւ այժմ հիասթափեցրել է միջազգային իրավագետներին։

Իրաքի պարտված բռնապետին կալանելուց հետո Միացյալ Նահանգներն Իրաքը կառավարող խորհրդին օգնել է ստեղծելու դատարան՝ Սադամին եւ նրա վարչակարգի անդամներին պատերազմական վկայակոչված հանցագործությունների համար դատելու նպատակով։

Նրանք ծրագրեցին Սադամի գործած առավել ծանր հանցանքների 12 հաջորդական դատավարություն, որոնց թվում են Քուվեյթ ներխուժումը, քրդերի ու շիաների նկատմամբ իրագործված կոտորածները։ Այս մեղադրանքներն ապացուցվելու դեպքում Սադամ Հուսեյնը կդիմակայի մահապատիժ։

Միջազգային օրենքի հարցերով ամերիկացի իրավաբանները, ինչպես օրինակ, Վաշինգտոնի համալարանի աշխատակցուհի Լեյլա Սադաթն է, այս մասին ասում է.

՚՚Որեւէ դատավարության նպատակը ցույց տալն է, որ ոչ մեկը, նույնիսկ պետության ղեկավարը, ով գործել է ծանր հանցանքներ, Օրենքից բարձր չէ։ Դատավարության նպատակը նաեւ օրինականությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները վերականգնելն է. Իրաքում շարունակվող դատավարության նպատակը նաեւ ցույց տալն է, որ այն կարող է լինել կարգ ու կանոն ունեցող երկիր՚՚։

Սակայն անցած հոկտեմբերին, երբ սկսվեց առաջին դատավարությունը, ուր Սադամն ու մյուս յոթ ամբաստանյալները մեղադրվեցին 1982 թվականին Սադամի դեմ գործված սպանության փորձից հետո Դուջաիլ քաղաքում 148 շիա տղամարդկանց սպանության մեջ, ամբաստանյալների փաստաբաններից մեկին սպանեցին։ Երեք շաբաթ անց սպանեցին մեկ այլ փաստաբանի, եւ վիրավորեցին մեկ ուրիշի։

Դրանից հետո Սադամը չմասնակցեց դատավարությանը, եւ կարճ ժամանակ այն շարունակվեց առանց նրա։ Գլխավոր դատավորը, Ռիզգար Ամինը հունվարին հրաժարական տվեց, ում փոխարինեց դատավոր Ռաուֆ Աբդել Ռահմանը.

՚՚Այս դատավարությունն այնպես չի ընթանում, ինչպես բոլորը հույս ունեին՚՚։

Իրավագիտության պրոֆեսոր Մայքլ Շարֆն օգնել է մարզելու Իրաքի դատարանի պաշտոնատարներին.

՚՚Այնուամենայնիվ, դատավարությունն ընթանում է այնպես, ինչպես ակնկալում էի։ Պատերազմական հանցագործությունների միջազգային դատավարությունների ժամանակ, երբ դատվում է երկրի նախկին ղեկավար, նրա ռազմավարությունը դատավարությունն ընդհատելն ու խանգարելն է, որն իրենից լուրջ խոչընդոտ ու դժվարություն է ներկայացնում դատավորների համար՚՚։

Դժվարություններից մեկը դատարանի օրինականությունը Սադամի կողմից չճանաչվելն է, ասում է Նորդվեսթերն համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Դեյվիդ Շեֆերը։ Նա ավելացնում է, որ դատավարության ժամանակ նաեւ տրվում են բազմաթիվ հարցեր դրա իրավասության վերաբերյալ, եւ թե որոշ թվով դատավորների մասնակցությունն արդյո՞ք շահերի հակասություն չի առաջացնում։

՚՚Սրանք շարունակ ծագող հարցեր են։ Դրանք երբեք չեն դադարում։ Եթե դատարանը լուծի դրանք եւ այդ հարցերի առնչությամբ չափազանց արհեստավարժ գրավոր պատասխան տա, կարծում եմ, դա փոքր-ինչ կհանդարտեցնի դատարանի աշխատանքը եւ անշուշտ ներգործություն կունենա ամբաստանյալների վրա, թե սա գործընթաց է, որը պետք է շարունակվի եւ լրումին հասցվի՚՚։

Պարոն Շեֆերի կարծիքով, Սադամի փաստաբանների խմբի ռազմավարությունը հետեւյալն է.

՚Սադամ Հուսեյնը դատավարության երկրորդ կեսին թերեւս կփորձի փաստարկել, որ Դուջաիլ քաղաքում իր կատարածը նման է ահաբեկչության եւ ապստամբների դիմակայելու պատճառով Իրաքի եւ Աֆղանստանի քաղաքներում Միացյալ Նահանգների կատարածին։ Նա կփաստարկի, որ ապստամբների եւ ահաբեկիչների նկատմամբ նույն կերպ է վարվել, ինչպես Միացյալ Նահանգները վարվում է Իրաքում, ու որ Միացյալ Նահանգներն ու իր դատավարության դատախազները հակադրված կլինեն ապացուցելու, որ երկու գործերը տարբեր են՚՚։

Իրաքի ռազմական հատուկ դատարանը նաեւ դիմակայում է մեկ այլ դժվարություն, որն անվտանգությունն է.

՚՚Նշանակություն չունի, թե դատարանի դահլիճը չափազանց անվտանգ է, թե ոչ։ Կարծում եմ, կարեւորն այն է, թե ինչ է կատարվում երկրում։ Ու եթե Իրաքը մխրճվում է քաղաքացիական պատերազմի մեջ, դա վիթխարի ներգործություն կունենա հարթ ընթանալու այս դատավարության կարողության վրա՚՚։

Դուջաիլի գործում Սադամի մեղավոր ճանաչվելու դեպքում Իրաքի օրենքով մահապատիժը կիրագործվի արագորեն, որը կկանխի պատերազմական հանցագործություններ կատարած լինելու մյուս մեղադրանքներով նրա դատվելը։ Լեյլա Սադաթի կարծիքով դա սխալ կլինի.

՚՚Սա հիմնականում կվերաբերի Սադամի պատժին, սա Իրաքը չի դնի արդարադատության եւ կարգ ու կանոնի նոր ուղու վրա։ Սա՛ է այդ դատավարության գլխավոր ժառանգությունը. դատավարությունը պետք է լինի որոշիչ պահ մի երկրի համար, ուր քաղաքական նոր վերնախավը պարտավորված կզգա հետեւելու դատարանի սահմանած նորմերին՚՚։

Իրաքը թերեւս կդիմակայի վճռական այլ պահեր առաջիկա շաբաթներին, մինչ փորձում է ստեղծել կառավարություն եւ լուծել հատվածախմբական հակամարտությունը։ Սակայն փորձագետները դեռեւս հույս ունեն, որ Սադամի դատավարությունը կդառնա խոշոր իրադարձություն եւ ոչ թե թատերական տեսարան, ինչպես հաճախ երեւում է այդպիսին։

XS
SM
MD
LG