Մատչելի հղումներ

Փոփոխություններ Սպիտակ Տանը


Միացյալ Նահանգների Կոնգրեսում հանրապետականները հույս ունեն, որ Սպիտակ Տան աշխատակազմի նոր պետը, Ջոշ Բոլթենը կօգնի շտկելու նախագահ Ջորջ Բուշի երերացող հանրահայտությունը։

Աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատարի փոխելը տեղի է ունենում երկրի ժողովրդի շրջանում նախագահի հանրահայտության նվազումից եւ Սպիտակ Տանը փոփոխություններ կատարելու հանրապետականների պահանջներից հետո։

Պարոն Բուշը Ջոշ Բոլթոնին բնութագրում է որպես քաղաքական ստեղծարար մտածող.

՚՚Նա անկեղծ, հումորով եւ ուղղամիտ անձ է, ով ունի պատասխանատվության զգացում ու գիտի ինչպես առաջնորդել՚՚։

Պարոն Բոլթենը ներկայումս բյուջետային հարցերի ղեկավարն է, եւ Սպիտակ Տանը ծառայել է նախագահի կառավարման առաջին շրջանում.

՚՚Դու հստակ ուղի ես նշել մեր մարդկանց պաշտպանելու երկրում, եւ ազատությանը նպաստելու օտար երկրներում, ու ընդլայնելու մեր բարգավաճումը։

Պարոն Բոլթենը փոխարինում է Անդի Քարդին, ով վերադառնում է մասնավոր գործունեության նախագահ Բուշի մոտ հինգ ու կես տարի ծառայելուց հետո, որը երկրի պատմության մեջ երկրորդ ամենաերկար ծառայությունն է որպես Սպիտակ Տան աշխատակազմի պետ։

Անդi Քարդը լավագույնս կհիշվի որպես օգնական, ով 2001 թվականի սեպտեմբերի տասնմեկին նախագահի ականջին շշնջաց, որ Ամերիկայի դեմ հարձակում է կատարվում։

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոս Սթիվն Հեսը նախագահական հարցերով փորձագետ է։

Նա ասում է, թե երկրի նախագահներն իրենց կառավարման երկրորդ ժամկետում հաճախ փոփոխություն են կատարում իրենց աշխատակազմում, հատկապես, երբ իրենց հանրահայտությունը նվազում է ժողովրդի շրջանում.

՚՚Մեծ թվով անձինք են պահանջում փոփոխություններ կատարել։ Դա տեղի է ունենում բոլոր վարչակազմերում, երբ նախագահն անախորժության մեջ է։ Վաշինգտոնում քաղաքագետները, երբեմն այլ անձինք պահանջում են ինչ-որ բան ձեռնարկել՚՚։

Կոնգրեսում հանրապետականները մտահոգված են, որ հասարակական կարծիքի հարցախույցների արդյունքով նախագահ Բուշի թույլ դիրքը կարող է վնասել իրենց վերընտրվելու հնարավորությունը նոյեմբերին կայանալիք կոնգրեսական միջժամկետային ընտրություններում։

Որոշ թվով հանրապետականներ նախագահին հորդորել են Սպիտակ Տան աշխատակազմի պետ չընտրել իր սերտ միջավայրից, հույս փայփայելով, որ դա թերեւս ետ կշրջի Իրաքի հարցը լուծելու եւ ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկին արձագանքելու վարչակազմի ջանքերի առնչությամբ առաջացած բացասական կարծիքը։

Ջոն Ֆորթիերը քաղաքական փորձագետ է ՚՚Ամերիքն էնթերփրայզ ինսթիթյութ՚՚ կազմակերպությունում.

՚՚Կարծում եմ մարդիկ գոհ կմնան Ջոշ Բոլթենից, որպես ձեռնհաս անձի, ով կփոխարինի Անդրյու Քարդին։ Սակայն նա նախագահի շրջապատից է։ Կարծում եմ, մարդիկ փնտրում են որեւէ ավագ հանրապետականի, ով Սպիտակ Տուն կգար եւ կկարողանար խոսել նախագահի հետ եւ չէր լինի պարոն Բուշի ներկայիս աշխատակազմից՚՚։

Քաղաքական փորձագետներն ասում են, թե հազվադեպ է պատահում, որ նախագահի աշխատակազմի որեւէ բարձրաստիճան պաշտոնատարի փոխարինելը մեծ ազդեցություն գործի նախագահի եւ նրա քաղաքականության առնչությամբ հասարակության տեսակետի վրա.

՚՚Կարծում եմ, մեծ նշանակություն ունեցավ, երբ Ռոնալդ Ռեյգանն ընտրեց նախկին սենատոր Հովարդ Բեյքըրին, Իրանին գաղտնորեն զենքեր վաճառելու աղմկահարույց գործից հետո։ Ինչու՞։ Դա աղմկահարույց գործ էր։ Անհրաժեշտ էր հարթել այն, եւ նոր անձ եկավ օգնելու այդ գործում։ Նախագահ Ջորջ Բուշի ներկայիս կացությունը, ինչպիսին էլ լինեն նրա խնդիրները, կապ չունեն անհատական աղմկահարույց գործի հետ՚՚։

Դրա փոխարեն, ասում է Սթիվն Հեսը, հասարակությունը դժգոհ է Իրաքի հարցը պարոն Բուշի լուծելուց, որը վարչակազմի քաղաքական խնդիրներից կարեւորագույնն է։

՚՚Նկատի ունեմ, որ հարցը հիմնականում վերաբերում է Իրաքին։ Ոչ մի իմաստ չկա խոսելու կրթության առնչությամբ նախագահի քաղաքականության, կամ դրա նման մեկ այլ հարցի մասին։ Նկատի ունեմ, որ նախագահը ծառայում է մոտավորապես վեց տարի։ Նա մեկ կարեւոր քաղաքականություն ունի, որի մեջ է ներդրել իր ամբողջ եռանդը։ Դա արդյո՞ք իրեն կարդարացնի։ Սպասենք եւ տեսնենք՚՚։

Անդի Քարդի հետ կարճատեւ անցումից հետո, Ջոշ Բոլթենն իր նոր պարտականությունները կստանձնի ապրիլի կեսերին։

XS
SM
MD
LG