Ռուսաստանի արտաքին գործոց նախարարն անցնող երկուշաբթի որպես քաղաքական շարժառիթ ունեցող համարեց եւ հերքեց այն հաղորդագրությունները, որոնց համաձայն Ռուսաստանը Սադամ Հուսեյնին հետախուզական տվյալներ է տրամադրել 2003 թվականին Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող Իրաք ներխուժման առաջին օրերին։
Ռուսաստանի արտաքին գործոց նախարարն ու արտաքին հետախուզական ծառայությունը ժխտեցին մեղադրանքները, որ ռուս դիվանագետներից մեկը Սադամ Հուսեյնի կառավարությանը տեղեկություններ է հայտնել ամերիկյան զինուժի տեղաշարժերի եւ պատերազմի այլ պլանների մասին, Միացյալ Նահանգների գլխավորությամբ երեք տարի առաջ Իրաք կատարված ներխուժման ժամանակ։
Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կողմից անցյալ շաբաթ հրապարակված զեկույցը քաղաքական թաքուն շարժառիթի արդյունք է։ Նա չի մանրամասնել, սակայն Միացյալ Նահանգների մի քանի վերլուծաբաններ եւ մարդու իրավապաշտպան խմբեր Ռուսաստանին քննադատել են, իրենց կարծիքով, Վլադիմիր Պուտինի կառավարությունը երկրում ժողովրդավարությունն ու քաղաքական ազատությունները սահմանափակելու համար։
Ռուսաստանի արտաքին գործոց նախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների իշխանություններն իրենց երկրի պաշտպանության նախարարության զեկույցը չեն ստուգել պաշտոնական ուղիներով։ Անցած կիրակի երկրի մի քանի հեռուստատեսային ծրագրերով հարցազրույց ունենալիս արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է, թե Միացյալ Նահանգները Կրեմլին հարցնելու է զեկույցում նշված մեղադրանքների մասին.
՚՚Եկեք խոսենք Ռուսաստանի կառավարության հետ։ Ես հապճեպ եզրակացություններ չեմ անի, թե այս զեկույցն արդյո՞ք ճշմարիտ է։ Այդ իսկ պատճառով, եկեք խոսենք Ռուսաստանի կառավարության հետ այդ մասին։ Սակայն կարծում եմ, Ռուսաստանի կառավարությունն այս հարցին նույնպես կմոտենա չափազանց լրջորեն՚՚։
Արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը չմանրամասնեց, թե զեկույցն ինչպես կարող է ազդել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա, եւ կամ թե Ռուսաստանի ենթադրյալ գործողությունների հետեւանքով, արդյո՞ք զոհեր են եղել Միացյալ Նահանգների զինուժի շրջանում։
Պենտագոնի զեկույցում ասվում է, թե Իրաքից խլված երկու փաստաթղթեր ցույց են տալիս, որ Բաղդադում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Տիտորենկոն Իրաքի պաշտոնատարներին է հանձնել հետախուզական մանրամասն տվյալներ պատերազմ վարելու Միացյալ Նահանգների ծրագրերի շուրջ։
Վկայակոչաբար, այդ տեղեկությունները ձեռք են բերվել Կատարում հաստատված ամերիկյան կենտրոնական հրամանատարությունում աշխատող ռուսական աղբյուրներից։ Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական Սթիվն Հադլին ենթադրություններ չի արել, թե նախագահ Վլադիմիր Պուտինն արդո՞ք տեղյակ էր այդ խնդրում Ռուսաստանի ներգրավվածության մասին։ Նա ասել է, թե առկա են պատասխանի սպասող բազմաթիվ հարցեր.
՚՚Որեւէ ժամանակ, երբ մի երկիր թշնամուն տրամադրում է տվյալներ, որոնք մարդկանց դնում են վտանգի մեջ, մենք դա չափազանց լրջորեն ենք ընդունում, եւ այդ հարցը կբարձրացնենք ռուսների հետ։ Առկա են բազմաթիվ հարցեր, որոնցից տեղյակ չենք։ Օրինակ, չգիտենք, թե տվյալներն ինչպես են դուրս սպրդել Կենտրոնական հրամանատարությունից։ Չգիտենք, թե դեսպանի կատարած քայլն արդյո՞ք թույլատրվել է Ռուսաստանի կառավարության կողմից՚՚։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության զեկույցում եզրակացվում է, որ պատերազմի ծրագրի մասին Ռուսասանից Իրաքի ձեռք բերած գաղտնի տվյալները չեն օգնել Սադամ Հուսեյնի զինուժերին։