Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի աշխատանքի բարեփոխությունները


Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը բարեփոխելու դրա Գլխավոր Քարտուղար Կոֆի Անանի կողմից հրապարակված ծրագրին ըննդիմանում են թե՛ ՄԱԿ-ի աշխատակիցները, եւ թե՛ զարգացող որոշ երկրներ։

Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը մոտենում էր ավարտին, ՄԱԿ-ի հիմնադրման կանոնադրությունը 1945 թվականին ստորագրեցին հիսուն երկրներ։ Այդ ժամանակից ի վեր, ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը հասել է 191-ի, ովքեր հանդիպեցին քննարկելու, թե համաշխարհային մարմինն ինչպես կարող է իրագործել իր գլխավոր նպատակները, որոնց թվում են աշխարհում խաղաղություն եւ անվտանգություն ապահովելը։

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Կոֆի Անանն այս մասին ասել է.

՚՚Կարճ ասած, մեր ներկայիս կանոնավորումներն ու օրենքները բազմաթիվ առումներով չեն արձագանքում մեր ներկայիս պահանջներին, եւ դրանք մեր կազմակերպության համար չափազանց դժվարացնում են աշխատանքը կատարել արդյունավետորեն՚՚։

Առաջարկված փոփոխություններով նախատեսվում է ստեղծել 2500 արհեստավարժ զինվորներից բաղկացած շարժունակ խաղաղապահ զինուժ, արդիականացնել ՄԱԿ-ի աշխատանքները, այդ թվում բյուջետային գործընթացը եւ կատարել բազմամիլիոն դոլար գումարի ներդրումներ աշխատակիցների մարզման եւ տեխնոլոգիայի բնագավառներում։

ՄԱԿ-ն ավանդաբար ընդգրկված է խաղաղապահ գործողություններում, սակայն այդ դերը նշանակալիորեն ավելացել է սառը պատերազմի ավարտից ի վեր։ ՄԱԿ-ի բյուջեյի մեծ մասը ծախսվում է տարբեր երկրներում խաղաղապահ առաքելությունների նպատակով, ինչպես օրինակ, Հայիթին եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն են։

Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակցուհի Լինդա Ջամիսոնն ասում է, թե ՄԱԿ-ին անհրաժեշտ է արագ արձագանքի զինուժ.

՚՚ՄԱԿ-ն անշուշտ պետք է ունենա արագ արձագանքելու կարողություն, որը նշանակում է ունենալ զինվորներ, սակայն պետք է լինեն նաեւ դիտորդներ, զինվորական փորձագետներ, ամեն կարգի մասնագետներ, որպեսզի Անվտանգության Խորհրդին անհապաղ զեկուցեն հակամարտության շրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՚՚։

ՄԱԿ-ը, որը հիմնականում կենտրոնացած է խաղաղապահ եւ մարդասիրական առաքելությունների վրա, այժմ իր աշխատանքները գլխավորապես իրագործում է աշխարհի տարբեր երկրներում։ Պարոն Անանի բարեփոխությունների ծրագրի նպատակն այդ աշխատուժի աշխատանքը բարելավելը, գրասենյակային աշխատողների թիվը կրճատելն ու վարչական որոշ աշխատանքներ պայմանագրային աշխատողների շնորհելն է։

Այս մասին առաջարկներին արդեն ընդդիմանում են ՄԱԿ-ի աշխատակիցները եւ զարգացող մի քանի երկրներ՝ Հարավ Աֆրիկյան Հանրապետության գլխավորությամբ։ ՄԱԿ-ի անդամ այս երկրներն այն կարծիքին են, որ բարեփոխությունները ՄԱԿ-ին հարկադրում է Միացյալ Նահանգները, որպեսզի ավելի մեծ իշխանություն կենտրոնացնի ՄԱԿ-ի Քարտուղարությունում եւ նվազեցնի զարգացող երկրների ազդեցությունը։ Կոլումբիայի համալսարանի աշխատակից Էդվարդ Լաքն այս մասին ասում է.

՚՚ՄԱԿ-ն ավելի լավ կառավարելու, դրա գործունեությունն ավելի սահուն դարձնելու, ՄԱԿ-ն ավելի լավ համակարգված եւ կապակցված դարձնելու ցանկությունը բարեհաճություն չէ Միացյալ Նահանգների նկատմամբ, դա օգտակար է ՄԱԿ-ին եւ դրա բոլոր անդամ երկրներին՚՚։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը, Ջոն Բոլթոնն իր հերթին ողջունել է բարեփոխման առաջարկները եւ կոչ է արել հաստատել դրանք.

՚՚Որքանո՞ք կհաջողվի իրագործել բարեփոխությունները, չեմ կարող ասել։ Սակայն սա փորձ է Միացյալ Նահանգների եւ ՄԱԿ-ի անդամ երկրների հանձնառության լրջության համար, որպեսզի ունենան իսկապես արդյունավետ համակարգ, եւ դա՛ ենք մենք առաջ մղում եւ հույս ունենք, որ կհաջողենք հենց դրան հասնել՚՚։

Բարեփոխություններն առաջարկվեցին Իրաքի համար ՄԱԿ-ի ՚՚Նավթ՝պարենի դիմաց՚՚ ծրագրի առնչությամբ անցյալ տարի սկսված հետաքննությունից հետո, որից պարզվեց, որ համատարած կոռուպցիայի պատճառը մասամբ ՄԱԿ-ի անբավարար վերահսկողությունն էր։

Պարոն Անանն իր բարեփոխություններն առաջարկել է, մինչ նրա կառավարման ժամկետն ավարտվում է այս տարվա վերջերին, մի գործոն՝ որը որոշ թվով փորձագետներ ասում են, որ թերեւս կդանդաղեցնի անհրաժեշտ փոփոխությունների արագությունը։

XS
SM
MD
LG