Մատչելի հղումներ

Թռչնագրիպը սպասվում է Միացյալ Նահանգներում


Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը նախազգուշացնում է, որ Միացյալ Նահանգները թռչնագրիպի իր առաջին դեպքը թերեւս կունենա այս տարի։ Ներկայումս քայլեր են ձեռնարկում չվող թռչուններին ստուգելու համար, որպեսզի համոզվեն, թե դրանք արդյո՞ք չեն կրում ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մահացու մանրէ։

Ինը տարի առաջ Հոն Կոնգում թռչնագրիպն ի հայտ գալուց ի վեր, Միացյալ Նահանգների առողջապահության բնագավառի աշխատողները ստուգել են մոտավորապես 16 հազար չվող թռչունների, դրանց շրջանում ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէն հայտնաբերելու նպատակով։

Սակայն նրանք սաստկացնում են իրենց ջանքերը ենթադրելով, որ վայրի թռչուններն ամենահավանական միջոցն են թռչնագրիպն առաջին անգամ Միացյալ Նահանգներ մտցնելու համար։ Երկրի բնական հարստությունների հարցերով նախարար Գեյլ Նորտոնն ասում է, թե Միացյալ Նահանգներում թռչնագրիպի ի հայտ գալը ժամանակի խնդիր է.

՚՚Հարաճունորեն հավանական է, որ հիվանդություն հարուցող թռչնագրիպի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէի տեսակը Միացյալ Նահանգների սահմաններում կհայտնաբերենք թերեւս այս տարի՚՚։

Թռչնագրիպից վաղօրոք նախազգուշացնելու ծրագրով, որի շուրջ Գեյլ Նորտոնը եւ գյուղատնտեսության ու առողջապահության նախարարները համաձայնության են եկել, այս տարի նմուշներ կհավաքվեն 75-ից 100 հազար կենդանի եւ սատկած թռչուններից։ Գեյլ Նորտոնն ասում է, թե գլխավորապես ուշադրություն կդարձնեն Ալյասկայի եւ Խաղաղ օվկիանոսի երկնակամարով թռչունների չվելու ուղիներին.

՚՚Եթե չվող թռչունները Միացյալ Նահանգներ բերեն չափազանց վարակիչ ՚՚Էյչ-5-Էն-1՚՚, կամ նույնչափ վտանգավոր մեկ այլ տեսակի մանրէ, ամենամեծ հավանականությունն այն է, որ դրանք սկզբում կգան Խաղաղ Օվկիանոսի կղզիների կամ Ալյասկայի երկնակամարով՚՚։

Առողջապահության բնագավառի պաշտոնատարները նաեւ հսկողություն կսահմանեն երկրի կենտրոնական, Միսիսիպիից եկող երկրի հարավային ու Ատլանտյան օվկիանոսի Հյուսիսային մասի երկնակամարներով Կանադայից չվող թռչունների թռիչքուղիներին։ Գյուղատնտեսության նախարար Մայք Յոհանսն ասում է, թե Միացյալ Նահանգների թռչնարդյունաբերությունը լավ պաշտպանված է թռչնագրիպից, քանի որ կենդանիներին մշտապես պահում են փակված։

Սակայն Միացյալ Նահանգների ընտանի կենդանիները թռչնագրիպով վարակվելու դեպքում, ասում է նա, գյուղատնտեսության բանագավառի իշխանությունները կգործեն արագորեն, եւ վտանգը վերացնելու նպատակով պարզապես կոչնչացնեն հիվանդ թռչուններին.

՚՚Որոշ դեպքերում թերեւս կկարողանանք օգտագործել պատվաստանյութ, կամ վարակի վայրի շուրջը կստեղծենք պաշտպանական գոտի, սակայն գերադասելի է շատ ավելի եռանդունորեն գործելը եւ պարզապես թռչուններին ոչնչացնելը, որը բառացիորեն վերջ կդնի հիվանդությանը՚՚։

Պարոն Յոհանսի գործակալությանն ամեն տարի հատկացվում է 29 միլիարդ դոլար գումար երկրի թռչնարդյունաբերությունը կառավարելու համար։ ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէն հավի ճտի մոտ հայտնաբերելը չափազանց կվնասի բիզնեսը, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարը շեշտել է, որ ինչպես հարկն է եփված թռչունի միսն անվտանգ է սնվելու համար, քանի որ եփելու ժամանակ մանրէն ոչնչանում է։

XS
SM
MD
LG