Մատչելի հղումներ

Կացությունն Իրաքում պատերազմի տարելիցին


Նախագահ Բուշը դաշնադրային զինուժերին երեք տարի առաջ կարգադրեց ներխուժել Իրաք, այդ երկրի ժողովրդին ազատագրելու եւ աշխարհը զանգվածային ոչնչացման զենքերից պաշտպանելու նպատակով, որոնք ենթադրաբար ուներ Սադամ Հուսեյնը։

Նախագահ Բուշն այդ ժամանակ նշեց, որ առաքելությունը կարող է լինել երկարաժամկետ եւ դժվարին։ Իրաքի ժողովուրդն ազատվել է բռնապետ Սադամ Հուսեյնից։ Սակայն երկիրն ակնհայտորեն չուներ զանգվածային ոչնչացման զենքեր։

Նախագահ Բուշն այժմ ասում է, թե ռազմական նպատակն Ամերիկայի անվտանգությունը պաշտպանելն է Իրաքը ժողովրդավարական երկիր դարձնելով։ Այդ գործի համար մինչեւ այժմ զոհվել է դաշնադրային մոտավորապես 2500 զինվոր, որոնցից 2300-ն ամերիկացիներ են։

Նրանց մեծամասնությունը սպանվել է մի թշնամու կողմից, ում նախագահ Բուշը բնութագրում է որպես դաժան ահաբեկիչներ եւ ապստամբներ, ովքեր ատում են ազատությունը։ Իրաքում սպանվածների թիվը մոտավորապես հասնում է 32 հազարի։ Այս մասին նախագահ Ջորջ Բուշն ասել է.

՚Սակայն այդ դաժանությունը չի դադարեցրել նոր ժողովրդավարության կտրուկ առաջընթացը։ Գրեթե երեք տարում, երկիրը բռնակալական կարգերից ազատվելով ձեռք է բերել ինքնիշխանություն, ունի նոր սահմանադրություն եւ կայացրել է համերկրային ընտրություններ՚՚։

Չնայած այս փոփոխություններին, դաշնադրային զինուժերի հրամանատար, գեներալ Մայքլ Քեյսին ասում է, թե սա դժվարին ժամանակ է Իրաքում.

՚՚Մենք բոլորս էլ պետք է հստակ լինենք, որ իրաքցիները մնում են այն անձանց ահաբեկչական հարձակումների սպառնալիքի ներքո, ովքեր ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի սահմանադրական ճանապարհով ընտրված կառավարության կազմավորումը խոչընդոտելու համար՚՚։

Իրաքի կառավարության շուրջ կայացվել է համերկրային երկու քվեարկություն, այս տարվա հունվարին, եւ 2005 թվականի դեկտեմբերին։ Մեծամասնության կառավարման ժողովրդավարական սկզբունքով իշխանությունն Իրաքում փոքրամասնություն կազմող սուննի արաբներից, ովքեր տարածաշրջանում իշխում էին դարեր շարունակ, անցել է մեծամասնություն կազմող շիաներին։

Ջեյմս Ջեֆրին, ով Միացյալ Նահանգների արտգործնախարարի ավագ օգնականն ու Իրաքի շուրջ քաղաքականության համակարգողն է, ասում է թե դա պատշաճ է.

՚Տարբեր խմբավորումների միջեւ ներկայումս տեղի են ունենում ոչ-պաշտոնական բանակցություններ երկրի վարչապետի, նախարարական պաշտոնների համար։ Կարեւոր է, որ այս բոլոր խմբերը, այդ թվում սուննի արաբները մասնակցում են այս չափազանց եռանդուն բանակցություններին՚՚։

Դեսպան Ջեֆրին նշում է, որ Իրաքի հյուսիսային եւ հարավային տարածքներում համեմատաբար խաղաղ է։ Սակայն նա ընդունում է, որ Իրաքի կենտրոնական մասում որոշ թվով սուննի արաբներ ընդդիմանում են կառավարությանը, նենգադուլ են կազմակերպում տարածքի ջրի, էլեկտրականության եւ հեռախոսային ենթակառույցների դեմ, երկիրն անկառավարելի դարձնելու նպատակով։

Նրանք նաեւ հարձակվում են Միացյալ Նահանգների զինուժերի դեմ, ովքեր փորձում են վերակառուցել ենթակառույցը։ Բացի այդ, թշնամական գործողությունների ժամանակ սուննի ու շիա ծայրահեղականները հարձակվում են միմյանց մզկիթների վրա եւ գտնվում են քաղաքացիական պատերազմի շեմին։

Անկարգությունն ավելացնում են օտարերկրյա մարտիկները, ովքեր գալիս են Իրաք ամերիկացիների սպանելու։ Իրաքի պատերազմը քննադատող բազմաթիվ ամերիկացիներ ասում են, թե իրաքցիներն այժմ ամերիկացիներին համարում են ոչ թե ազատարարներ՝ այլ նվաճողներ։ Նրանց թվում է Դեմոկրատական Կուսակցությունից կոնգրեսական Ջաք Մրթան, ով սկզբում աջակցել է պատերազմին։

՚՚Հնարավոր չէ հաղթելը մի պատերազմում, երբ զրկվել ենք ոչ միայն մարդկանց համակրանքից՝ այլեւ դարձել ենք նրանց թշնամին՚՚։

Նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը հայտնել է, որ Միացյալ Նահանգների բանակը կհեռանա, երբ Իրաքի զինուժը կարողանա ապահովել սեփական երկրի նորաստեղծ ժողովրդավարությունը։ Սակայն Պենտագոնն անցյալ ամիս ցածրացրել է ինքնուրույնաբար կռվելու ընդունակ Իրաքի միակ գումարտակի մարտունակությունը մի մակարդակի, երբ կռվելու համար կպահանջվի ամերիկյան օգնություն։

Միացյալ Նահանգների բանակի վետերան Գարեթ Ռեփենհագենը կասկածի է ենթարկում Իրաքի զինվորների հանձնառությունը.

՚՚Նրանք իրականում չեն ցանկանում կատարել աշխատանքը Իրաքում ժողովրդավարությանն աջակցելու կամ այս բարձր գաղափարներին հավատալու պատճառով։ Նրանք դա անում են տնտեսական պատճառով։ Այդ իսկ պատճառով, երբ կացությունը դժվարանում է, եւ նրանց վրա կրակում են, բազմաթիվ անգամներ նրանք անհետանում են, նրանք պարզապես հեռանում են, երբ սպառնում են նրանց կյանքին՚՚։

Անցյալ ամիս նախագահ Բուշին ուղղված մի նամակում կոնգրեսական Մրթան նշել է, որ Իրաքի պատերազմի արժեքը շաբաթը կազմում է մեկ միլիարդ դոլար։ Մրթան նախագահին նաեւ հորդորել է այդ միջոցները վերատրամադրել Ամերիկայի անվտանգությունն ու աշխարհում Միացյալ Նահանգների նկարագիրը պաշտպանելու համար։

Սակայն նախագահն ասում է, թե Իրաքը լքելը կստեղծի իշխանության վակուում, որը կլցվի Միացյալ Նահանգների դեմ հարձակումների հակված զինուժի կողմից։

XS
SM
MD
LG