Մատչելի հղումներ

Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է վրեժ լուծել


Առկա են կարծիքներ, որ Միացյալ Նահանգների վեց նավահանգիստների բեռնաթափման եւ բեռնառաքման աշխատանքները Դուբայի ընկերություններից մեկին հանձնելու գործարքի չեղյալ հայտարարումը կարող է երկարաժամկետ բացասական ներգործություն ունենալ ամերիկա-արաբական հարաբերությունների վրա։

՚՚Հարցը փակվեց, կարող ենք առաջ ընթանալ, դառնություն չի մնացել խնդրից, այլեւս չկա խնդիր եւ բաժանում, մենք միասնական ենք՚՚։

Նյու Յորքից կոնգրեսական Փիթր Քինգը ողջունեց վեց նավահանգիստների աշխատանքի վերահսկողությունը մեկ այլ ընկերության հանձնելու ՚՚Դուբայ Փորթս Վորլդզ՚՚ ընկերության որոշումը։ Սակայն նախագահ Ջորջ Բուշը , որը սկզբից եւեթ պաշտպանում էր գործարքը, ասել է թե անհանգստացած է քաղաքական փոթորկից, որն Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող ընկերությանը հարկադրեց նահանջել.

՚՚Ես անհանգստացած եմ ավելի մեծ պատգամից, որն այս հարցը կարող է հղել աշխարհում մեր բարկամներին եւ դաշնակիցներին, հատկապես Մերձավոր Արեւելքում։ Ահաբեկչության դեմ պատերազմում հաղթելու համար մենք պետք է ամրապնդենք մեր հարաբերություններն ու բարեկամությունը Մերձավոր Արեւելքի արաբական չափավոր երկրների հետ՚՚։

Արաբական Միացյալ Էմիրությունները, որին Բուշի վարչակազմը համարում է կարեւոր դաշնակից, սպասարկում է ամերիկյան ավելի մեծ թվով նավեր եւ օդանավեր, քան աշխարհի որեւէ այլ երկիր։ Այն նաեւ իր նավթի եկամտից միլիարդավոր դոլարի գումար է ներդնում ամերիկյան տնտեսությունում եւ տեխնոլոգիայում։

Խտրականության դեմ պայքարի արաբա-ամերիկյան հանձնախմբի անդամ Լայլա Ալ Քաթամին ամերիկացի օրենսդիրներին մեղադրել է արաբական աշխարհին խառը պատգամ հղելու մեջ.

՚՚Այն հղում է պատգամ, որ չենք ցանկանում արաբների ներդրումներ ունենալ այստեղ։ Վերջիվերջո, Միացյալ Նահանգների տնտեսությունից արաբական ընկերությունների եւ ներդրողների կատարած միլիարդավոր դոլարի գումարը վերցվելուց հետո, ո՞վ է տուժելու՚՚։

Առկա է ենթադրություն, որ Արաբական Միացյալ Էմիրությունները թերեւս փոխվրեժ կլուծի։ Ակնկալվում է, որ այդ երկիրը վերջնականացնելու է նոր մակնիշի օդանավ գնելու բազմամիլիարդ դոլարի մի ծրագիր եւ կարող է Եւրոպական ՚՚Աէրոբուսը՚՚ գերադասել ամերիկյան ՚՚Բոինգ՚՚ ընկերության ինքնաթիռից։

Ամերիկյան ընկերությունը, որը վերջերս ստորագրեց 9 միլիարդ յոթ հարյուր միլիոն դոլարի մի պայմանագիր Դուբայի ավիաընկերությանը ՚՚Բոինգ 777՚՚ մակնիշի 42 ինքնաթիռներ վաճառելու մասին, տեղեկությունների համաձայն, զբաղվել է շահախնդրական քարոզարշավով՝ նավահանգիստների շուրջ գործարքը փրկելու համար.

՚՚ Նրանք թերեւս ոչ միայն բիզնես չեն անի մեզ հետ եւ իրենց գումարները կներդնեն այլ երկրներում, այլեւ այն կարող է վնասել մեր հարաբերությունների մյուս բնագավառները, երկու երկրների միջեւ համագործակցությունը՚՚։

Չնայած Դուբայի արքայական ընտանիքը, որին պատկանում է ՚՚Դուբայ Փորթս Վորլդ՚՚ ընկերությունը, պաշտոնապես չի արձագանքել, երկու երկրների միջեւ առեւտրի շուրջ անցնող երկուշաբթի ծրագրված բանակցություններն անակնկալորեն առկախվեցին ՚՚Դուբայ Փորթս՚՚-ի հայտարարությունից հետո։

Արաբական Միացյալ Էմերիրությունները ժխտել է, թե որեւէ լարվածություն է առկա երկու երկրների միջեւ, իսկ Միացյալ Նահանգների առեւտրի բանգավառի պաշտոնատարները հայտնել են, թե երկու կողմերին պարզապես անհրաժեշտ է հավելյալ ժամանակ, նախապատրաստվելու համար։

XS
SM
MD
LG