Մատչելի հղումներ

Հայաստանում դեռեւս առկա են մարդու իրավունքների լուրջ խախտումներ


Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության կողմից հրապարակված մարդու իրավունքների շուրջ ամենամյա զեկույցում այլ խնդիրների թվում նշվում է նաեւ ցեղասպանության, բռնատիրության, մարդկանց մարմնական տանջանքների ենթարկելու եւ նրանց վրա ամեն կարգի ճնշումներ գործադրվելու մասին։

Զեկույցը նեկայացվելուց առաջ ելույթ ունեցավ արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը, ով նշեց, թե որեւէ երկրի կողմից իր քաղաքացիների հետ վարվելու ձեւից կարելի է եզրակացնել, թե տվյալ երկիրն ինչպես կվարվի իր հարեւանների հետ.

՚՚Հույս ունենք, որ զեկույցն աշխարհի երկրների կառավարություններին, կազմակերպություններին, լրատվական միջոցներին եւ հասարակությանը կքաջալերի լուծել մարդու իրավունքների խնդիրները։ Մենք նաեւ հույս ունենք, որ զեկույցը տեղեկության եւ ներշնչանքի աղբյուր կլինի աշխարհի ազնիվ մարդկանց համար, ովքեր աշխատում են ժողովրդավարական խաղաղ փոխփոխություններ կատարելու նպատակով՚՚։

Զեկույցում Մարդու իրավունքների ամենամեծ թվով խախտումներն ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց վրա գործադրվող ճնշումներն են։ Նրանց թվում են տիբեթցիներն ու մահմեդականները Չինաստանում, քրդերը՝ Սիրիայում, արաբները՝ Իսրայելում, եւ կովկասցիները՝ Ռուսաստանում։ Զեկույցում նշված խախտումներից մի քանիսը տեղի են ունենում աշխարհի բազմաթիվ երկրներում։

Օրինակ, կանանց ապօրինի փոխադրումներն ու առուծախը, որը բազմաթիվ այլ երկրների թվում վերաբերում է Թուրքիային, Սոմալիին, Ռուսաստանին, Ուկրաինային, Իսրայելին, Ավստրալիային եւ նունիսկ եւրոպական երկրներին՝ ինչպես օրինակ, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան են։ Մարդու իրավունքների հարցերով արտգործնախարարի օգնական Բարրի Լովենկրոնն ասել է, թե տեղեկատվությանը մատչելիությունն ու ազատորեն գործելու ոչ-կառավարական կազմակերպությունների կարողությունը նույնպես արժանացել են քննադատության.

՚՚Կարծում եմ ինտերնետի խնդիրը մի հարց է, որի մասին ավելի շատ կնշվի։ Ոչ-կառավարական կազմակերպությունների հարցը, ինչպես ներկայումս համոզվում ենք, կբարձրացվի աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ոչ-կառավարական կազմակերպությունների խնդիրը հատուկ չէ միայն Ռուսաստանին, դրան կարող ենք ականատես լինել նաեւ Միջին Ասիայում, Կովկասում, Չինաստանում։ Այսպիսով, այն տարածվում է՚՚։

Լովենկրոնի կարծիքով Սիրիան եւ Իրանը մարդու իրավունքներն ամենակոպիտ կերպով ոտնահարող երկրներն են Մերձավոր Արեւելքում։ Դրանց թվում են մարդկանց մարմնական տանջանքների ենթարկելն ու կամայական կերպով մահապատժի ենթարկելը։ Կուբան եւ Վենեսուելան համարվում են մարդու իրավունքներն ամենակոպիտ կերպով ոտնահարող երկրներ Լատինական Ամերիկայում։

Միացյալ Նահանգների արտգործնախարարության համաձայն, Աֆրիկայում Սուդանի Ջանջավիդ աշխարհազորայինները կրում են Դարֆուրի շրջանում ցեղասպանության պատասխանատվությունը։ Զեկույցում ասվում է, որ բազմաթիվ երկրներ իրենց քաղաքացիներին մերժում են կառավարությունը փոխելու իրավունքը։

Դրան հակառակ, զեկույցում դրվատվում է Ուկրաինայի Նարնջագույն Հեղափոխությունը, որը նշվում է որպես դրական օրինակ։ Զեկույցի համաձայն, Ուկրաինայում ավելացել է ոստիկանների պատասխանատվությունն ու երկրում թույլատրվում է մամլո ավելի մեծ ազատություն։

Միացյալ Նահանգներն ընդգրկված չէ զեկույցում նշված 196 երկրների ցանկում, չնայած երկրի պաշտոնատարներն ասում են, թե ամերիկյան կառավարության գործունեությունը բանավեճի օրինական նյութ է։ Թոմ Մալինովսկին, ով մարդու իրավունքները հսկող ոչ-կառավարական խմբերից մեկի աշխատակիցներից է, ասում է թե մարդու իրավունքների վրա Ամերիկայի բարոյական ազդեցությունը նվազել է.

՚՚Այն նվազել է մասամբ այն պատճառով, որ երկրի նախագահի կողմից ժողովրդավարությունն առաջ մղելու ռազմավարությունը, մարդկանց կարծիքով, չափազանց սերտորեն առնչված է Իրաքի հետ, եւ մասամբ էլ այն պատճառով, որ Միացյալ Նահանգները միշտ չէ որ լավագույն օրինակ է հանդիսանում իր գործողություններում՚՚։

Այդ ակնարկը վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից կասկածյալ թշնամի մարտիկների հետ վարվելուն։ Սակայն պարոն Մալինովսկին ասում է, թե Միացյալ Նահանգներն ունի անկախ լրատվական միջոցներ, դատարաններ, օրենսդիր մարմիններ եւ ոչ-կառավարական կազմակերպություններ, ինչպես օրինակ, իր կազմակերպությունն է, որոնք աշխատում են լուծել որեւէ խնդիր։

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը հայտնել է, թե այլ երկրներ կօգտվեն այդպիսի հաստատություններից։ Չնայած զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում ասվում է, թե որոշ բնագավառներում առկա են որոշակի բարեփոխումներ, մարդու իրավունքների խնդրում Հայաստանի կառավարության վարքագրությունը հիմնականում դեռեւս վատ է, եւ մնում են հետեւյալ լուրջ խնդիրները.

.Կառավարությունը փոխելու Հայաստանի քաղաքացիների իրավունքը սահմանափակ է · Բանակում նորակոչիկներին ստորացնելու հետեւանքով առկա են մահացություններ.

· Իրենց դատին սպասող բանտարկյալները ծեծի են ենթարկվում

· Անպատժելիություն՝ ոստիկանական ուժերի շրջանում

· Կամայական ձերբակալություններ եւ բանտարկություններ

· Բանտերում պայմաններն անառողջ են

· Քաղաքացիների սահմանափակ գաղտնիության իրավունք

· Մամլո ազատությունը սահմանափակ է

· Լրագրողները զբաղվում են ինքնաքննադատությամբ

· Առկա են կրոնական ազատությունների արգելքներ

· Կանանց նկատմամբ կիրառվում են բռնարարքներ

· Առկա է մարդկանց ապօրինի փոխադրում եւ առուծախ

· Հաշմանդամների նկատմամբ առկա է խտրականություն

· Հասարակությունը հալածում է միասեռականներին

· Առկա են մարդկանց հարկադիր աշխատանքի դեպքեր

Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության այս զեկույցը վերաբերում է Հայաստանում մարդու իրավունքների 2005 թվականի կացությանը։

XS
SM
MD
LG