Մատչելի հղումներ

Վառելանյութերի այլընտրանքային միջոցներն անհրաժեշտ են


Մինչ աշխարհում նավթի պաշարները հարաճունորեն վտանգի մեջ են ահաբեկիչների եւ այլ խոչընդոտների պատճառով, աշխարհի տարբեր երկրներ ջանում են հնարավորինս շտապ ստեղծել ավտոմեքենաների վառելանյութի այլընտրանքային միջոցներ։

Ներկայումս, երբ Միացյալ Նահանգների նավթազտարանների մշակած նավթի վաթսուն տոկոսը ստացվում է այլ երկրներից, նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե նավթին, գազին ու քարածխին փոխարինող վառելանյութի այլընտրանքային միջոցներ ստեղծելը տնտեսական եւ ազգային անվտանգության խնդիր է։

՚՚Մենք լուրջ խնդիր ունենք։ Ամերիկան մշտապես նավթ է օգտագործում։ Մենք այժմ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք խնդիրը լուծելու համար՚։

Վառելանյութերի առնչությամբ իր նախաձեռնությունն առաջ մղելու նպատակով պարոն Բուշը շրջագայեց էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենաների մարտկոցներ արտադրող գործարաններից մեկում եւ Կոլորադոյի նահանգում գտնվող ՚՚Վերստին օգտագործվող վառելանյութերի ազգային փորձակայան՚-ում, որն աշխատում է այլընտրանքային վառելանյութերի աղբյուրներ ստեղծելու խնդրի վրա, ինչպես օրինակ, ջրածինն է. նախատեսվում է ապագայի ավտոմեքենաները լցարկել ջրածնով.

՚՚Ավտոմեքենաներ վարելու մեր միջոցը փոխելու դեպքում կկարողանանք փոխել նավթից մեր կախվածությունը։ Նկատի ունեմ, որ վառելանյութերի արտադրության հետ կապված ամբողջ խնդիրը կտրուկ կփոխվի՚՚։

Օտարերկրյա նավթից Ամերիկայի կախվածությունը նվազեցնելու պարոն Բուշի ծրագիրն ընդգրկում է հարաճուն ներդրում այլընտրանքային վառելանյութերի ստեղծման գործում, ինչպես օրինակ, էթանոլն է, որը ստացվում է եգիպտացորենից, ինչպես նաեւ ներդրումներ են կատարվելու ավտոմեքենաների մարտկոցներ պատրաստելու գործում, որոնցով աշխատում են բենզինով եւ էկտրականությամբ աշխատող հիբրիդ ավտոմեքենաները։

Սակայն Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության նախագահ Ֆիլիպ Քլապն ասում է, թե պարոն Բուշի ծրագիրը չափազանց փոքր է եւ ուշացած։ Նա ասում է, թե 1973 թվականին արաբական երկրների հարկադրած նավթի սահմանափակումից ի վեր, որը գրեթե անդամալուծեց Ամերիկայի տրանսպորտային ցանցը, երբեմնի նախագահ Նիքսոնի վարչակազմերից սկսած բոլոր վարչակազմերը խոստացել են անիրատեսական լուծումներ, օտարերկրյա նավթից երկրի կախվածությանը վերջ դնելու համար։

՚՚Նավթի սահմանափակմանը հետեւած առաջին ցնցմանը որպես պատասխան, նախագահ Նիքսոնը սկսեց ՚՚Անկախության ծրագիրը՚՚ եւ խոստացավ, որ այն Միացյալ Նահանգներն օտարերկրյա նաթվի ներմուծումներից կանկախացնի մինչեւ 1980 թվականը։ Նախագահ Նիքսոնի հայտարարությունից երեսուն տարի անց, եթե հետեւողական լինեինք, ապա թերեւս կարող էինք նավթի մեր ներմուծումները կրճատել 30, 40 տոկոսով եւ վառելանյութերի մեծ մասն արտադրել երկրում՚՚։

Նավթի հարցերով ամերիկյան ինստիտուտի գլխավոր տնտեսագետ Ջոն Ֆելմին զարգացնում է պարոն Քլափի արտահայտած միտքը.

՚՚Վառելանյութերի մեր անկախությունը բարելավել չկարողանալու պատճառը դրա առնչությամբ մեր վատ քաղաքականությունն էր։ Մենք գնացինք սխալ ճանապարհով։ Օտարերկրյա վառելանյութերից մեր ներկայիս կախվածության աստիճանն այս սխալ քաղաքականության հետեւանքն է՚՚։

Ամեն դեպքում, շրջակա միջավայրի պաշտպանության գործիչներն ու նավթի եւ գազի արդյունաբերության ղեկավարները համաձայն են, որ թերեւս տասնամյակներ կտեւի երկրի ենթակառույցը փոխելը, ավտոմեքենաների վառելանյութերի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու նպատակով։ Այս խնդրում համբերության անհրաժեշտությունը շեշտվեց ազգային փորձակայան պարոն Բուշի այցելության ժամանակ.

՚՚Մեր երկրի տրանսպորտի միջոցները չեն փոխվի մեկ գիշերում։ Դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Երբ նոր տեխնոլոգիան պատրաստ կլինի գնելու համար, ինչպես օրինակ, հիբրիդ ավտոմեքենաներն ու այլընտրանքային վառելանյութերով աշխատողներն են, ժամանակ կպահանջվի երկրի 220 միլիոն ավտոմեքենաները ժամանակակից ավտոմեքենաներով փոխելու համար՚՚։

Սակայն սննդի աղբյուրներից, ինչպես օրինակ, եգիպտացորենն է, իսկ Բրազիլիայի պարագային շաքարն է, ավտոմեքենաների վառելանյութ պատրաստելը կարող է հարուցել նույնիսկ ավելի մեծ խնդիր։ Ֆիլիպ Քլափն ասում է, թե անհրաժեշտ է ընտրություն կատարել այս հարցում.

՚՚Փաստորեն հարց է ծագելու, թե դրա որքա՞ն մասն է հատկացվելու ավտոմեքենաներին, որքա՞ն մասը վառելանյութերի՝ եւ որքա՞ն մասը սննդի արտադրությանը՚՚։

Նավթի հարցերով ամերիկյան ինստիտիտի գլխավոր տնտեսագետ պարոն Ֆելմին ասում է, թե աշխարհի երկրներն արդե՛ն իսկ ականատես են էթանոլի հարաճուն օգտագործմանը.

՚՚Գիտեք, կասկած լինել չի կարող, որ էթանոլի օգտագործումը կտրուկ ավելացնելու դեպքում այն կարող է նշանակալի ազդեցություն ունենալ պարենի շուկայի վրա եւ փաստորեն մենք արդեն ականատես ենք դրան։ Օրինակ, մենք ականատես ենք շաքարի գնի ավելանալուն, որն էթանոլի պահանջարկի հետեւանք է՚՚։

Փորձագետներն ասում են, որ քսանմեկերորդ դարի ամենակարեւոր խնդիրներից մեկը վառելանյութերի առնչությամբ աշխարհի երկրների հարաճուն պահանջարկը լուծելն է։

XS
SM
MD
LG