Իրանի վիճահարույց միջուկային ծրագիրը սաստկացող միջազգային ճգնաժամի կենտրոնում է, եւ որոշ թվով անձինք ասում են, թե այն ավելի է սրվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի արտահայտությունների ու գործողությունների հետեւանքով։
Թվում է, թե 1980-ական թվականներին Իրանի ու Իրաքի միջեւ երկարատեւ եւ արյունալի պատերազմն է նշանակալիորեն ազդել անցյալ տարի Իրանի նախագահ ընտրված պարոն Ահմադինեջադի՝ հեղափոխության նախկին պահապանի վրա։
Նախագահական իր ընտրարշավի ժամանակ պարոն Ահմադինեջադը վկայակոչել է այդ հակամարտության ժամանակ զոհված անձանց զոհողությունները եւ կարոտով է արտահայտվել պատերազմի ժամանակ ու երկրի Իսլամական հեղափոխության վաղ տարիներին երկրում տիրած կրոնական եռանդի առնչությամբ։
Մերձավոր արեւելքի քաղաքականության ինստիտուտի աշխատակից Պատրիկ Քլովսոնի համաձայն, նախագահ ընտրվելուց ի վեր, պարոն Ահմադինեջադը շեշտել է հայրենասիրության անհրաժեշտությունը՝ իր կառավարության համար աջակցություն ապահովելու նպատակով.
՚՚Ահմադինեջադը չափազանց խելացի է որպես քաղաքագետ գիտակցելով, որ շարքային իրանցիների շրջանում եռանդն արթնացնելու միջոցը նրանց հայրենասիրության զգացումների հպարտությանը դիմելն է, որ շարքային իրանցիներին շահագրգռելու նպատակով հնարավոր չէ ապավինել Իսլամին կամ Իսլամական Հեղափոխությանը։ Նա գիտակցում է, որ հայրենասիրության զգացումը կգործի հրաշալիորեն՚՚։
Վերջին շաբաթներին նա գլխավորել է դանիացի ծաղրանկարչի կողմից Մուհամեդ մարգարեին պատկերելու դեմ բողոքի հավաքներ։ Նա նաեւ արել է Իսրայելի կործանման կոչեր, միաժամանակ կապեր հաստատելով ՚՚Համաս՚՚ կազմակերպության հետ, մինչ այն փորձում է կազմել Պաղեստինյան նոր կառավարություն։
Սակայն, ինչպես թվում է, ամենաջերմ հայրենասերի համարումը պարոն Ահմադինեջադը ձեռք է բերել Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի հետեւանքով։ Իրանը հայտնել է, թե իր ծրագիրը տնտեսական նպատակներ է հետապնդում, եւ պնդել է ուրանի հարստացման գործընթացն ամբողջովին վերահսկելու իր իրավունքը։
Սակայն, Միացալ Նահանգներն ու արեւմտյան այլ երկրներ մտահոգ են, որ Թեհրանը ցանկանում է ուրանի հարստացումն օգտագործել միջուկային զենքեր ստանալու համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն այս շաբաթ հրապարակել է մի զեկույց, ուր ասվում է որ չի կարող որոշել, թե Իրանն արդյո՞ք փորձում է ստեղծել միջուկային զենքեր, քանի որ այդ երկիրը դեռեւս ամբողջովին չի համագործակցում իր հետաքննության հետ։
Արտաքին գործոց նախարարության խոսնակ Ադամ Էրելին ասում է, որ գործակալության զեկույցը ցույց է տալիս, թե Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ ինչու են մտահոգ.
՚՚Եւրոպացիներին ու այլոց արված հանձնառությանը եւ պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին հակառակ, Իրանն իր տարածքում ներգրավված է ուրանի հարստացման գործունեությունում, որը ճիշտն ասած, լուրջ մտահոգություն է բոլորիս համար եւ այդ է պատճառը որ Իրանն այժմ հայտնվել է դժվարին կացության մեջ՚՚։
Սակայն Թեհրանի փողոցներում առկա էր որոշ աջակցություն պարոնի Ահմադինեջադին։ Փետրվարի սկզբներին տարածված լուրին, որ ՄԱԳԱՏԷ-ն որոշել է Իրանի հարցը հանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հնարավոր պատժամիջոցների նպատակով, որոշ թվով իրանցիներ արձագանքեցին արհամարհանքով։ Մի ուսանող հետեւյալն ասաց.
՚՚Կարծում եմ, Իրանն անկախ է, եւ հեղափոխությունից քսան տարի անց փաստ է, որ կարող ենք ինքներս բավարարել մեր տնտեսական կարիքները, ուստի եւ ոչ մի վատ բան չկա դրանում՚՚։
Վերլուծաբան Քլովսոնն ասում է, թե իրանցիների ղեկավարի մարտավարությունը թերեւս կարող է արդարացնել իրեն.
՚՚Եթե Իրանը կարողանա շարունակել իր միջուկային ծրագիրը, ու եթե չդիմակայի աշխարհի այլ երկրների լուրջ դիմադրությունը, ապա Ահմադինեջադի չափազանց եռանդուն քաղաքականությունը կհամարվի հաջող՚՚։
Ավստրալիայի նախկին արտգործնախարար Գարեթ Էվանսը նոր ռազմավարության կոչ անող անձանց թվում է։ Նա ասում է, թե Վաշինգտոնը պետք է անվտանգության երաշխիքներ տա եւ այլ կարգի խթանիչներ ընձեռի Իրանին, միջուկային նրա հաստատությունների մանրակրկիտ ստուգումների եւ այլ զիջումների դիմաց։ Նա նախազգուշացնում է, որ այդ ամբողջը ձախողվելու դեպքում կարող է պատերազմ ծագել.
՚՚Մնացած այլընտրանքը ռազմական գործողությունն է, այն կարգի կանխարգելիչ գործողություն, որը 2003 թվականին հասցրեց Իրաքյան պատերազմին՚՚։
Միաժամանակ, Իրանի պատվիրակություններից մեկն այս շաբաթ ժամանել է Մոսկվա բանակցությունների համար, երբ Ռուսաստանը Իրանից զիջում կորզելու մի վերջին փորձ կատարեց ուրանի հարստացման խնդրի առնչությամբ։ Հաջորդ քայլը կարող է կատարվել, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ գումարի Իրանի հարցը քննարկելու նպատակով։