Մատչելի հղումներ

Որո՞նք են  ամերիկյան անվտանգությանը սպառնացող վտանգները


Որքանո՞վ է Միացյալ Նահանգները ապահով։ Ի՞նչն է սպառնում ամերիկացիներին, նրանց դաշնակիցներին եւ նրանց շահերին։ Անվտանգությանն առնչվող նմանատիպ հարցեր են քննարկվել Կոնգրեսում, սենատի զինյալ ծառայությունների հանձնախմբի ունկնդրության ժամանակ, ուր վկայություններով հանդես է եկել նաեւ ԱՄՆ-ի հետախուզության ծառայության տնօրեն Ջոն Նեգրոպոնտեն։

Սենատի ռազմական ծառայությունների հանձնաժողովի անդամներին նա ասաց, թե ԱՄՆ-ին սպառնում են թշնամական պետությունները, զենքերի տարածման ցանցը, խարիզմա ունեցող անհատ անձինք եւ միկրոսկոպիկ գրիպը։ Նրա խոսքերով, Հայրենիքի անվտանգության ամենամեծ սպառնալիքը շարունակում է մնալ ահաբեկչությունը, եւ Ալ Քայիդան կարող է ընդդեմ ԱՄՆ-ի իրականացնել լայնածավալ մի նոր հարձակում։ Նա ասաց.

՛՛Չնայած ամենահավանականն այն է, որ հարձակումներն իրականացվեն սովորական տիպի պայթուցիկներով, Ալ Քայիդան ձգտում է ձեռք բերել քիմիական, կենսաբանական եւ միջուկային նյութեր կամ նման զենքեր՝՝։

Հետախուզության ծառայության տնօրեն Ջոն Նեգրոպոնտեն ավելացրեց, թե մյուս ամենամեծ վտանգը զենքերի եւ դրանց փոխադրումների համակարգի զարգացումն է։ Մերձավոր Արեւելքում Իրանն ունի հրթիռային ամենամեծ կարողությունները եւ այժմ փորձում է արտադրել միջուկային զենք։ Իսկ Կորեայի այն հայտարարությունը, թե արդեն իսկ ունի նման զենք, գուցե իրականություն է, ասաց նա։ Հանձնաժողովի հարց ու պատասխանի նիստի ժամանակ ընդդիմադիր դեմոկրատ սենատոր Հիլըրի Քլինթընը քննադատեց ԱՄՆ-ի բազմակողմ բանակցություններով մոտեցումը համոզելու համար Պխենյանին, որ հրաժարվի նման զենքերից։ Նա ասաց.

՝՝Ինձ համար, ու կարծում եմ նաեւ ՝ մյուսների համար, ցավալի է, որ Հյուսիսային Կորեայի հետ վեց երկրների մասնակցությամբ բանակցություններում մենք մեր դիրքերը զիջեցինք Չինաստանին։ Չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում էր՝՝։

Նույն օրը հանդես եկավ նաեւ ԱՄՆ-ի բանակի հետախուզության գործակալության ղեկավար, գեներալ լեյտենանտ Մայքըլ Մեյփըլզը՝ նախազգուշացնելով, որ շատ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, ցանկանում են արդիականացնել բալիստիկ հրթիռների իրենց կարողությունները։ Նա ասաց.

՝՝Չինաստանը շարունակում է բալիստիկ հրթիռների բոլոր տեսակների արդիականացման գործընթացը, մեծացնում դրանց դիմացկունությունը, հակաբալիստիկ հրթիռների պաշտպանության համակարգերը հաղթահարելու կարողությունները՝։

Ինչ վերաբերում է արեւմտյան կիսագնդին, Ջոն Նեգրոփոնտեն ասաց, թե ժողովրդավարական հաստատությունների աստիճանական ամրապնդումն Լատինական Ամերիկայում դրական երեւույթ է։ Նրա խոսքերով, սակայն, Վենեսուելայի ղեկավար Հյուգո Չավեսը Լատինական Ամերիկայում ժողովրդականություն վայելող արմատական այն դեմքերից է, ովքեր չունեն հարգանք ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ եւ հաճախ են հանդես գալիս հակաամերիկյան ելույթներով։

Ռազմական ծառայությունների հանձնաժողովը ազգային անվտանգության շուրջ ունկնդրությունները շարունակել է փակ դռների հետեւում։

XS
SM
MD
LG