Մատչելի հղումներ

Մտահոգություններ ամերիկյան  նավահանգիստների վերահսկողության առնչությամբ


Նախագահ Բուշի վարչակազմը ողջունել է Դուբայի ընկերության առաջարկը՝ ամերիկյան նավահանգիստների ղեկավարման ծրագիրը 45-օրյա վերանայման ենթարկելու մասին ։ Պրն Բուշն ասել է, թե վերանայման գործընթացը կփարատի Դուբայի ընկերության մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի ունեցած մտահոգությունները։

ԱՄՆ-ի նախագահ Բուշի վարչակազմը սենատորներին երկուշաբթի օրը հավաստիացրել է, որ երկրի ազգային անվտանգությունը չի վնասվի, եթե Արաբական Միացյալ Էմիրությունների ՝՝Դուբայ Փորթս Ուըրլդ՝՝ առեւտրային ընկերությունը ստանձնի ամերիկյան 6 նավահանգիստների ղեկավարությունը։ Ջեյ Ահիրնը ԱՄՆ-ի Հայրենիքի անվտանգության նախարարության մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության աշխաատակից է։ Նա ասում է.

՝՝Մեր նավահանգիստների անվտանգությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ի կառավարության՝ Հայրենիքի անվտանգության նախարարության, ծովային ու ցամաքային հսկողության եւ մաքսային ծառայությունների պատասխանատվության շրջանակներում։ Կարեւոր է ու առաջնային, թե նավահանգիստներում մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար ինչ քայլերի ենք դիմում՝՝։

Սակայն սենատոր Օլիմպիա Սնոուն Կոնգրեսի ունկնդրություններում ներկայացրեց ծովային սահմանապահ ծառայությունից ստացված մի հաշվետվություն։ Այն Բուշի վարչակազմին նախազգուշացնում է, որ չի հաջողվել պարզել, թե արդյոք այդ ընկերությունը չի աջակցում ահաբեկչական գործողությունները։

Ծովային սահմանապահ ծառայությունը հայտարարում է, թե կոնտեքստից հանված են ծառայության մտավախությունը ներկայացնող կետերը։ Բուշի վարչակազմը դրանց իր պատասխաններն է տվել մինչեւ գործարքի հաստատումը։

Երկրի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ նախագահ Բուշը չի ներկայացրել խնդրո առարկա հարցի շուրջ տարաձայնությունները, հայտարարելով միայն, թե սահմանների անվտանգության համար պահանջվում է աշխարհում ժողովրդավարության գործուն աջակցություն։ Նա ասում է.

՛՛Կուզենայի ունենալ ահաբեկչության դեմ պատերազմն ավարտված հայտարարելու հնարավորություն։ Սակայն թշնամին դեռեւս թաքնված է, ինչը հայրենիքի անվտանգությունը ապահովելու համար պահանջում է պաշտպանության համապարփակ ռազմավարություն՝՝։

Իսկ հայրենիքը դեռեւս մնում է ահաբեկչական հարձակումների վտանգը մեծ համարող դեղին ազդանշանի ներքո։

XS
SM
MD
LG