Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների ներգաղթի օրենքները


Որոշ թվով իրավաբաններ եւ կրթության բնագավառի աշխատողներ կոչ են անում փոփոխություններ կատարել Միացյալ Նահանգների ներգաղթի օրենքում, ում կարծիքով ներկայիս օրենքները չափազանց խիստ են ու աշխարհի երկրների տաղանդավոր մարդկանց ապաքաջալերում են գալու Միացյալ Նահանգներ, ուսանելու եւ աշխատելու։

Միացյալ Նահանգները կառուցվել է ներգաղթողների կողմից եւ գոյատեւում է նրանց շնորհիվ։ Սակայն որոշ թվով փորձագետներ մտահոգ են, որ սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումներից հետո ներգաղթի հարաճունորեն խիստ օրենքները սահմանափակում են մեծ հմտություններ ունեցող մարդկանց մուտքն այս երկիր։

Ամերիկյան իրավաբանների ընկերակցության նախագահ Մայքլ Գրեքոն, ով նույնպես ներգաղթող է, ասում է թե ներկայիս համակարգը չի բավարարում երկրի կարիքները, եւ պետք է փոխվի.

՚՚Ներգաղթի շուրջ մեր օրենքներն ու վերաբերմունքը միշտ եղել են գրեթե մտագարության աստիճանի։ Մենք երբեմն մեր երկրի դռները բաց ենք պահել եւ չենք սահմանափակել ներգաղթը. այլ ժամանակներում ջանացել ենք ստեղծել պատնեշներ, իրական եւ ֆիզիկական։ Ներկայումս մեր օրենքներն արտացոլում են այդ խառնաշփոթությունը՚՚։

Անցյալ տարի մոտավորապես կես միլիոն միջազգային ուսանողներ են եկել Միացյալ Նահանգներ։ Սակայն ներգաղթի հարցերի շուրջ վերջերս մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած քննարկումներից մեկի մասնակիցներն ասել են, թե տաղանդավոր այլ ուսանողների մերժել են շնորհել Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագիր, չափազանց խիստ քաղաքականության հետեւանքով։

Գիտական բարձրագույն կոչումներ շնորհող ԲՈՒՀ-երի խորհրդի անդամ Դեբրա Սթյուարթն ասում է, թե Միացյալ Նահանգների ԲՈՒՀ-երում դոկտորական եւ մագիստրոսի կոչումներ ստանալու նպատակով ուսանելու օտարերկյա ուսանողների դիմումները սեպտեմբերի տասնմեկի դեպքերից ի վեր նշանակալիորեն նվազել են, որը վտանգում է Միացյալ Նահանգների մրցունակությունը.

՚՚Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարներն ու ԲՈՒՀ-երն այժմ դիմակայում են փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկրի համալսարանների ունեցած մրցակցական առավելությունը, երբ աշխարհի տարբեր երկրներից հրապուրում էին ամենատաղանդավոր ուսանողների, այլեւս զուտ Ամերիկայի մենաշնորհը չէ՚՚։

Փորձատետները դիմորդների ընդհանուր թվի նվազելը վերագրում են մի քանի գործոնների, որոնց թվում են Միացյալ Նահանգներում ուսման ծասխերի ավելացումը, անգլիախոս այլ երկրների կողմից ուսանողների հրապուրելը եւ օտար երկրներում տարածված այն ընկալումը, որ միջազգային ուսանողների համար ավելի դժվար է Միացյալ Նահանգներ գալը։

Բիլ Վաֆը Ճարտարագիտության ազգային ակադեմիայի նախագահն է։ Նա ասում է, թե ներգաղթողներն անցյալ դարում ամենակարեւոր ներդրումներից մի քանիսն արել են Միացյալ Նահանգների գիտության եւ ճարտարագիտության բնագավառներում.

՚՚1990 եւ 2004 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում, Նոբելյան մրցանակի արժանացած ամերիկացիների մեկ երրորդն օտար երկրներում ծնված անձինք են։ Պարզ է, որ մենք լավագույն գիտնականներին էինք բերում աշխարհի տարբեր երկրներից, եւ բարգավաճում էինք դրա՛ շնորհիվ։ Այս նոր ամերիկացիները մեզ նույնիսկ ավելի շատ են անհրաժեշտ այժմ, քանի որ այլ երկրներ դառնում են տեխնոլոգիապես ավելի ունակ, որի պատճառը նրանց կողմից ամերիկյան չափանմուշը նմանակելն է բարգավաճման նպատակով ՚՚։

Ներգաղթի օրենքները նաեւ խոչընդոտում են ամերիկյան ընկերություններին, որոնք փորձում են Միացյալ Նահանգներ բերել հատուկ հմտություններով օտարերկրյա աշխատողների։ Փաստաբար Դարիլ Բաֆենսթայնն ասում է, թե բարձրակարգ հմտություններ ունեցող օտարերկրյա աշխատողի համար Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագիր ստանալը տեւում է բազմաթիվ ամիսներ, երբեմն տարիներ։

Նա ասում է, թե ամերիկացիները տուժում են, երբ հարկադրված են աշխատատեղեր ուղարկել օտար երկրներ, քանի որ չեն կարողանում համապատասխան մասնագետներ բերել երկիր.

՚՚Եթե չենք կարողանում տեխնոլոգիան բերել այստեղ, ուր արտադրությունն է, ապա հարկադրված ենք արտադրությունը տանել այնտեղ՝ ուր տեխնոլոգիան է՚՚։

Քննարկման մասնակիցները փաստարկում են, որ իրական անվտանգությունն ու բարգավաճումը գալիս են վտանգավոր անձանց հեռու պահելն ու մեզ օգտակար անձանց Միացյալ Նահանգներ բերելը հավասարակշռելուց։ Միացյալ Նահանգների ներգաղթի քաղաքականությունը փոխելով, ասում են նրանք, Ամերիկան կարող է հասնել երկու նպատակին էլ։

XS
SM
MD
LG