Մատչելի հղումներ

Վիճահարույց որոշում՝ Միացյալ Նահանգների վեց նավահանգիստների անվտանգության առնչությամբ


Նախագահ Բուշի վարչակազմը որոշում է կայացրել, որով արաբական ընկերություններից մեկին թույլատրում է կառավարել Միացյալ Նահանգների վեց կարեւոր նավահանգիստներ. քննադատները հայտնում են, թե դա կվտանգի երկրի անվտանգությունը, իսկ որոշման աջակիցների կարծիքով այն ամենեւին էլ վտանգ չի ներկայացնում երկրին։

Նավահանգիստները Միացյալ Նահանգների առեւտրի գլխավոր միջոցներն են, եւ դրանցով ամեն տարի անցնում է երկու միլիարդ տոննա բեռ։ Անվտանգության բնագավառի բազմաթիվ փորձագետներ նախազգուշացնում են, որ դրանք նաեւ ահաբեկչության դեմ պայքարի թույլ օղակն են, քանի որ անվտանգության աշխատողների կողմից ստուգվում է բեռների ընդամենը հինգից-յոթ տոկոսը.

՚՚Անշուշտ, նավահանգիստներն իրական խոցելի կետերից մեկն են։ Այստեղ այնքան քիչ թվով բեռ է ստուգվում, որ նավահանգստով ինչ.որ բան անցկացնելու հավանականությունը չափազանց մեծ է՚՚։

Նյու Յորք քաղաքի արտակարգ իրադրությունների կառավարման նախկին ղեկավար Ջերի Հաուերն ու տեղի այլ պաշտոնատարներ այն կարծիքին են, որ երկրի կառավարությունը բավարար աշխատանք չի կատարում նավահանգստի անվտանգությունը բարձրացնելու համար։

Եւ այժմ, Միացյալ Նահանգների վեց խոշոր նավահանգիստների ստուգումներն Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերություններից մեկին հանձնելու նախագահ Բուշի վարչակազմի որոշումը խիստ վրդովել է քաղաքական զույգ կուսակցությունների անդամներին։

Ներկայացուցիչների պալատում Ներքին գործոց նախարարության հարցերով հանձնախմբի նախագահ, հանրապետական Փիթր Քինգը գործարքը քննադատող անձանցից մեկն է, ով նշել է, որ սեպտեմբերի տասնմեկի ահաբեկիչներից երկուսը Արաբական Միացյալ Էմիրություններից էին.

՚՚Ես պարզապես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգների նավահանգիստները պետք է գործեն որեւէ օտար կառավարության միջոցով։ Հատկապես վատ են այդ երկրի գործունեության տվյալները՚՚։

Ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության անդամ սենատոր Չարլզ Շումերն ասաց, թե գործարքը ոչ միայն սխալ՝ այլեւ վտանգավոր է.

՚՚Մեր խոշորագույն նավահանգիստների աշխատանքը մի երկրի արտոնելը, որը երկար ժամանակ ընդգրկված է ահաբեկչության մեջ, մեր երկրի անվտանգության համար աղետ է, որը վաղ թե ուշ տեղի կունենա՚՚։

Նախագահ Բուշի վարչակազմը Արաբական Միացյալ Էմիրություններին չի համարում ահաբեկչության մեջ ընդգրկված երկիր, այլ համարում է դաշնակից։ Ներքին գործոց նախարար Մայքլ Չերտոֆն ասում է, թե գործարքն ամբողջովին ստուգված է.

՚՚Ստուգում ենք, որպեսզի աշխատանքն ընդհանրապես երաշխավորվի մեզ բավարարելու համար. գործարքը հարմար է ազգային անվտանգության տեսակետից՚՚։

Ներքին գործոց նախարար Մայքլ Չերտոֆը նշում է, որ պայմանագիրը միայն վերաբերում է նավահանգստի գործունեությանը, իսկ անվտանգությունը վերստին վերահսկվելու է Միացյալ Նահանգների կառավարության կողմից։

Սակայն Հանրապետական կուսակցությունից երկու նահանգապետեր, ում նահանգներն ունեն խոշոր նավահանգիստներ, սպառնում են իրավական գործողություններով։ Իսկ Դեմոկրատական կուսակցությունից երկու սենատորներ եւ Հանրապետականների մեծամասնության ղեկավար Բիլ Ֆրիսթը ծրագրում են ներկայացնել նավահանգիստների աշխատանքի վերահսկումն օտար երկրների հանձնելն արգելող օրինագիծ։

XS
SM
MD
LG