Մատչելի հղումներ

Իրաքի նոր կառավարությունը


Իրաքում Միացյալ Նահանգների դեսպանն այդ երկրի պաշտոնատարներին նախազգուշացրել է, որ համազգային համերաշխ կառավարություն չստեղծելու դեպքում կվտանգեն կորցնել Միացյալ Նահանգների աջակցությունը։

Իրաքում նոր կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները դեռեւս մնում են փակուղում անցած դեկտեմբերին կայացած ընտրություններից ավելի քան երկու ամիս անց։ Իրաքի քաղաքագետներն այս խնդրի պատճառը համարում են երկրի շիա, սուննի արաբների ու քրդական կուսակցությունների միջեւ սուր տարակարծությունները։

Միացյալ Նահանգների դեսպան Զալմեյ Խալիլզադն ասել է, թե Իրաքի քաղաքագետները մինչեւ այդ տարակարծությունները չհաղթահարեն, Միացյալ Նահանգները չի աջակցի տարակարծիք կառավարության.

՚՚Մենք ամերիկյան ժողովրդի միջոցները չենք ներդնի ստեղծելու անվտանգության ուժեր, որոնք ղեկավարվում են հատվածախմբերի բաժանված մարդկանց կողմից, ովքեր այդ իսկ պատճառով չեն արժանանա Իրաքի ժողովրդի վստահությանը եւ չեն կարողանա կատարել իրենց աշխատանքը որի համար մենք ներդնում ենք միջոցներ՚՚։

Պարոն Խալիլզադը իրաքցիներին նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարի գումար է ծախսել Իրաքի անվտանգության ուժերը ստեղծելու համար եւ ասել է, թե սուննի արաբների նշանակալից դերով մի նոր կառավարություն չստեղծելն է՛լ ավելի կբորբոքի սուննիների կողմից առաջնորդվող ապստամբությունը եւ կասկածի կենթարկի 138 հազար հաշվող ամերիկյան զինուժն Իրաքից փուլ-առ փուլ դուրս բերելու ծրագիրը։

Իրաքի վարչապետ Իբրահիմ ալ-Ջաֆարին, ում վերստին նշանակել են նույն պաշտոնին նոր կառավարությունում, դժվարություններ է կրում մի նոր կառավարություն կազմելու գործում, որն ընդունելի կլինի բոլոր խմբերի կողմից։ Սակայն նա ասել է, թե խնդիրներն անհաղթահարելի չեն.

՚՚Նախկին կառավարությունը գոյատեւեց ընդամենը երեք ամիս եւ դիմակայեց մի քանի խոչընդոտ։ Եւ սա գաղտնիք չէ։ Արաբ սուննիները լավ ներկայացված չեն խորհրդարանում։ Սա մեծ խոչընդոտ էր մեզ համար։ Այժմ այդ մեծ խոչընդոտը վերացվել է եւ սուննիներ ներկայումս մասնակցում են ազգային նոր խորհրդարանին՚՚։

Սակայն պարոն ալ-Ջաֆարիին ընդդիմությունն ավելանում է շիաների շրջանում, ովքեր նրա դաշնությունը համարում են չափազանց պահպանողական, կրոնամոլ եւ սերտ՝ Իրանին։ Պարոն ալ-Ջաֆարիին նաեւ ընդդիմանում են սուննիները, ովքեր որոշ թվով շիա քաղաքագետների մեղադրում են սուննիներին թիրախի տակ վերցնող մահվան ջոկատներ ղեկավարելու մեջ։

Որոշ թվով անձինք նաեւ անհանգստանում են, որ պարոն ալ-Ջաֆարին միացել է շիա արմատական հոգեւորականների, ինչպես օրինակ, Մոքթադա ալ-Սադրն է, ով ունի ժողովրդական աշխարհազորայինների խմբեր.

՚՚Ինչպես շարունակ ասել եմ, նախարար պետք է ծառայեն անձինք, ովքեր հատվածախմբերի կողմնակից չեն, ում լայնորեն ընունում են, ովքեր չեն ներկայացնում ժողովրդական աշխարհազորայինների, կամ կապված չեն նրանց հետ։ Սա Իրաքի դիմակայած միակ, ամենակարեւոր խնդիրն է՚՚։

Շիաները, ովքեր կազմում են Իրաքի բնակչության մոտավորապես 60 տոկոսը, դժկամ են քվեարկության միջոցով ձեռք բերած իրենց իշխանության մի մասը զիջել սուննի արաբներին, ովքեր Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք գերիշխում էին Իրաքի քաղաքական կյանքում։ Ծրագրի համաձայն, շիաների գերակշռությամբ երկրի նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա առաջիկա շաբաթ օրը։

XS
SM
MD
LG