Մատչելի հղումներ

Փորձնական վարժություններ՝ անվտանգության  կացությունը ստուգելու նպատակով


Մայրաքաղաք Վաշինգտոնում վերջերս կատարվեցին վարժական երկու փորձեր որոնք ցույց տվեցին, որ երկրի կառավարությունը ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգներն ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար։

Սա թերեւս նման է գնացքի աղետի կամ պայթեցումի, սակայն սա մայրաքաղաք Վաշինգտոնի Մետրոյի համակարգի, ոստիկանության, հրշեջների եւ Հետախուզությունների Ֆեդերալ Բյուրոյի կողմից կատարված վարժական միջոցառում է։ Այն ծրագրված էր նմանակելու պայթեցում եւ գնացքի ու մետրոյի գնացքների ընդհարում, ծխով, կրակով եւ վիրավորներով։

Մետրոյի անվտանգության բաժանմունքի աշխատակից Չաք Նովիկի համաձայն, հրշեջներն ու ոստիկանները գործում էին դժվարին պայմաններում, որը կատարվում էր դիտավորյալ, մարզման նպատակով.

՚՚Այս հրշեջների, ոստիկանների համար ամենադժվարին խնդիրը համատեղ աշխատելն է, եւ մենք չենք ցանկանում որպեսզի այնտեղ գտնվեն երկու, երեք ղեկավար։ Մենք ցանկանում ենք ղեկավարման համատեղ համակարգի մաս կազմող մեկ անձի, որը տեղյակ կլինի իրենց տրամադրության ներքո առկա միջոցների եւ դրանք օգտագործելու մասին՚՚։

Վարժության ժամանակ դերասանները պատկերում էին աղետից տուժած վիրավորների, որոնց բժշկում էին մասնակիցները։ Նրանց դասակարգում էին իրենց ստացած վերքերի ծանրության աստիճանով, իսկ այնուհետեւ դնում էին գունավոր ներքնակների վրա, որոնք համապատախսանում էին վիրավորների կացությանը։

Վարժության մեկ այլ մասում, հոտառութամբ ռումբ հայտնաբերող շները ստուգում էին ավտոմեքենաներն ու գնացքը, պայթուցիկ նյութեր, կասկածելի ճամպրուկներ հայտնաբերելու նպատակով, որոնք պետք է պայթեցվեին։ Ռումբեր հայտնաբերող Մետրոյի ոստիկանության տեխնիկ Էրիկ Քրումին ուղարկել են ճամպրուկը ստուգելու ռենտգենյան ճառագայթմամբ։ Հետո նա թղթակիցներին ցույց տվեց իր հայտնաբերածը.

՚՚Սա թերեւս դինամիտի հետք է՚՚։

Պայուսակը վերջում պայթեցվեց։ Վարժական ուսուցմամբ ստուգվեց մայրաքաղաք Վաշինգտոնի շրջանի հրշեջների ու արտակարգ իրադրությունների աշխատողների արձագանքը եւ դա այդ շրջանի արտակարգ իրադրությունների ժամանակ մարդկանց պատրաստությունը բարձրացնելու ջանքի մաս է կազմում։

Միաժամանակ, համերկրային կառավարությունը վերջերս ավարտեց երկրի համակարգչային համակարգի ապահովությունը ստուգելու մեկ շաբաթ տեւած փորձը։ Վարժությունը հարյուրից ավելի հասարակական, մասնավոր եւ միջազգային գործակալությունների, ընկերությունների եւ կառավարությունների համակարգված ջանք էր։ Ջորջ Ֆորեսմանը ԱՄՆ-ի Ներքին գործոց փոխնախարարն է պատրաստության հարցերով.

՚՚Համակարգչային համակարգի ապահովությունը մեր պատրաստության ջանքի կարեւոր մասերից մեկն է, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիայի համակարգերը կարող են տնտեսության բազմաթիվ ճյուղերը կապել մեր հասարակության հետ, որոնց թվում են տրանսպորտի, ֆինանսների, հեռահաղորդակցությունների, առողջապահության եւ ամենակարեւորը՝ մեր ազգային անվտանգության համակարգը՚՚։

Միացյալ Նահանգների համերկրային կառավարությունը ծախսել է երեք միլիոն դոլար վարժական այդ փորձը ծրագրելու եւ իրագործելու համար։ Մի քանի պաշտոնատարներ հայտնել են, որ հաջորդ մի քանի ամիսներին կքննեն վարժության արդյունքները եւ դրա շուրջ իրենց զեկույցը կհրապարակեն այս տարվա ամռանը։

XS
SM
MD
LG