Մատչելի հղումներ

Իրաքի վերակառուցումը


Իրաքի ապստամբ ուժերը, նավթարդյունաբերության եւ այլ համակարգեր ոչնչացնելով, մեծ վնաս են հասցնում այստեղ վերակառուցման ջանքերին։ ԱՄՆ-ի շատ պաշտոնյաներ Կոնգրեսի պատասխանատվության գրասենյակի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Ջոզեֆ Քրիսթոֆի նման, գտնում են, որ խնդիրը մայն անվտանգության պակասը չէ։ Նա ասում է.

՝՝Խնդիրներ են հարուցում նաեւ պատասխանատվության եւ պատկանելության հարցերով ամերիկյան գործակալությունների, տարբեր ընկերությունների եւ Իրաքի իշխանությունների միջեւ տարաձայնությունները, դրամի սղաճը, տեղանքում չկանխատեսված պայմանները՝՝։

Այստեղ տարբեր հարձակումների պատճառով, վերակառուցման համար նախատեսած 18 միլիարդ դոլարի մեկ երրորդը ԱՄՆ-ը փոխանցել է անվտանգության ծրագրերին։ Դա ստիպել է Վաշինգտոնին սահմանափակել կամ հրաժարվել Իրաքի ջրամատակարարման եւ էլեկտրասնուցման ցանցերը վերականգնելու որոշ ծրագրերից։ Իրաքի վերակառուցման հարցերով տեսուչ Սթուըրթ Բաուենն ասում է, թե խնդիրներից մեկը կաշառակերությունն է.

՝՝Մենք այստեղ պայքարում ենք երկու ճակատով, մեկը մարտադաշտում եւ ենթակառույցները ոչնչացնող ուժերի դեմ, մյուսը՝ ծպտված անհնազանդության, այն է՝ կաշառակերության դեմ՝՝։

Վերակառուցման այս ծրագրերի համար վճարում է ԱՄՆ-ի հարկատուն, աշխատավոր մարդիկ ու ինչպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարն է ասում, գումարները ծախսելիս, պետք է կրել շատ ավելի մեծ պատասխանատվություն։ Նա ասում է.

՝՝Պետք է ապահովենք գումարների ըստ կարեւորության տեղաբաշխումը։ Իրաքի նոր կառավարության հետ միասին պետք է կասեցնել կարեւոր նպատակներից դրամի հատկացումները շեղելու փորձերը։ Չնայած ռազմական մեր ներկայությունն աստիճանաբար թուլացնելու հանգամանքին, տեղական ու տարածքային ղեկավարներն ի զորու պիտի լինեն ապահովելու ջրի, էլեկտրասնուցման եւ այլ կառույցների անվտանգությունըը՝՝։

Իրաքի քաղաքաշինության եւ հասարակական գործառույթների նախարար Նեսրին Բարվարին Վաշինգտոնում հայտարարեց, թե վերակառուցումն ընթանում է առաջ, հակառակ անվտանգության խնդիրներին, ֆինանսական սղությանը եւ կաշառակերությանը։ Նա ասում է.

՝՝Մեր նախարարության պարտականությունների մասին խոսելիս՝ հարկավոր է նշել, որ տարվա սկզբից ապահովվել է ավելի քան 7 միլիոն մարդու ջրամատակարարումը։ Այսինքն, ավելացել են 7 միլիոն մարդու ջրի եւ մեկու կես միլիոնի համար անհրաժեշտ առողջապահական ու աղբատար ծառայությունները՝՝։

Նախարար Բարվարին լավատես է, ասելով որ հարցախույզին մասնակցած յուրաքանչյուր տասը հոգուց յոթն ընդունում է, որ կյանքը բարելավվում է, եւ երկու երրորդը հավատում, որ եկող տարիներին կգրանցվի է՛լ ավելի մեծ առաջընթաց։

XS
SM
MD
LG