Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը վառելանյութի այլընտրանքային աղբյուրների որոնման կոչ է անում


Երկրի ընդհանուր կացության մասին ունեցած իր ելույթում նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պետք է վառելանյութի այլընտրանքային աղբյուրներ որոնի իր կախվածությունը արտասահմանյան նավթից նվազեցնելու համար։

Միացյալ Նահանգները անհրաժեշտ նավթի կեսը ստանում է այլ երկրներից։ Դրա 75 տոկոսն օգտագործում են ավտոմեքենաները։ Էյթըն Մանուելը ԱՄՆ-ի հասարակական շահերի հետազոտությունների խմբի անդամ է։ Նա ասում է.

՝՝Աշխատանքի գնալիս կամ երեխաներին դպրոց տանելիս՝ ամերիկացիներն իրոք չունեն այլընտրանք։ Միակ ձեւը նրանց համար ավտոմենայով գնալն է՝՝։

Իր տարեկան ելույթում նախագահ Բուշն ասաց.

՝՝Ամերիկայի մրցունակությունը պահպանելու համար հարկավոր են էներգիայի այլ աղբյուրներ։ Ամերիկան կառչած է նավթից, ինչը հաճախ ներկրվում է աշխարհի անկայուն տարածաշրջաններից։ Դրանից ազատվելու միակ ուղին տեխնոլոգիական նոր միջոցների կիրառումն է՝՝։

Տարբերակներից մեկը հացահատիկից ստացվող էթանոլի կիրառումն է։ Վառելանյութի որոշ տեսակներ պարունակում են տասը, իսկ օրինակ Է-85 տեսակը՝ կրում է 85 տոկոս էթանոլ։ Սրա գինը մոտ է բենզինի գնին, սակայն էթանոլի արտադրությունն ավելի մեծ ծախսեր է պահանջում։ Ներկայումս ԱՄՆ-ը կարող է տարեկան արտադրել 4 միլիարդ գալոն էթանոլ, ինչը նավթի ներկրումները կկրճատի մեկ երրորդով։ Նախագահ Բուշն ասում է, թե տեխնոլոգիական նոր միջոցներն ավելի կընդլայնեն այդ կարողությունները.

՛՛Շուտով կունենանք բենզինին փոխարինող վառելանյութ արտադրելու համար անհրաժեշտ տեխնոլոգիական նոր միջոցներ՝՝։

Սակայն էթանոլի արտադրության ազդեցության մասին հստակ տեղեկություններ չկան։ Գիտնականները կասկածում են, որ այն կարող է նպաստել ջերմոցային գազերի արտադրությանը եւ երկրագնդի ջերմաստիճանի է՛լ ավելի բարձրացմանը։ Բացի այդ, էթանոլը շատ վտանգավոր է խողովակաշարերով տեղափոխելու համար։

Չնայած այս հանգամանքներին, որոշ երկրներ էթանոլը համարում են նավթի կախվածությունից ազատվելու միջոց։ Բրազիլիան օրինակ, էթանոլ է ստանում շաքարի ճակնդեղից։ Այստեղ բենզինի մեջ էթանոլի պաարունակությունը կազմում է 25 տոկոս։

Սակայն ինչպես Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության, ՕՊԵԿ-ի նախագահ Էդմունդ Դաուքորուն է ասում, նավթը դեռեւս երկար տարիներ կմնա որպես համաշխարհային տնտեսության բաղկացուցիչ մաս.

՝՝ՕՊԵԿ-ը չի կարծում, որ մի գիշերվա, կամ կարճ որեւէ ժամանակահատվածում կարող ենք հրաժարվել նավթից։ Կարծում եմ, որ նավթը ամբողջ մարդկության բնական հարստությունն է եւ սա մեր կազմակերպության տեսակետն է՝՝։

Իսկ այսօր շատերին է հուզում հետեւյալ հարցը. Արդյո՞ք այդ հարստությունը մարդկությանը հասանելի կլինի ըստ պահանջի եւ ընդմիշտ։

XS
SM
MD
LG