Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի ելույթը երկրի ընդհանուր կացության մասին


Միացյալ նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեքշաբթի օրը Կոնգրեսի առջեւ ունեցած իր ամենամյա ելույթում հայտարարեց առաջիկա տարվա իր ծրագիրը երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառներում։

Այս տարի Կոնգրեսում անց են կացվելու ընտրություններ, եւ նախագահ Բուշի հանրապետական կուսակցությունը պիտի պայքարի Կոնգրեսում իր վերահսկողությունը պահպանելու համար։ Դա նկատի ունենալով՝ պարոն Բուշն ասաց, թե երկրի ապագայի ու բնույթի շուրջ ընտրություն կատարելու հարցում սա լինելու է ՝՝որոշիչ տարի՝՝։ Նա ասաց.

՝՝Պիտի ընտրություն կատարենք ազատության թշնամիներին վստահությամբ հետապնդելու կամ ավելի հեշտ ապրելու հույսով՝ մեր պարտականություններից հրաժարվելու միջեւ։ Մենք ընտրություն պիտի կատարենք աշխարհի տնտեսությունը ղեկավարելու ուղով՝ մեր բարգավաճումը շարունակելու կամ առեւտրի նոր հնարավորություններից հրաժարվելու միջեւ։ Չնայած տնտեսական պաշտպանողականության գրավչությանը՝ այն ի վերջո տանում է դեպի տնտեսական անկում՝՝։

Նախագահը հայտարարեց, թե Ամերիան պիտի շարունակի զբաղվել աշխարհի խնդիրներով եւ մերժի, իր խոսքերով, ՝՝մեկուսացման կեղծ հարմարավետությունը՝՝։

Խոսելով արդեն չորրորդ տարին շարունակվող իրաքյան պատերազմի մասին՝ նախագահ Բուշն ասաց, թե դաշնակից ուժերը, իրենց փորձառության արդյունքում, փոփոխության են ենթարկել մարտավարությունը եւ վերակառուցման գործում՝ իրենց մոտեցումները։ Նա ասաց.

՛՛Վստահ եմ հաղթանակի հասնելու մեր ծրագրում։ Վստահ եմ Իրաքի ժողովրդի կամքի նկատմամբ։ Վստահում եմ մեր ուժերի հմտություններին ու ոգուն։ Հայրենակիցներ, այս պայքարի մեջ ենք մտել հաղթելու համար եւ արդեն հաղթում ենք՝՝։

Արտաքին քաղաքականության շուրջ խոսելիս՝ նա խիստ խոսքեր արտասանեց Իրանի կառավարության հասցեին, ասելով, թե այդ ժողովուրդը դարձել է ՝՝իրեն մեկուսացնող ու ճնշող կրոնական փոքր մի վերնախավի պատանդ՝՝։

Ներքին հարցերից նախագահն առանձնացրեց աշխարհի տնտեսության մեջ Ամերիկայի մրցունակության եւ առաջատար դերի կարեւորումը։ Դիմեց այլ երկրների նավթի պաշարներից ավելի քիչ կախվածության կոչով։ Նա ասաց.

՝՝Մատչելի գնով վառելանյութ է պահանջվում Ամերիկայի մրցունակությունը պահպանելու համար։ Ամերիկան կախյալ է հաճախ անկայուն տարածաշրջաններից ներկրվող նավթից։ Դրանից հրաժարվելու ամենալավ ուղին տեխնոլոգիական նոր միջոցների կիրառումն է՝՝։

Նախագահի ուղերձի դեմ դեմոկրատական կոսւակցության ավանդական պատասխանը ներկայացրեց Վըրջինիայի նահանգապետ Թիմ Քեյնը՝ Բուշի վարչակազմին մեղադրելով վատ կառավարման եւ կողմնակալ քաղաքականության մեջ։ Նա ասաց.

՝՝Երկրի մայրաքաղաքը բաժանող գիծը վերացնելու համար, մեզ հարկավոր է փոփոխություն։ դեմոկրատներն աշխատում են մեր կառավարության պատիվը եւ անկեղծությունը վերականգնելու, կողմնակալությունը եւ հովանավորչությունը՝ աշխատանքային փորձառության արդյունքներով փոխարինելու ջանքերով՝՝։

Պրն. Քեյնն ասաց, թե առողջապահության, էներգետիկայի ու կրթության բնագավառներում բարեփոխություններ անցկացնելու խնդրում առաջնային տեղ են զբաղեցնում դեմոկրատները։

XS
SM
MD
LG