Մատչելի հղումներ

Խաղաղության գործընթացն արդյո՞ք կվերսկսվի Իսրայելի ու Պաղեստինցիների միջեւ


Անցած չորեքշաբթի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո ՚՚Համաս՚՚ մահմեդական ռազմաշունչ խումբը պատրաստվում է կազմելու Պաղեստինյան նոր կառավարություն։

Պաղեստինյան ընտրություններում ՚՚Համասի՚՚ համոզիչ հաղթանակը նշանակում է, որ այն արդյունավետորեն կվերահսկի Պաղեստինյան կառավարությունը։ ՚՚Պաղեստինյան հարցերով ամերիկյան աշխատախումբ՚՚ կազմակերպության աշխատակից Ռաֆի Դաջանին ասում է, որ բազմաթիվ պաղեստինցիներ դժգոհ էին ՚՚Ֆաթահ՚՚ կուսակցության երկար տարիների կառավարումից, որը չարդարացրեց իրենց հույսերը.

՚՚Ֆաթահը չլուծեց սոցիալական ծառայությունների, կոռուպցիայի, օրենքի գերակայության եւ անշուշտ պետականություն հռչակելու խնդիրները։ Եւ ՚՚Համաս՚՚-ի օգտին քվեատուների քվեարկելը Պաղեստինյան կառավարման առկա կառույցների համոզիչ մերժումն էր՚՚։

՚՚Համաս՚՚-ն Իսրայելի դեմ իրականացրել է տասնյակ անձնասպան ռմբահարումներ եւ հայտնել է, թե չի զինաթափվի։ Իսրայելն ու ՚՚Համաս՚՚-ն ընդդիմանում են միմյանց հետ վարել բանակցություններ, սակայն պարոն Դաջանին ասում է, թե ՚՚Համաս՚՚-ը թերեւս դանդաղորեն կփոխի իր որոշ տեսակետներ.

՚՚Համաս՚՚ խմբի կողմից իրագործված վերջին անձնասպան ռմբահարումը կատարվել է 2004 թվականի օգոստոսին, գրեթե տարի ու կես առաջ։ Խորհրդարանական ընտրարշավի ժամանակ ՚՚Համաս՚՚-ն իր օրակարգում ամենեւին չարեց Իսրայելի գոյություն ունենալու իրավունքի կամ ոչնչացվելու մասին որեւէ ակնարկ։ Մենք հույս ունենք, որ նրանք դանդաղորեն կվերափոխվեն քաղաքական կուսակցության եւ կթոթափեն իրենց բռնարարքային անցյալը՚՚։

Սակայն ՚՚Հերիթիջ՚՚ հաստատության Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ջիմ Ֆիլիպսն այն կարծիքին է, որ այդ հնարավորությունը նվազ հավանական է.

՚՚Կարծում եմ, ՚՚Ֆաթահ՚՚-ը կարտասանի չափավոր բնույթի որոշ արտահայտություններ, սակայն չեմ կարծում թե խմբի գաղափարախոսությունը կփոխվի, քանի որ այն ստեղծվել է հիմնականում Իսրայելը կործանելու՝ եւ ոչ թե Թել Ավիվի հետ բանակցություններ վարելու համար։ Այդ ամենը փոխելու համար խումբը պետք է հրաժարվի իր գաղափարախոսությունից՚՚։

Պարոն Դաջանին ասում է, թե այնուամենայնիվ հակամարտության երկու կողմերի համար էլ օգտակար չէ կարծր գիծ շարունակելը.

՚՚Իր համար անվտանգություն ապահովելու Իսրայելի՝ իսկ իրենց համար պետականություն հաստատելու Պաղեստինցիների միակ միջոցը բանակցություններն են, որպեսզի ստեղծեն Պաղեստինյան կենսունակ, կայուն պետություն, որը կկարողանա կանգնել սեփական ոտքերի վրա։ Իսկ հակամարտության կողմերը կարծր գիծ որդեգրելու դեպքում Պաղեստինյան պետություն ստեղծվելու դեպքում այն կլինի անկայուն, կնպաստի ծայրահեղականությանը եւ Իսրայելին միշտ կներշնչի անապահովության զգացում՚՚։

Սակայն պարոն Ֆիլիպսն այն կարծիքին է, որ իշխանության ՚՚Համաս՚՚-ի գտնվելու դեպքում ոչ մի հնարավորություն չի լինի խաղաղության բանակցությունները վերսկսելու համար։

՚՚Ես որոշ ժամանակ փաստարկել եմ, որ խաղաղության գործընթացը կանգ է առել, սակայն այն վերակենսունականացնելու հույս կա։ Սակայն իշխանության ՚՚Համաս՚՚-ի անցնելուց հետո ամեն հույս խորտակվում է՚՚։

Երկու վերլուծաբաններն ասում են, որ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ սպասում են համոզվելու, թե ՚՚Համաս՚՚-ն ինչպե՞ս է վարվելու Պաղեստինյան հաջորդ կառավարության հետ, եւ թե արդյո՞ք հնարավոր է վերակենսունականացնելխաղաղության գործընթացը։

XS
SM
MD
LG