Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների ու Եգիպտոսի միջեւ փոխհարաբերությունները


Մի քանի գործոններ բացասաբար են ազդում Միացյալ Նահանգների եւ Վաշինգտոնից տնտեսական ու ռազմական խոշոր օգնություն ստացող նրա դաշնակիցներից մեկի՝ Եգիպտոսի հետ հարաբերությունների վրա։

Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության խոսնակ Ալբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտահոգ է Եգիպտոսի կառավարության կողմից խորհրդարանական ընտրությունները կայացվելու ձեւից.

՚՚Բռնարարքային գործողությունները, որոնք կառավարությունը գործադրեց թեկնածուների, մամլո ներկայացուցիչների, երկրի անկախ դիտորդների նկատմամբ, մինչեւ այժմ մտահոգում են մեզ՚՚։

Եգիպտոսի կառավարության նկատմամբ իր դժգոհությունը ցուցադրելու նպատակով նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը չեղյալ հայտարարեց այդ երկրի պաշտոնական պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ, որի ժամանակ քննարկվելու էր Վաշինգտոնի հետ ազատ առեւտրի պայմանագրի հարցը։

Միջազգային խաղաղության Կարնեգիի հաստատության ավագ աշխատակիցներից Դոկտոր Ամր Համզավին այն կարծիքին է, որ այս քայլը նախազգուշացնող ազդանշան է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնարարքների եւ ընդդիմության թեկնածու Այման Նուրին բանտային կալանքի դատապարտելու համար.

՚՚2005 թվականին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում Եգիպտոսի կառավարությունն ապավինեց 1990-ականներին եւ 2000 թվականին կայացած ընտրությունների մարտավարությանը, որն արտահայտվեց ճնշամիջոցներով, անվտանգության մարմինների կողմից ուժի գործադրմամբ, քվեարկությանը Եգիպտացի ընտրողների մասնակցելը սահմանափակելու համար։ Երկրորդ, բանտ նետվեց Այման Նուրը, եւ մենք բոլորս էլ գիտենք, որ այդ գործը չափազանց քաղաքականացած է այն բանից անկախ, թե նա մեղավո՞ր է թե՞ ոչ՚՚։

Միացյալ Նահանգներում Եգիպտոսի դեսպան Նաբիլ Ֆահմին պաշտպանեց իր երկրում իրագործվող բարեփոխությունների ընթացքը.

՚՚Կարծում եմ, ամերիկացիները տեսնում են, որ գործընթացը շարժվում է առաջ Եգիպտոսում։ Իմ կարծիքով, նրանք միշտ ցանկանում են, որպեսզի այն առաջ շարժվի փոքր-ինչ ավելի արագորեն, քանի որ դա ամերիկյան մշակույթի բնույթն է։ Սակայն մենք միշտ փոքր-ինչ դանդաղ են առաջ ընթանալու, քանի որ դա եգիպտացիների բնավորությունն է՚՚։

Կոնգրեսի որոշ թվով անդամներ կասկածում են քաղաքական բազմակարծությանն ու իրական ժողովրդավարությանը նախագահ Մուբարաքի հանձնառությանը եւ նախագահ Բուշի վարչակազմին խնդրում են կրճատել ամեն տարի Եգիտոսին հատկացվող մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն դոլար գումար օգնությունը։ Դոկտոր Համզավին այս մասին ասել է.

՚՚Անհրաժեշտ է սառեցնել ազատ առեւտրի շուրջ բանակցությունները, ու թերեւս անհրաժեշտ է մասամբ պայմանական դարձնել Եգիպտոսին հատկացվող տնտեսական եւ քաղաքական օգնությունը, ու դա անելիս պետք է Եգիպտոսի ժողովրդին բացատրել դրա պատճառները, որը չափազանց կարեւոր է Միացյալ Նահանգների նկարագրի համար՚՚։

Դոկտոր Համզավին ասել է, թե Եգիպտոսի կառավարությունը խիստ նվազեցրել է ազատական եւ միջին գծի քաղաքականություն վարող կուսակցությունների դերը եւ եգիպտացիներին միայն ընձեռել է բռնատիրական ու իսլամական ընդդիմության միջեւ դժվարին ընտրությունը։

Նա ասել է, թե Միացյալ Նահանգներն այժմ պետք է առաջ մղի Եգիպտոսում ժողովրդավարական իրական բարեփոխություն։ Միացյալ Նահանգներում Եգիպտոսի դեսպանը, Նաբիլ Ֆահմին ասել է, թե իր երկիրը դեռեւս շահագրգռված է առաջնորդելու Մերձավոր Արեւելքում ժողովրդավարական կարգեր հաստատելու ջանքը.

՚Եթե Մերձավոր Արեւելքի ժողովուրդները տեսնեն, որ ժողովրդավարական կարգերն իրենց արդարացնում են Եգիպտոսում, դա կլինի չափազանց լավ պատգամ այլ երկրներին՚՚։

Քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ նախագահ Բուշի վարչակազմը թերեւս ունի ռազմավարական երեք միջոց Եգիպտոսում բարեփոխությունները քաջալերելու համար։ Դրանցից մեկն աշխատելն է կառավարող կուսակցությունում բարեփոխամետների հետ։ Նախագահի որդին, Գամալ Մուբարաքն ու մյուսները կուսակցությունում ՚՚նոր խմբի՚՚ մաս են կազմում։

Երկրորդ միջոցը երկիրը կառավարող կուսակցության մեջ չընդգրկված երկրի ազատական տարրերին աջակցնելն է։ Իսկ երրորդ միջոցը իսլամական ազդեցիկ ընդդիմությանն ընդգրկելն է։ Դա թերեւս է՛լ ավելի մեծ առաջնահերթություն կլինի, Պաղեստինյան ընտրություններում Իսլամական ՚՚Համաս՚՚ կազմակերպության հաղթանակից հետո։

XS
SM
MD
LG