Մատչելի հղումներ

Դոնալդ Ռամսֆելդ.ամերիկյան զինուժի մարտական ոգին չի կոտրվել


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը վիճարկել է այն հաղորդումները, որոնց համաձայն Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների հետեւանքով ամերիկյան փոքրաքանակ զինուժը կատարում է ուժից վեր աշխատանք։

Պարոն Ռամսֆելդն ասել է, թե հաղորդումները, որոնց համաձայն ներկայիս ռազմական գործողությունների հետեւանքով Միացյալ Նահանգների զինուժն իր նվազ թվաքանակի պատճառով կատարում է ուժից վեր աշխատանք, չի համապատասխանում փաստերին.

՚՚Զինուժի մարտական ոգին չի կոտրվել։ Կարծում եմ, գրեթե ձեր ասածի հակառակն է հետեւյալ իմաստով. աշխարհն ականատես եղավ, որ Միացյալ Նահանգների զինուժը մեծ տարածություն կտրելով մի քանի շաբաթում Ալ Քայդային եւ Թալեբանին դուրս նետեց Աֆղանստանից։ Աշխարհը տեսավ, թե Միացյալ Նահանգների զինուժն ինչ արեց Իրաքում եւ պատգամն այն է, որ այս զինուժի մարտական ոգին ոչ թե կոտրված է, այլ չափազանց բարձր է՚՚։

Պարոն Ռամսֆելդն արձագանքում էր անցնող չորեքշաբթի հրապարակված երկու առանձին հաղորդումների։ Դրանցից մեկը, որը չի հրատարակվել, Պենտագոնի կողմից լիազորված, ռազմական հարցերով չեզոք փորձագետի զեկույց է, իսկ մյուսի հեղինակը Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին նախարար Վիլյամ Փերին է, որի զեկույցը հրապարակվել է Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից։

Զեկույցի համաձայն, ամերիկյան զինուժը չափից ավելի ձգված է երկու միաժամանակյա հակամարտությունների հետեւանքով ու թերեւս չի կարողանա զինվորագրել բավարար թվով անձանց, Իրաքի ապստամբներին պարտության մատնելու համար։ Նրանք նաեւ հայտնում են, որ զինուժը մշտական հերթագայությամբ առաջավոր դիրքեր ուղարկելը հոգնեցրել է զինվորներին.

՚՚Կարծում եմ, անձինք, ովքեր ականատես են եղել այս երկրի զինուժերի գործելու ունակությանը, ռազմական տեխնիկա ձեռք բերելու խնդրում մեր խոշոր ներդրումներին, եւ տեսել են թե ինչպիսի զենքեր ենք ձեռք բերել, ինչպե՞ս կարող են կացությունը համարել ճիշտ հակառակը՚՚։

Պաշտպանության նախարար պարոն Ռամսֆելդն ընդունել է, որ չի կարդացել հաղորդումները, սակայն հայտնել է, թե դրանք կամ սխալ են, կամ էլ հնացած։ Նա նաեւ հերքել է զինվորագրելու առնչությամբ ՚՚նշմարվող ճգնաժամի՚՚ մասին ենթադրությունը եւ ասել է, թե բանակն անցած յոթ ամսում գերազանցել է զինվորագրման իր ամենամսյա ծրագիրը։

Պարոն Ռամսֆելդն ասել է, թե Իրաքում տեղակայված են ՚՚պատերազմից կոփված՚՚՚ 138 հազար զինվորներ, որոնց թվում են Ազգային պահակազորի եւ պահեստայինների ստորաբաժանումները։

Միացյալ Նահանգների բանակի զինվորների թիվը ներկայումս երկու միլիոնից ավելի է։

XS
SM
MD
LG