Մատչելի հղումներ

Թռչնագրիպի շուրջ համակարգչային տվյալներ


Միացյալ Նահանգներում համակարգչային հատուկ տվյալներն ուսումնասիրողներին օգնում են գտնելու թռչնագրիպի մանրէի դեմ պատվաստանյութ։

Անցած երկու տարում թռչնագրիպի մանրէի մի տեսակ Ասիայից տարածվեց Արեւելյան Եւրոպա, իսկ վերջերս՝ Թուրքիա։ Տիրում է այն կարծիքը, որ մարդիկ թռչնագրիպով վարակվում են միայն վարակված թռչունների հետ շփվելիս, սակայն գիտնականները երկյուղում են, որ միլիոնավոր անձինք կարող են մահանալ ապագայում, եթե մանրէն միանա մարդկանց վարակող գրիպի մանրէին եւ վերափոխվի մի նոր տեսակի, որը չափազանց վարակիչ կլինի մարդկանց համար։

Գիտնական Քյաթրին Մաքենը ղեկավարում է գրիպի շուրջ համակարգչային տվյալները Լոս Ալամոսի Համերկրային փորձակայանում.

՚՚Մեկ բջիջ մանրէի երկու տեսակներից վնասվելու դեպքում մանրէները կարող են միանալ եւ հարմարվել միմյանց։ Այսպիսով, առաջանում է մանրէի նոր տեսակ, որը կունենա թռչնագրիպի եւ մարդու գրիպի մանրէներին բնորոշ առանձնահատկություններ ու այն մարդուց-մարդուն փոխանցվել կարողանալու դեպքում կդառնա չափազանց վտանգավոր բնակչության համար՚՚։

Համերկրային փորձակայանի համակարգչային տվյալներն ընդգրկում են աշխարհի երկրներում թռչնագրիպի շուրջ ուսումնասիրությունները, որը կարեւոր է, քանի որ մանրէները մշտապես վերափոխվում են։ Քյաթրին Մաքենն ավելացնում է.

՚՚Մենք մարդկանց հնարավորություն ենք տվել կայքէջում մատչելիություն ունենալ տվյալներին։ Մենք նաեւ ստեղծել ենք միջոցներ, որպեսզի նրանք կարողանան վերլուծել տվյալները։ Այսպիսով, տվյալներից կօգտվեն աշխարհի գիտահետազոտական բոլոր ինստիտուտները՚՚։

Գիտնականները դեռեւս չգիտեն, թե թռչնագրիպի մանրէն ինչպե՞ս է վարակում մարդկանց։ Քյաթրին Մաքենն ուսումնասիրում է հենց այդ խնդիրը.

՚՚Ես ուսումնասիրում եմ թռչնագրիպի եւ մարդու գրիպի մանրէները, վերցնում եմ դրանց շուրջ վիճակագրական տվալները իսկ այնուհետեւ համեմատում եմ դրանք՚՚։

Այնուհետեւ ստացված տվյալները փորձարկվում են փորձակայաններից մեկում՝ օգտագործելով մանրէների գենետիկական կոդը։ Այս մասին գիտնական Մաքենն ասում է.

՚՚Մենք մանրէների գենետիկական կոդի փոփոխության մեջ փնտրում ենք դրանց միտումը։ Փորձում ենք բացահայտել գենետիկական կոդերի միջեւ կապը։ Օրինակ, Թայլանդում տարածված գրիպի մանրէն արդյո՞ք որեւէ կերպ նման է Չինաստանում առկա թռչնագրիպի մարէին՚՚։

Ներկայումս պատվաստանյութ չկա թռչնագրիպը մարդկանց շրջանում կանխելու նպատակով, որը համարվում է սպառնալիք մարդկությանը։

XS
SM
MD
LG