Մատչելի հղումներ

Շահախմբականների գործունեության օրենքի բարեփոխումը


Շահախմբական Ջաք Աբրամոֆի հետ կապված կաշառակերության, եկամտահարկ վճարելուց խուսափելու աղմկահարույց գործից հետո Միացյալ Նահանգների կոնգրեսը քայլեր է ձեռնարկում երկրի շահախմբականների գործունեության շուրջ օրենքները բարեփոխելու համար։

Մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնական շրջանում գտնվող ՚՚Քեյ՚՚ փողոցը երբեմն անվանում են Ամերիկայի կառավարության չորրորդ ճյուղ, քանի որ երկրի ամենաազդեցիկ շահախմբական կազմակերպությունները գտնվում են այստեղ։ ՚՚Քեյ՚՚ փողոցի շենքերում գրասենյակների վարձակալումը չափազանց թանկ է եւ շահախմբականների աշխատավարձը բարձր է։

Վաշինգտոնում հաստատված եւ կոռուպցիայի դեպքերը հսկող ՚՚Հասարակության ազնվության կենտրոն՚՚ կազմակերպության աշխատակից Ալեքս Նոթն այս մասին ասել է.

՚՚Օրինակ, ուշադրություն դարձնենք օդագնացության Լոքհիդ Մարտին ընկերությանը։ Նրանք 1998 թվականից ի վեր շահախմբականներին վճարել են 54 միլիոն դոլար։ Մինչդեռ 1998-ից 2003 թվականն ընկած ժամանակամիջոցում ընկերությունը միայն պաշտպանության նախարարությունից ստացել է 94 միլիարդ դոլար, որից 74 տոկոսն առանց աճուրդի կնքված պայմանագրերից է։ Փաստորեն շահախնդրականների շնորհիվ վաստակած գումարների համեմատությամբ նրանց վճարված գումարը կազմում է չնչին տոկոս՚՚։

Շահախնդրականները ներկայացնում են օրինական շահերի չափազանց լայն շրջանակ, պաշտպանության նախարարության կապալառուներից սկսած, ինչպես օրինակ, Լոքհիդ Մարտինն է, մինչեւ ուսուցուչներն ու նույնիսկ մեղվապահները։

Շահախմբականներին վարձում են, քանի որ նրանք կարողանում են հանդիպել կառավարության պաշտոնատարների հետ եւ նրանց համոզել հաստատելու օրենքներ, շնորհելու կապալառուական պայմանագրեր կամ նվազեցնել իրենց հաճախորդների որոշ տեսակի եկամտահարկերը։

Սակայն շահախմբական Ջաք Աբրամոֆն ընդունել է, որ կաշառել է պետական պաշտոնատարների, որը հանցագործություն է։ Ակնկալվում է, որ ավելի մեղմ դատավճիռ ստանալու դիմաց նա կհայտնի իրենից կաշառք ստացած անձանց անունները։ ՚՚Ժողովրդավարություն 21՚՚ ընկերության նախագահ Ֆրեդ Վերթայմերն այս մասին ասում է.

՚՚Երբ դա տեղի ունենա, չափազանց կարեւոր է, որպեսզի այդ անձինք պատասխանատվության ենթարկվեն եւ մի քանի նոր օրենքներ ընդունվեն այդ խնդիրները լուծելու համար։ Երբ դա իրագործենք, խնդիրները կդառնան վերահսկելի։ Սակայն, այնուհետեւ այդ ամենը կրկնվում է՚՚։

Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցության անդամ կոնգրեսականներն արել են բարեփոխության մի քանի առաջարկ, որոնք կլուծեն պարոն Աբրամոֆի աղմկահարույց գործով բացահայտված շահախմբականների կողմից թույլ տրվող խախտումները։

Բարեփոխություններով կպահանջվի ժամանակին բացահայտել շահախմբականների եւ պետական պաշտոնատարների միջեւ շփումները, արգելել շահախմբականների կողմից վճարվող կոնգրեսականների ճանապարդորդությունները, ու երկարաձգել շահախմբական դառնալու նախկին կոնգրեսականների ժամանակը։ Այս մասին պարոն Նոթն ավելացնում է.

՚՚Հիմնականում, շահախմբականների 1998 թվականից ի վեր գործունեության բոլոր տվյալները դնում ենք Ինտերնետային մեր կայքէջում, որպեսզի հասարակայնությունը կարողանա դյուրությամբ հասկանալ այն։ Այսպիսով, ցանկության դեպքում հասարակայնությանը մատչելի են դառնում շահախմբականների գործունեության բոլոր մանրամասները՚՚։

Փաբլիքինթեգրիթի դոթ օրգ կայքէջը նաեւ ընդգրկում է տեղեկություն օտարերկրյա բոլոր կազմակերպությունների կամ ընկերությունների մասին, որոնք շահախմբական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ի կառավարության հետ։ Օրինակ, Հոն Կոնգի առեւտրի զարգացման խորհուրդն ամերիկյան շահախմբական հինգ կազմակերպությունների վճարել է հինգ միլիոն դոլար վեց տարում, իսկ այդ խմբերից մեկը վարձվել է 44 այլ կազմակերպությունների կողմից։

ԱՄՆ-ի կառավարության հետ շահախմբական գործունեության անհատների եւ ընկերությունների իրավունքը պաշտպանված է ԱՄՆ-ի Սահմանադրության Առաջին հավելումով։ Փաստը, որ Ջաք Աբրամոֆը ոտնահարել է այդ արտոնությունը, չի նշանակում թե այն չեղյալ կհայտարարվի, ավելի շուտ դա նշանակում է, որ Կոնգրեսը կփորձի գտնել համակարգը բարելավելու միջոց։

XS
SM
MD
LG