Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պայքարում է մեքսիկացիների ապօրինի ներգաղթի դեմ


Ապօրինի ներգաղթի դեմ պայքարելու եւ ահաբեկիչների մուտքն ԱՄՆ կանխելու նպատակով երկրի Ներկայացուցիչների Պալատը 2005 թվականի դեկտեմբերին հաստատեց ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի երեք հազար կիլոմետրանոց սահմանի որոշ հատվածներում անվտանգության պարիսպ կառուցելու առաջարկը։

Մեքսիկայի լրատվական միջոցներն առաջարկվող սահմանային ցանկապատը համարում են պատ։ Մեքսիկայի նախագահ Վինսենթե Ֆոքսն ու այլ պաշտոնատարներ գաղափարը դատապարտում են որպես ամոթալի եւ վիրավորական։ Նրանք ասում են, թե Մեքսիկան ԱՄՆ-ի հետ համագործակցում է ահաբեկիչներին կանխելու գործում, եւ որ պատն անհրաժեշտ չէ։

Այս մեքսիկուհին, ում անունն Էսթեր է, համամիտ է։ Նա ասում է թե սահմանն անցնող մեքսիկացիներն ահաբեկիչներ չեն, ովքեր ընդամենն աշխատանք են փնտրում։

Մեքսիկայի ֆինանսների նախկին նախարար Հոսե Անհել Գուրիան ասում է, թե պատն աշխատուժի բնական միգրացիան վերահսկելու ապարդյուն ջանք է.

՚՚Պատերը խնդրի լուծում եւ պատասխան չեն։ Այն իրեն չի արդարացնի՚՚։

Պարոն Գուրիան ասում է, թե ներգաղթի խնդիրը շեղում է ուշադրությունը ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ առեւտրից, որը փոխշահավետ է երկու երկրներին համար։ Նա ասում է, թե Մեքսիկայում հավելյալ աշխատուժի եւ ԱՄՆ-ում դրա պակասի խնդիրը պետք է լուծել երկկողմ պայմանագրի միջոցով.

՚՚Առկա է աշխատուժի տարրը, որն աշխատանքային հարց է, եւ չի ազատականացվել եւ չի ներառվել ազատ առեւտրի պայմանագրերից որեւէ մեկում, այն չի լուծվել տնտեսապես կամ խելամտորեն, դրան ցուցաբերում են պատժիչ մոտեցում՚՚։

Սակայն պարոն Գուրիան ընդունում է, որ միլիոնավոր մեքսիկացի աշխատողների միգրացիան արտացոլում է բավարար աշխատատեղեր ստեղծել չկարողանալու Մեքսիկայի կառավարության անկարողությունը։ Քաղաքական վերլուծաբան Պեդրո Հավիեր Գոնսալեսն ասում է, թե դրա մեղքը հիմնականում քաղաքագետներինն է, ովքեր խոչընդոտել են կարեւոր բարեփոխությունները.

՚՚Մեքսիկան չի կարողացել համապատասխան կերպով արձագանքել իր քաղաքական դժվարություններին, որպեսզի բարեփոխություններ կատարի, որոնց կարիքը Մեքսիկայի տնտեսությունը խիստ զգում է՚՚։

Մեքսիկացի ներգաղթողների շրջանում վերջերս կատարված մի հարցախույզից պարզվել է, որ նրանց մեծամասնությունն աշխատանք է ունեցել Մեքսիկայում, սակայն հայրենիքից հեռացել է ԱՄՆ-ում մի քանի անգամ ավելի շատ դրամ վաստակելու պատճառով։ Ներգաղթողներն ամեն տարի միլիարդավոր դոլարի գումար են ուղարկում իրեն ընտանիքներին։

Ապօրինի ներգաղթը դադարեցնելու իրական ջանքը խոշոր ներգործություն կունենա Մեքսիկայի վրա։ Պեդրո Հավիեր Գոնսալեսն ասում է, թե ԱՄՆ-ի քաղաքագետները պետք է ընդունեն թե՛ այդ աշխատողների կարիքը, եւ թե՛ նրանց այլ երկրներ մղող տնտեսական իրականությունը.

՚՚Հասկանում եմ, որ որպես ինքնիշխան երկիր, ԱՄՆ-ն իրավունք ունի օրենք ընդունելու ներգաղթի մասին, սակայն պատը կառուցելու գաղափարը կարծես օտարատյացության արտահայտություն լինի՚՚։

Հոսե Անհել Գուրիան, որը հունիս ամսին ստանձնելու է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Գլխավոր Քարտուղարի պաշտոնը, ասում է թե Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ աշխատանքային հարցերի շուրջ պայմանագիրը կարող է ծառայել որպես չափանմուշ.

՚՚Չնայած սա փոքր օրինակ է թվերի առումով, այս հարցում առկա է մեծ իրազեկություն եւ լավ վերահսկողություն, ու առկա են նաեւ ելումուտ անող բոլոր անհատների համար պատասխանատվություն կրող պաշտոնյաներ՚՚։

Նման առաջարկ արել են նաեւ նախագահ Ջորջ Բուշը եւ ԱՄՆ-ի մի քանի սենատորներ, ուր այս խնդրի շուրջ բանավեճը շարունակվելու է առաջիկա մի քանի շաբաթներին։

XS
SM
MD
LG