Մատչելի հղումներ

Իրաքի ընտրությունների նախնական արդյունքները


Չնայած Իրաքում շարունակվող ցույցերին, որի մասնակիցները դեկտեմբերի տասնհինգի ընտրությունները համարում են խաբեբայություն, ընտրությունների մի անկախ հանձնաժողով ընտրությունները հայտարարել է ՚՚վստահելի՚՚ եւ հայտնում է, թե պատճառ չի տեսնում կայացնելու նոր ընտրություններ։

Հազարավոր ցուցարարներ անցնող չորեքշաբթի քայլարշավեցին Բաղդադում, ծածանելով դրոշներ ու բողոքելով, իրենց արտահայտությամբ, ՚՚ընտրակեղծիքի դեմ՚՚։ Ցուցարարները, որոնց մեծամասնությունը Սուննի արաբների կուսակցության աջակիցներ էին, պահանջում էին կայացնել նոր ընտրություններ։

Ցուցարարներից մեկն ասաց, որ ՚՚Իրաքի լավ մարդիկ այստեղ են, բողոքելու խարդախության եւ վարկաբեկված ընտրությունների դեմ՚՚։ Սակայն Իրաքի Ընտրական անկախ հանձնաժողովը հայտնել է, թե արձանագրված 1500 բողոքներից լուրջ են ընդամենը հիսունը, որը բավարար չէ տեղի արդյունքները փոխելու համար։

ՄԱԿ-ի կողմից առաջնորդվող հանձնաժողովը եզրակացրել է, որ ընտրությունները վստահելի էին եւ արդարացում չկա կայացնելու նոր ընտրություններ։ Շիա կուսակցության անդամ Հուսեյն Շահրիստանին ցուցարարներին անվանել է ՚՚խղճուկ անհաջողակներ՚՚։

՚՚Անկախ մարմնի կողմից ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո դրանք պետք է հարգվեն։ Հնարավոր չէ այս գործընթացը խոչընդոտել հարաճուն բռնարարքներով կամ սպառնալիքներով՚՚։

Սակայն որոշ անձինք նախազգուշացնում են, որ գործընթացը կխոչընդոտվի եթե քաղաքական ղեկավարները չկարողանան ընդհանուր լեզու գտնել սուննիների հետ։ Շիբլի Թելհամին Բրուքինգզի հաստատության աշխատակիցներից է.

՚՚Սա մեզ վերստին կարող է հանգեցնել աղանդավորության, եւ վերջիվերջո քաղաքացիական պատերազմի։ Սա անհանգստացնող հեռանկար է այս կառավարության համար՚՚։

Այս հեռանկարը թերեւս աչքի տակ ունեն որոշ թվով շիա եւ քուրդ ղեկավարներ, մինչ քննարկում են դաշնադրային նոր կառավարության կառուցվածքը։ Ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շիաների Իրաքի միացյալ դաշինքը նոր խորհրդարանի 275 տեղից ունի մոտավորապես 130 տեղ, որին անհրաժեշտ էր 184 տեղ մեծամասնական կառավարություն կազմելու համար։

՚՚Քրդստանի դաշնություն՚՚ եւ սուննիների ՚՚Իրաքի համաձայնություն՚՚-ը երկրորդ եւ երրորդ տեղերում են, ու նոր խորհրդարանում համապատասխանաբար գրավել են հիսուն եւ քառասուն տեղ։

XS
SM
MD
LG