Մատչելի հղումներ

Գենը փոխում է  մարդու մաշկի գույնը


Գիտնականները հայտնել են, թե հայտնաբերել են մարդկանց շրջանում մաշկի գույնը որոշող գեն, եւ որ Եւրոպացիների մաշկի բաց գույնի պատճառը թերեւս գենետիկական վերափոխումն է։

Մաշկերի գույնի տարբերությունը հաճախ եղել է նախապաշարումների ու խտրականության պատճառ։ ՚՚Նեյչը՚՚ ամսագրում հրատարակված մի ուսումնասիրության համաձայն, Եւրոպական եւ Աֆրիկյան ծագմամբ մարդկանց մաշկի գույնի տարբերությունը կարող է բացատրվել երեք միլիարդի հասնող մարդու գենոմներից մեկի գենետիկական վերափոխմամբ։

Գիտնականները հայտնում են, թե առկա է մաշկի գույնը որոշող գենի երկու տարբերակ. դրանցից մեկն Աֆրիկացիների՝ մյուս գենը Եւրոպացիների ԴՆԹ-յում է։ Ուսումնասիրողներն այն կարծիքին են, որ գենի վերափոխումը տեղի է ունեցել մի քանի տասնյակ հազար տարի առաջ, երբ նախամարդիկ Աֆրիկայից սկսեցին փոխադրվել Եւրոպա։ Բժիշկ Քիթ Չենգն ուսումնասիրության գլխավոր հեղինակն է.

՚՚Այն, ինչ պարզեցինք՝ ապշեցուցիչ է։ Մաշկի գույնի փոփոխությունը տեղի է ունեցել, պատկերավոր ասած, կյանքի հրահանգների գրքի մեկ տառով։ Երեք միլիարդից ընդամենը մեկով՚։

ԱՄՆ-ում մարդու գեների քարտեզագրման աշխատանքների ղեկավար Ֆրենսիս Քոլինզն ասում է, թե հայտնագործությունը չպետք է համարվի ցեղի գեն, որը սոցիալական գաղափար է, եւ ընդգրկում է ընտանեկան ավանդույթներն ու բնակության վայրը։

՚՚Հույս ունեմ, այն հատկապես մեզ կօգնի ըմբռնելու, որ մաշկի գույնն առանձնապես կարեւորություն չի ներկայացնում, որպեսզի դրան մեծ նշանակություն տանք։ Մենք դրա խորհրդավորությունը կարող ենք քողազերծել այս կարգի ուսումնասիրությամբ՚՚։

Բազմաթիվ անձինք նախազգուշացնում են, որ չնայած հայտնագործությանը, խտրականությունը կշարունակվի մաշկի գույնի պատճառով։ Թեդ Շոն ՚՚Գունամորթ անձանց առաջադիմության համերկրային ընկերակցության՚՚ գլխավոր փաստաբանն է.

՚՚Չեմ կարծում, թե շարքային անձը կկարդա այս հոդվածը, կամ կլսի սրա մասին եւ հիմնովին կփոխի ցեղային տարբերությունների խնդրի առնչությամբ իր վերաբերմունքը՚՚։

Այնուամենայնիվ, բժիշկ Չենգը հույս ունի, որ հայտնագործությունը վերջիվերջո կհանգեցնի մաշկի քաղցկեղի նոր բուժումների, ու թերեւս կօգնի մարդկանց միջեւ ավելի խորն ըմբռնմանը։

XS
SM
MD
LG