Վերջին մի քանի շաբաթներին նախագահ Բուշը մի շարք հանրային ելույթներով եւ մամլո ասուլիսներով փորձում է ամրապնդել հանրության աջակցությունը Իրաքի պատերազմին։ Նորագույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրային կարծիքը Իրաքի պատերազմում նախագահ Բուշի տարած աշխատանքների վերաբերյալ բարձրացել է 1Օ տոկոսով։
Արեւմտյան Վըրջինիայի նահանգի Էլիզաբեթ քաղաքում գտնվում է մի գործարան, որը Միացյալ Նահանգների ծովային սահմանապահների համար ստորջրյա հագուստներ է արտադրում։
Գործարանը մեծապես տուժել է, քանի որ պետական գումարներն օգտագործվում են Իրաքի պատերազմի կարիքների համար։ Սակայն աշխատավորների մեծ մասն այստեղ աջակցում է այդ պատերազմում նախագահ Բուշի քաղաքականությունը։
Էլիզաբեթը փոքր քաղաք է, որտեղ ուժեղ է հարգանքը ամերիկյան արժեքների, պատերազմն աջակցելու ու հայրենասիրության նկատմամբ։ Ուիրթի մարզի ընտրողները հիմնականում դեմոկրատական կուսակցության աջակիցներ են, սակայն անցյալ ընտրություններում նախագահ Բուշին տվեցին ձայների գերակշռող մասը։
Տեղի մթերային մի խանութի տերերից Գրեգ Թորնը քվեարկել է նախագահության դեմոկրատ թեկնածու Ջոն Քերրիի օգտին։ Սակայն կարծում է, որ Իրաքը շատ կարեւոր գործոն է ահաբեկչության դեմ մղվող պատերազմում։ Բայց քանի դեռ շարունակվում է պատերազմը, մարդկանց մի մասն այստեղ սկսում է փոխել վերաբերմունքը։ Քեն Ստեմփաուսկին Էլիզաբեթի քաղաքագլուխն է։ Նա ասում է.
՛՛Իմ վերաբերմունքը նույնպես սկսվել է փոխվել։ Կարծում եմ, հարկավոր է մեր տղաներին արդեն հետ բերել... Այդքան հաճախակի դարձած նախագահ Բուշի ելույթները, ապացուցում են, որ նախագահ Բուշը անհանգստացած է եւ տեսնում է նոր քայլերի դիմելու ժողովրդի մեջ գնալով ուժգնացող պահանջը։ Նա անհանգստացած է այդ հանգամանքով ու պարտավոր է դիմել նոր քայլերի։ Նա պետք է լսի մեզ՝՝։
Էլիզաբեթում կան մարդիկ, ովքեր ընդհանրապես անդրդվելի են։ ՛՛Ռոբերթս Ջեներալ՝՝ խանութում, որն արդեն 12Օ տարի այս ընտանիքի ժառանգությունն է, պատերազմը գնահատում են 8Օ-ամյա Ջեյմս Ռոբերտսի գործոնով։ 17 տարեկանում նա մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, սակայն կարծում է, որ պատերազմ Իրաքում անտեղի էր ամենասկզբից։
Վերջին հարցումների արդյունքով, ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ պատերազմ հարկավոր չէր սկսել։ Միեւնույն ժամանակ, նորից մեծամասնությունը դեմ է զորքերի արագ դուրսբերմանը։ Նախագահի վարկանիշը, պատերազմի շուրջ վերջին մի քանի ելույթներից հետո, բարձրացել է։ Սակայն նույնիսկ պահպանողական ու հայրենասիրական մղումներով տոգորված Էլիզաբեթ քաղաքի նման քաղաքներում պատերազմի հարցը մնում է որպես վիճաբանության առարկա։