Մատչելի հղումներ

Շարքային ամերիկացիների սահմանադրական իրավունքներն ու պայքարը ընդդեմ ահաբեկչության


Միացյալ Նահանգների Սենատն անցյալ շաբաթ որոշեց շարունակել քննարկումները Հայրենասիրության օրենքի մի քանի վիճահարույց նախատեսումների ժամկետը երկարաձգելու շուրջ։ Այդ նախատեսումները հետաքննիչներին կարտոնեն հետապնդելու կասկածյալ ահաբեկիչներին։ Քննադատները պնդում են որ այդ նախատեսումները կարող են խախտել շարքային ամերիկացիների գաղտնիության իրավունքները։

Միացյալ Նահանգների կոնգրեսում Հայրենասիրության օրենքի շուրջ դեռեւս երկու դար առաջ երկրի հիմնադիր հայրերից Բենջամին Ֆրանկլինն էր սկսել բանավեճ, որն ասում էր. ՛՛Նրանք, ովքեր հրաժարվում են կարեւոր ազատություններից՝ ժամանակավոր անվտանգություն ապահովելու համար, ո՛չ ազատությանն են արժանի, ո՛չ էլ՝ անվտանգությանը՝՝։

Այս օրենքը նորից ուժի մեջ մտցնելու փորձերում նախագահ Բուշը հիշում է Բենջամին Ֆրանկլինի հանդիմանությունը։ Նախահագ Բուշն ասում է.

՛՛Ամերիկայի ժողովուրդը ցանկանում է, որ ես, մեր օրենքներին ու սահմանադրությանը համապատասխան, անեմ ամեն ինչ՝ իրենց կյանքն ու քաղաքացիական ազատությունները պաշտպանելու համար՝՝։

Սակայն երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Բուշն ասաց, թե ահաբեկչության դեմ պատերազմը պահանջում է մեծ արագություն եւ գաղտնիության բարձրագույն մակարդակ։ Նա ասում է.

՛՛Գաղտնիք պիտի մնան ստացված տեղեկատվության աղբյուրը, այն ձեռք բերելու մեթոդները եւ թշնամու բնույթը հասկանալու համար՝ այդ տեղեկավտությունն օգտագործելու ձեւերը։ Հակառակ դեպքում թշնամին կօգտվի դրանցից՝՝։

Սակայն այս հարցում թերահավատ են Բուշի նույնիսկ նվիրյալ աջակիցները։ Հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմը կարծում է, որ նախագահը գաղտնի լսումներ թույլատրելու եւ կառավարության գործադիր ճյուղը վերահսկելու նպատակով, ոտնահարում է սահմանադրության պահանջները։ Նա ասում է.

՛՛Ես դեմ եմ, որ որեւէ նախագահ նստի մի խումբ կոնգրեսականների հետ եւ անտեսի դատարանները։ Խոսքը քաղաքականության մասին չէ։ Խոսքը պատերազմում հաղթելու եւ մեր արժեքներին հավատարիմ մնալու մասին է, արժեքներ, որոնցից չի կարելի հրաժարվել որեւէ նպատակի պատճառով՝՝։

Այն մտավախությունը կա, որ Հայրենասիրության օրենքի որոշ կետեր կարող են անտեսել գաղտնիքներ ունենալու մարդկանց իրավունքը։ Այդ կետերից մեկն, օրինակ, թույլ է տալիս հեշտությամբ ձեռք բերել կասկածյալի անձնական գրքերն ու փաստաթղթերը։ Նույն օրենքի համաձայն կարող են հետեւել, թե ով ինչ գիրք է վերցնում գրադարաններից։ Ամերիկյան գրադարանների ընկերակցության նախագահ Էմիլի Շիքիթոֆի խոսքերով, տարբեր գրքերի նկատմամբ հետաքրքրությունը կարող է առաջ բերել հակասական կասկածամտություն։ Նա ասում է.

՛՛Օրինակ մարդիկ կարող են քաղցկեղի մասին գրքեր վերցնել՝ այդ հիվանդությամբ տառապող հարազատ ունենալու պատճառով, կամ գործարանի մոտակայքում բնակվելու պատճառով՝ կարող են հետաքրքրվել քիմիական որոշ նյութերով։ Մարդիկ կարող են, հետաքրքրասիրությունից ելնելով՝ գրքեր վերցնել մահմեդական թեմայով՝՝։

Անցյալ շաբաթ նախագահ Բուշը, ըստ հաղորդագրությունների, թույլատրեց, որ հետախուզական գործակալությունն, առանց դատարանից իրավունք ստանալու, լրտեսի 5ՕՕ անձանց։ Նախագահը պնդում է, որ օրենքը ոտնահարված չէ։ Սակայն այս լուրը զայրույթ առաջ բերեց կոնգրեսում։ Հանրապետական սենատոր Արլեն Սպեկթըրի խոսքերով.

՛՛Առանց դատարանի վերահսկողության, լրտեսությունն աններելի է Միացյալ Նահանգներում։ Այն օրենքի բացահայտ խախտում է՝՝։

Ազատությունների եւ անվտանգության միջեւ նորից կդրվի հավասարակշռության հարցը, երբ եկող տարվա սկզբին Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովի քննարկմանը դրվի գաղտնի լսումներ անցնացնելու մասին վարչակազմի ներկայացրած ծրագիրը։

XS
SM
MD
LG