Մատչելի հղումներ

Անցնող տարում կյանքից հեռացած հանրահայտ անձինք


Ավանդաբար, տարեվերջը վախճանված հանրահայտ անձանց կյանքին անդրադառնալու ժամանակն է, ովքեր կենդանության օրոք ներգործություն են ունեցել աշխարհում փոփոխությունների վրա։

Անցած քառորդ դարում Պապ Հովհաննես Պողոս երկրորդը Հռովմեադավան կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր։ Նա այցելել է աշխարհի 120-ից ավելի երկրներ։ Պապը, որի անունը Քերոլ Վոյտիլա է, ծնվել է Լեհաստանում եւ 1980-ական թվականներին, ՚՚Համերաշխություն՚՚ շարժման սերտ դաշնակիցներից էր։

Բազմաթիվ անձանց կարծիքով, նա օգնել է տապալելու կոմունիստական կարգերը։ Նա նաեւ գոյատեւել է իր դեմ սպանության փորձից։ Պապ Հովհաննես Պողոս երկրորդը շիտակ եւ պահպանողական մարդ էր։ Սակայն ծնելիությունն ու վիժեցումը վերահսկելու նրա դիրքորոշումը օտարեցին որոշ թվով անձանց։

Իր կյանքի վերջում պապը տառապում էր բազմաթիվ հիվանդություններից։ Բազմաթիվ անձինք դժվարին ժամանակներում Պապի վճռակամությունն ու արժանապատվությունը համարում էին խիզախ։ Պապը ութսունչորս տարեկան էր, երբ մահացավ սրտի ու երիկամների հիվանդությունից։

Սենատոր Յուջին ՄկՔարտին նախագահական պաշտոնի հավանական թեկնածու էր, սակայն երբեք չառաջադրվեց իր կուսակցության կողմից։ Այնուամենայնիվ, նրա ազդեցությունը մի պահ նշանակալից էր երկրի նախագահական պաշտոնի վրա։

Զգալով, որ Վիետնամի պատերազմը հարաճունորեն չի վայելում հասարակության համակրանքը, սենատոր ՄկՔարտին 1968 թվականին համախմբեց բազմաթիվ երիտասարդ ամերիկացիների եւ իր թեկնածությունն առաջադրեց երկրի նախագահի պաշտոնին, եւ ընտրություններում ջանաց հաղթել վերընտրվել փորձող նախագահ Լինդոն Ջոնսոնին։

ՄկՔարտին ընտրություններում չհաղթեց, սակայն նախնական ընտրություններում նրա հանրահայտության հետեւանքով նախագահ Ջոնսոնը հանեց իր թեկնածությունն ընտրություններից։ Նախագահ Ջոնսոնն իր ելույթում ասաց.

՚՚Ես չեմ հետամտի եւ չեմ ընդունի կառավարման մեկ այլ ժամկետով ձեր նախագահը լինելու իմ կուսակցության առաջադրումը՚՚։

Ռոբերտ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում, սակայն նրան սպանեցին։ Դեմոկրատական կուսակցությունը նախագահական պաշտոնին առաջադրեց փոխ-նախագահ Հուբերտ Համֆրիի թեկնածությունը։ Նա պարտություն կրեց Հանրապետական կուսակցությունից առաջադրված Ռիչարդ Նիքսոնին, որը հետագայում հարկադրված էր հրաժարական տալու։

Արթուր Միլլերն ամերիկյան ամենահանրահայտ թատերագիրներից էր։ Նա 1940-ական եւ 50-ական թվականներին պարգեւի է արժանացել ՚՚Իմ բոլոր երեխաները՚՚, եւ ՚՚Ծանր փորձությունը՚՚ գործերի համար։ Սակայն նրա ստեղծած ամենահիշարժան կերպարը Վիլի Լոմանի կերպարն է Պուլիցերի մրցանակի արժանացած ՚՚Վաճառականի մահը՚՚ գրվածքում։ Պարոն Միլլերը 89 տարեկան էր։

Հիսուն տարի առաջ, Ալաբամայի նահանգի Մոնգոմերի քաղաքում Ռոզա Փարքսն ավտոբուսով երթեւեկելիս անտեսեց իր նստարանը մի սպիտակամորթ տղամարդու զիջելու վարորդի կարգադրությունը։ Այդ պատճառով նրա ձերբակալությունը երկրում հարուցեց քաղաքացիական ազատությունների համար պայքար։

Ռոզա Փարքսը պարգեւատրվել է Կոնգրեսական Ոսկե մեդալով, իսկ Մոնգոմերի քաղաքը վերջերս պատվեց նրան, նշելով նրա ձերբակալության հիսունամյակը։

Կոմիկ դերասան Ռիչարդ Փրայըրը նույնպես պայքարել է ցեղախտրության դեմ, սակայն իր յուրահատուկ ձեւով։ Իր ընտանիքի կողմից կառավարվող հասարակաց տանը ծնված եւ հասակ առած պարոն Փրայըրը բեմականացրել է իր մանկության տարիներին տեսած անձանց կերպարները։

1970-ական եւ ութսունական թվականներին նա մեծ հանրահայտություն էր վայելում հեռուստատեսային եւ գեղարվեստական կինոնկարներում, սակայն թմրադեղեր օգտագործելու եւ առողջական խնդիրների հետեւանքով զիջեց դիրքերը։ Բեմում պարոն Փրայըրի մարմնի շարժումներն ու պարզ լեզուն հանդիսատեսին էին հաղորդում սեւամորթ ամերիկացիների հումորի պերճությունը։ Ռիչարդ Փրայըրը 65 տարեկան էր։

Իր չափազանց խորը գիտելիքների եւ հանրահայտ դերասանի արտաքինով թերեւս անխուսափելի էր, որ կանադացի Փիթր Ջենինգսը դարձավ հեռուստատեսային հաղորդավար։ Պարոն Ջենինգսն ասել է, թե իրեն ամենաշատը դուր է եկել, երբ աշխատել է որպես թղթակից օտար երկրներում, սակայն հեռուստադիտողները նրան միշտ լավագույնս կհիշեն որպես ՚՚Էյ-Բի-Սի՚՚ հեռուստակայանի լուրերի գլխավոր հաղորդավար, ուր աշխատում էր վերջին 22 տարում։ Ցանկացած լուրը մեկնաբանելիս պարոն Ջինինգսն իր հեռուստադիտողների համար զուսպ, հանգստացնող բանականության ձայնն էր։

Ջոնի Քարսոնը հեռուստատեսային մեկ այլ հանրահայտ անձ էր։ Չորս տասնամյակ շարունակ միլիոնավոր ամերիկացիներ դիտում էին նրա ՚՚ Այս գիշերվա ներկայացումը՚՚, որը բաղկացած էր երգիծանքից, կատակային եւ նորույթային տեսարաններից։ Հեռուստադիտողներին սովորաբար դուր էր գալիս նրա բացման մենախոսությունը։ Ջոնի Քարսոնը 79 տարեկան էր։

Դոն Ադամսի հաջողությունը շատ ավելի կարճ տեւեց։ Պարոն Ադամսը 1960-ական թվականներին խաղում էր ՚՚Խելացի եղիր՚՚ ներկայացման մեջ։

Աննա Բանկրոֆթը բազմակողմանի, փայլուն դերասանուհի էր եւ 1960 թվականին արժանացել է Կիոնոակադեմիայի ՚՚Օսկարի՚՚ պարգեւի իր կատարած դերերից մեկի համար։ Սակայն նրա արվեստի երկրպագուները համաձայն են, որ նրա լավագույն դերը ՚՚ավելի տարեց կնոջ՚՚ կերպարն էր 1967 թվականին նկարահանված ՚՚Շրջանավարտը՚՚ ֆիլմում, ուր գայթակղում է երիտասարդ Դաստին Հոֆմանին։

XS
SM
MD
LG