Մատչելի հղումներ

Պատերազմն ու կոռուպցիան Իրաքում խոչընդոտում են օտարերկրյա ներդրումները



Մինչ վերակառուցման աշխատանքները Իրաքում շարունակվում են, Իրաքի տնտեսության բնագավառում բացակայում են օտարերկրյա լուրջ ներդրումները։ Դրանով հանդերձ, Մերձավոր Արեւելքում առկա է որոշակի հետաքրքրություն Իրաքում ներդրումների հնարավորությունների նկատմամբ։

Օտարերկրացի ավելի քան 4ՕՕ պայմանագրային աշխատող է 2ՕՕ3 թվականի մարտից ի վեր սպանվել Իրաքում, իսկ պատերազմը՝ դարձել է օտարերկրյա ներդրումների համար գլխավոր խոչընդոտ։ Սակայն Իրաքում վերակառուցումը կարծես թափ է առնում։ Օրինակ, աշխարհում ցեմենտի խոշորագույն գործարաններից մեկն է կառուցվում հյուսիսային Սուլամանիահ քաղաքում։ Եգիպտացի գործարար Ալլահ Աբդուլլահը այս ծրագրում գլխավոր փայատերերից է։ Նա ասում է.՛՛Կարելի է հարստության երկիր անվանել Իրաքը։ Իմ կարծիքով մեծ հնարավորություններ կան այստեղ՝՝։

Իրբիլ քաղաքում բնակարանային զանգվածային շինարարություն են իրականացնում թուրք ներդրողները։ Հարավային Բասրա քաղաքում Դուբայի գործարարնները կառուցում են մեկ միլիարդ դոլար արժողությամբ քիմիական գործարան։ Սակայն ինչպես Ռենդ ընկերության ավագ տնտեսագետ Քիթ Քրեյնն է ասում, օտար ներդրողները Իրաքում ունեն անձնական կապեր.

՛՛Դրամը, որը հիմնականում հոսում է Պարսից ծոցի երկրներից, ժամանակին փաստորեն դուրս է եկել Իրաքից։ Ես դա ավելի շատ կանվանեի իրաքյան, քանի որ դրանց տերերը հիմնականում Իրաքից արտագաղթածներն են՝՝։

Միացյալ Նահանգների արտգործնախարարության ինտերնետային էջում ասված է, որ Իրաքն ունի խելացի ու աշխատասեր ժողովուրդ, ինչն այս երկիրը դարձնում է Մերձավոր Արեւելքում ներդրումների համար յուրօրինակ մի վայր։ Սակայն Քիթ Քրեյնը գտնում է, որ այդ խոսքերը չափազանցված են։ Նա ասում է.

՛՛Կոռուպցիան այստեղ մի քանի տեսակներ ունի։ Մի տեսակը նավթահանքերից դրամ կորզելու եղանակն է, մյուս տեսակը՝ մարդկանցից կաշառք վերցնելու։ Երրորդը, ամենադասականը՝ մարդկանց աշխատանքային իրավունք տալու համար նրանցից կաշառք վերցնելն է՝՝։

Պարոն Քրեյնն ասում է, թե ներդրումների համար Իրաքի ամենագրավիչ ոլորտը նավթի բնագավառն է, սակայն Իրաքում անկայուն իրավիճակը հետ է պահում արեւմտյան ներդրողներին։

Չնայած օտար ներդրումներն Իրաքում նշանակալի չեն, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջերս նշեց, որ կոալիցիոն ուժերը մանր ձեռներեցության համար տրամադրել են 21 միլիոն դոլարի վարկեր, օգնել են շրջանառության մեջ դնել դրամական նոր միավոր եւ վերաբացել դրամի շուկան։ Նա ասում է.

՛՛Այս ջանքերի արդյունքում եւ ձեռքբերված ազատության շնորհիվ, երկրի ազատագրումից հետո Իրաքում բացվել է ավելի քան 3Օ հազար նոր ձեռնարկություն։ Իրաքի ձեռնարկությունների տերերի ավելի քան երեք քառորդը կանխատեսում է եկող երկու տարիներին տնտեսական աճ՝՝։

Տնտեսագետ Քիթ Քրեյնն ասում է, թե չի կարելի ակնկալել շատ արագ ներդրումներ, այնպես ինչպես չի կարելի պատկերացնել, որ չորեքթաթ անող երեխան 18 ամսից կդառնա արհեստավարժ ֆուտբոլիստ։ Հակամարտություններից հետո արտասահմանից ներդրումներ են սկսվում, երբ կարգավորվում է տվյալ երկրի տնտեսությունը։

Այժմ կարեւոր է, ասում է նա, որ Իրաքի օրենքները բոլորին, ե՛ւ իրաքցիներին ե՛ւ օտար քաղաքացիներին տան իրենց ձեռնարկություններն այստեղ բացելու իրավունք։

XS
SM
MD
LG