Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը  պաշտպանում է Իրաքի պատերազմը


Նախագահ Բուշը արձագանքելով հանրային այն կարծիքին, թե , պատերազմն Իրաքում անհաջող է, ասել է թե առկա է առաջադիմություն, որի մասին չի հաղորդվում, եւ որ Միացյալ Նահանգները կհաղթի այդ պատերազմում։

Նախագահ Բուշն այս հայտարարությամբ հանդես եկավ դեկտեմբերի 7-ին՝ Ճապոնիայի կողմից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկյան ուժերի վրա իրականացված հարձակման

64-րդ տարելիցի օրը։ Նրա խոսքերով, այդ պատերազմի ժամանակ եւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո Ամերիկայի ժողովրդի առջեւ կանգնած են միանման խնդիրներ։ Նախորդ պատերազմի նման, Իրաքի պատերազմում Ամերիկայի նպատակը հաղթելն է, հայտարարեց նա.

՝՝Հաղթանակը ձեռք կբերվի այն ժամանակ, երբ ահաբեկիչները եւ սադամականներն այլեւս չսպառնան Իրաքի ժողովրդավարական կարգերին, երբ Իրաքի անվտանգության ուժերն ինքնուրույն կարողանան ապահովել իրենց ժողովրդի անվտանգությունը եւ երբ ահաբեկիչներն ապաստան չգտնեն Իրաքի տարծքում՝՝։

Նախագահ Բուշն ասում է, թե հաղթանակի հասնելու հանգամանքն ունի երեք բաղկացուցիչ։ Նախ՝ հարկավոր է օգնել Իրաքին ժողովրդավարական հաստատություններ հիմնելու գործում։ Երկրորդ՝ մարզել Իրաքի ուժերին, առանց արտաքին միջամտության, երկրի անվտանգությունը երաշխավորելու համար։ Եվ երրորդ՝ օժանդակել այստեղ տնտեսական աճ ապահովելու նպատակով։ Նա ասաց.

՝՝Մեր զինված եւ քաղաքացիական ուժերի օգնության եւ տեղական կառավարությունների ու բնակիչների աջակցությամբ, Իրաքի կառավարությունը կարող է սկսել վերակառուցման աշխատանքներ՝՝։

Պարոն Բուշն ընդունում է, որ վերակառուցումը, անվտանգության խնդիրների պատճառով, չի ընթանում ինչպես նախատեսված էր։ Չնայած, նրա խոսքերով, կա նկատելի առաջընթաց պատերազմից մեծապես վնասված Մոսուլ եւ Նաջաֆ քաղաքներում։ Մասնավորապես նա նշեց նոր բացված դպրոցների ու հիվանդանոցների, վերականգնված էլեկտրակայանների եւ աճող փոքր բիզնեսների փաստը։

Սակայն Փենսիլվանիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջոն Մըրթան ասում է, թե նախագահի ծրագիրը ոտնահարում է իր իսկ քաղաքական խոստումներից մեկը։

՛՛Ի՞նչ էր ասում նախագահ Բուշն իր առաջին ընտրապայքարի ժամանակ։ Ասում էր. ՝՝Մեր առջեւ երկիր կառուցելու խնդիր չկա՝՝։ Այո, չկա, այստեղ մեր զինված ուժերի կողմից իրականացված քայլերի պատճառով։ Մենք գնացինք այնտեղ՝ ոչնչացնելով տեղանքը։ Իսկ երբ ոչնչացնում ես տեղանքը, կորցնում ես շատ էական բան՝՝։

Կոնգրեսականն ասում է, թե այդ էականը Իրաքի ժողովրդի սիրտն է ու միտքը, որոնք Միացյալ Նահանգները կորցրեց պատերազմի սկզբում անվտանգությունն ապահովել չկարողանալու եւ երկրի կոյուղու ու ջրամատակարարման ցանցը չվերականգնելու պատճառով։ Այժմ, ինչպես կոնգրեսական Մըրթան է ասում, Իրաքում պայքարն այսօր ոչ թե ընդդեմ ահաբեկիչների է, այլ այն իրաքցիների, ովքեր պարզապես ուզում են, որ ԱՄՆ-ը հեռանա Իրաքից։ Նա առաջարկում է ամերիկյան ուժերն անհապաղ տեղակայել Քուվեյթում կամ Պարսից ծոցի այլ երկրներում եւ վերադառնալ Իրաք միայն Միացյալ Նահանգների դեմ որոշակի սպառնալիքի դեպքում։

XS
SM
MD
LG