Մատչելի հղումներ

Աշխարհի երկրները նախապատրաստվում են թռչնագրիպի դեմ պայքարի


Չինաստանի կառավարությունն անցնող երեքշաբթի հայտարարել է, թե տասնամյա մի աղջիկ հիվանդացել է թռչնագրիպով, որը վերջին շաբաթներին չորրորդ նման դեպքն է երկրում։

՚՚Էյչ 5 Էն 1՚՚ մանրէով վարակված աղջիկը Չինաստանի Գուանգշի գավառից է։ Մանրէի այս տեսակից 2003 թվականից ի վեր Ասիայում մահացել են 69 անձինք։ Թռչուններին պատվաստելով եւ հիվանդության մասին մարդկանց կրթելով Չինաստանը սկսել է թռչնագրիպի համաճարակի դեմ պայքարի եռանդուն արշավ։ ԱՄՆ-ի իշխանությունները նույնպես սկսել են նախապատրաստվել։

Այս շաբաթ, Վաշինգտոնում համերկրային, նահանգային եւ շրջանային պաշտոնատարները սկսեցին նախագծել համաճարակն անակնկալորեն սկսվելու դեպքում դրա դեմ պայքարի ծրագրեր։

՚՚…արտակարգ իրադրությունների դեպքում ծրագրումը լավ չի կատարվում , երբ ձեռնարկվում է աղետը սկսվելուց հետո։ Ծովամրրիկիկների աղետից մեր ստացած դասն այն է, որ որքան վաղ սկսենք ծրագրել, կացությունն այնքան բարվոք կլինի՚՚։

Մայքլ Չերտոֆն ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարն է։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Մայք Լեւիտն ավելացրել է, որ համաճարակ սկսվելու դեպքում մարդիկ չպետք է օգնություն ակնկալեն այլ անձանցից.

՚՚ ..բազմաթիվ համայնքներ թերեւս իրենք պետք է գտնեն միջոցներ. ծովամրրիկի դեպքում նրանք կկարողանային ապավինել այլոց օգնությանը, սակայն թռչնագրիպի համաճարակի դեպքում հավանաբար չեն կարողանա՚՚։

ԱՄՆ-ի պաշտոնատարները նաեւ աշխատում են համակարգել ջանքերն այլ երկրների հետ։ Նախագահ Ջորջ Բուշն անցնող երեքշաբթի հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր ղեկավար, դոկտոր Լի Յոնգ Վուքի հետ, մանրէի դեմ պայքարի ծրագրերը քննարկելու համար.

՚՚Իմ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնտատարների հետ երկարատեւ զրույց ունեցանք թռչնագրիպի հնարավոր համաճարակի դեմ պայքարի միջազգային ռազմավարության շուրջ՚՚։

Մինչեւ աժմ մանրէն թռչուններից փոխանցվել է մարդկանց, նրանց հետ շփման հետեւանքով, սակայն փորձագետները, ինչպես օրինակ, Ալերգետիկ եւ վարակիչ հիվանդությունների համերկրային ինստիտուտի ղեկավար, դոկտոր Անտոնի Ֆոսին է հայտնում են, թե դա կարող է փոխվել.

՚՚Մենք մտահոգված ենք, որ տեղի կունենա մանրէի մուտացիա, վերափոխում, որի հետեւանքով մանրէն կտարածվի էլ ավելի արդյունավետորեն, սկզբում թռչուններից մարդկանց՝ իսկ այնուհետեւ մարդուց-մարդուն՚՚։ Գրիպի յուրաքանչյուր սեզոնի ժամանակ, մանրէներն աստիճանաբար վերափոխվում են։ Թռչնագրիպով մարդկանց հիվանդանալու ամեն մի նոր դեպքում ավելանում է մանրէի վերափոխվելու եւ այն մարդուց-մարդուն անցնելու հավանականությունը։

XS
SM
MD
LG