Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը պաշտպանում է իր քաղաքականությունն Իրաքում


Նախագահ Ջորջ Բուշը Միացյալ Նահանգների Ռազմածովային Ակադեմիայում անցնող չորեքշաբթի ունեցած իր ելույթում պաշտպանեց Իրաքի առնչությամբ իր քաղաքականությունը, դեկտեմբերի տասնհինգին այդ երկրում կայանալիք ընտրություններից առաջ։

Իրաքում իրագործվող նախագահ Բուշի քաղաքականությունը դիմակայում է հարաճուն քննադատություն. նրա վարկանիշը նվազել է մրցանիշային մակարդակի եւ Կոնգրեսն ու ամերիկյան հասարակայնությունը հարց են տալիս, թե Միացյալ Նահանգներն իր զինուժը ե՞րբ է դուրս բերելու Իրաքից։ Ռազմածովային Ակադեմիայում նոյեմբերի երեսունին ունեցած ելույթում նախագահ Բուշը վերստին հրաժարվեց նշանակել զինուժերը դուրս բերելու ժամանակացույց.

՚՚Իրաքում զինուժերի թվաքանակի հարցի շուրջ որոշումը կկայացվի ոչ թե Վաշինգտոնում քաղաքագետների կողմից նշանակված արհեստական ժամանակացույցերով՝ այլ այդ երկրում պայմաններն ու մեր զորահրամանատարների կարծիքը հաշվի առնելու միջոցով՚՚։

Պարոն Բուշը նաեւ ավելացրեց, որ Միացյալ Նահանգները չի հեռանա Իրաքից մինչեւ իրաքցիները կարողանան ապահովել իրենց անվտանգությունը։ Նա ասաց, որ Իրաքի հարյուր քսան գումարտակներից քառասունը ներկայումս ստանձնել են այդ պարտականությունը։ Պարոն Բուշը նաեւ ավելացրեց, որ ամերիկյան զինուժերը չափազանց վաղ դուրս բերելը պատգամ կհղի, որ Միացյալ Նահանգներն անվստահելի դաշնակից է, եւ կարծիք հայտնեց, որ զինուժերը դուրս բերլու դեպքում Իրաքը կդառնա ահաբեկիչների ապաստարան.

՚՚Ես ձեզ խոստանում եմ հետեւյալը. Ամերիկան չի փախչի ավտոմեքենաներ ռմբահարողներից եւ մարդասպաններից, քանի դեռ ես ձեր Գլխավոր հրամանատարն եմ՚՚։

Նախագահ Բուշն ասաց, թե Միացյալ Նահանգները հետամուտ է Իրաքում հաղթանակի ռազմավարության՝ ռազմական, տնտեսության եւ քաղաքականության բնագավառներում։ Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության անդամներից սենատոր Ջոն Քերրին փաստարկեց, որ զինուժերը դուրս բերելը փաստորեն կարող է օգնել Միացյալ Նահանգների ջանքերին.

՚՚Մեր բանակի գեներալները նախագահին ասում են, որ մեծ թվաքանակով մեր ներկայությունը խնդրի մաս է կազմում, եւ որ պետք է սկսել զինուժերի դուրս բերումը։ Նախագահն այսօր չընդունեց դա՚՚։

Դեմոկրատական կուսակցության որոշ անդամներ ասել են, թե պարոն Բուշի ռազմավարությունը թերի է որոշակի հարցերի շուրջ։ Սենատոր Ջաք Ռիդն այս մասին ասաց.

՚՚Նախագահը վերստին չկարողացավ պատասխանել ամերիկացիների հարցերին. ինչպե՞ս ենք իմանում, թե առաջընթաց կատարե՞լ ենք այնտեղ։ Ինչպե՞ս ենք որոշում հաջողության աստիճանը։ Ամերիկան որքա՞ն ժամանակ է ակնկալում մնալ Իրաքում՚՚։

Սակայն ոչ բոլոր դեմոկրատներն են այսքան քննադադաբար մոտենում խնդրին։ Սենատոր Ջոզեֆ Լիբերմանը նույնպես ընդդիմանում է ժամանակացույցի գաղափարին, սակայն ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը մեկ տարվա ընթացքում սկսի կրճատել իր զինուժերն Իրաքում.

՚՚Ամերիկացիներն ըմբռնումով կմոտենան, եթե հարկադրված լինենք մի քանի տարի ավելի փոքր թվաքանակով զինուժ պահել Իրաքում կամ հարեւան երկրներում՚՚։

Սպիտակ Տունը նախագահի ՚՚հաղթանակի ծրագիրը՚՚ հրապարակել է երեսունհինգ էջանոց գրքույկում։ Պարոն Բուշն ասում է, թե դա Իրաքի առնչութամբ իր վարչակազմի ռազմավարության գաղտնազերծված տարբերակն է, եւ ամերիկացիներին հորդորել է ընթերցել այն։

XS
SM
MD
LG