Մատչելի հղումներ

Ֆրանսիայի զբոսաշրջությունը չի տուժել


Միջազգային մամուլում մեծ թվով հաղորդագրություններ են եղել Ֆրանսիայում տեղի ունեցած խռովությունների շուրջ, սակայն հուզումները զբոսաշրջիկներին ետ չեն պահել Փարիզ այցելելուց։

Էյֆելյան աշտարակի մերձակայքում կայացած մի հավաքում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները կոչ արեցին վերջ դնել բռնարարքներին Ֆրանսիայում։ Միացյալ Նահանգներից զբոսաշրջիկ Բոբ Գրահամն ասում է, թե չնայած խռովությունների մասին հաղորդումներին, իր ընտանիքը որոշեց շարունակել արձակուրդը Փարիզում.

՚՚Մենք չափազանց մտահոգված էինք, քանի որ գալիս էինք գնացքով։ Գնացքն անցավ Փարիզի արվարձաններով, ուր տեղի էին ունենում բռնարարքներ։ Սակայն հետեւում էինք լուրերին եւ որոշեցինք գալ՚՚։

Փարիզի հետաքրքրաշարժ վայրերը փաստորեն զերծ են մնացել խռովություններից։ Այնպիսի վայրերում, ինչպես օրինակ, Լուվրն է, բիզնեսը սովորականի նման շարունակվում է։ Ավստրալիացի Ջեյն Քարաֆին ասում է, թե բռնարարքների մասին լրատվական միջոցներում լուրերը կարող են այն տպավորությունը ստեղծել, որ կարծես ամբողջ քաղաքը պաշարման մեջ է.

՚՚Տարիներ շարունակ ապրել եմ Լոնդոնում։ Ականատես եմ եղել խռովությունների։ Դրանք տեղի են ունենում որոշակի շրջաններում, խելամտորեն գործելու դեպքում կարելի է խուսափել դրանցից՚՚։

Նոթր Դամի եկեղեցի այցելած գերմանացի զբոսաշրջիկ Կատրինա Բերգմանը ասում է, թե չի երկյուղել, քանի որ չի կարդացել թերթեր եւ չի դիտել հեռուստացույց։ Խռովությունների մասին լուրերն անակնկալ էին նաեւ եգիպտացի զբոսաշրջիկ Ջին Էլվայի համար.

՚՚ Երբ ժամանեցի, դրանք սկսվեցին՚՚։

Սակայն նա ասել է, թե իր այցելությունը չի խաթարվել ցույցերի կամ բռնարարքային դեպքերի հետեւանքով։ Զբոսաշրջության բնագավառում աշխատող որոշ թվով անձինք մտահոգ են, որ Փարիզում խռովությունների մասին լուրերն ապագայում կարող են վնասել զբոսաշրջությանը։ Սակայն տաքսու վարորդ Ֆրենկ Միշելի կարծիքով այս կարգի լուրերը թերեւս կարող են ազդել միայն մեկ երկրից զբոսաշրջիկների վրա, որպեսզի չայցելեն Փարիզ.

՚՚Ամերիկացիները։ Նրանք կլինեն դրանից տուժող միակ զբոսաշրջիկները։ Երբ սրա նման ինչ-որ բան է տեղի ունենում Ֆրանսիայում, նրանք առաջինն են երկյուղում՚՚։

Նա վստահ է, որ աշխարհի մնացած երկրներից զբոսաշրջիկները կշարունակեն այցելել Ֆրանսիա եւ կվայելել նրա հյուրընկալությունն ու պատմությունը, որով հանրահայտ է իրենց երկիրը։

XS
SM
MD
LG