Մատչելի հղումներ

Չեյնին դեմ է Իրաքից ամերիկյան զինուժը դուրս բերելուն


Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնին վերստին մերժում է այն մեղադրանքները, որ Սպիտակ Տունն Իրաքի դեմ պատերազմից առաջ հետախուզական կեղծ տվյալներ է օգտագործել ամերիկյան ժողովրդին մոլորության մեջ գցելու համար։

Ելույթ ունենալով ՚՚Ամերիկյան Էնեթըփրայզ ինսթիթյութ՚՚ ուսումնասիրություններ կատարող կազմակերպությունում, փոխնախագահ Դիք Չեյնին Իրաքից ամերիկյան զինուժերը դուրս բերելու առաջարկներն անվանել է ՚՚վտանգավոր պատրանք՚՚, որը կհանգեցնի ազատ երկրների դեմ նոր բռնարարքների.

՚՚Փաստորեն, այսպիսի նահանջն ահաբեկիչներին կապացուցի, որ ազատ երկրները կփոխեն իրենց քաղաքականությունը, կլքեն իրենց բարեկամներին, կհրաժարվեն իրենց շահերից, երբ դիմակայեն սպանություն եւ շանտաժ՚՚։

Իրաքի քաղաքականության շուրջ բանավեճն է՛լ ավելի բորբոքվեց անցյալ շաբաթ, երբ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ջոն Մրթան, որն աջակցել էր Իրաքում ԱՄՆ-ի դերին, նախագահ Բուշին կոչ արեց վեց ամսվա ընթացքում Իրաքից դուրս բերել ամերիկյան ամբողջ զինուժը։

Հանրապետական կուսակցությունից կոնգրեսականները ռազմածովային զինուժերի վետերանին մեղադրեցին վախկոտության մեջ եւ հարկադրեցին քվեարկություն անցկացնել ամերիկյան զինուժերն Իրաքից անհապաղ դուրս բերելու հարցի շուրջ։ Կոնգրեսի անդամներն առաջարկը մերժեցին գրեթե միաձայն։ Իր ելույթում պարոն Չեյնին անձնական հարձակում չգործեց պարոն Մրթայի դեմ, սակայն սուր քննադատության ենթարկեց Դեմոկրատական կուսակցությունից այն սենատորներին, ովքեր վարչակազմին մեղադրում են հասարակությանը խաբելու մեջ.

՚՚Կրկնում եմ, որ Միացյալ Նահանգների մի քանի սենատորների կողմից արված առաջարկությունն անազնիվ է եւ պարսավանքի արժանի, որ մեր երկրի նախագահը կամ նրա վարչակազմի որեւէ անդամ իբր կանխամտածված կերպով մոլորության մեջ է գցել ամերիկյան ժողովրդին մինչպատերազմյան հետախուզական սխալ տվյալներով՚՚։

Սակայն Լոս Անջելես Թայմզ թերթում հրատարակված մի նոր հոդվածի համաձայն, Գերմանիայի հետախուզության պաշտոնատարները Միացյալ Նահանգների իշխանություններին նախազգուշացրել էին, որ Իրաքից փախած մի իրազեկիչ հայտնել է, թե երբեք չի տեսել զանգվածային ոչնչացման զենքեր Իրաքում։

Չնայած իրազեկիչը չէր վայելում Գերմանիայի հետախուզության վստահությունը, կենսաբանական զենքերի շարժական գործարանների մասին նրա պնդումը տեղ գտավ արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելի՝ 2003 թվականի փետրվարին ՄԱԿ-ում ունեցած ելույթում։ Այդ ելույթն օգնեց իրավական հիմք նախապատրաստելու պատերազմի համար։

Անցյալ կիրակի ելույթ ունենալով ՚՚ԷՆ-Բի-Սի՚՚ հեռուստակայանի ՚՚հանդիպում մամլո հետ՚՚ ծրագրով, կոնգրեսական Մրթան ՚՚սխալ՚՚ հետախուզությունն անվանեց անընդունելի.

՚՚Նախագահը պետք է խիստ զայրանա իրեն հետախուզական սխալ տվյալներ տվող անձանց վրա։ Մենք ավելի շատ գումար ենք ծախսում հետախուզության վրա, քան աբողջ աշխարհի երկրները միասին, սակայն մեր հետախուզությունը սխալվեց։ Կասկած անգամ չկա, որ սխալ ուղղությամբ ենք գնում եւ չենք հաղթում՚՚։

Իսկ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը պնդում է, թե Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող դաշնադրությունը շարունակում է առաջընթաց արձանագրել եւ ասում է, թե զինուժի դուրս բերումն Իրաքը կվերածի ահաբեկիչների ապաստարանի։

XS
SM
MD
LG