Մատչելի հղումներ

Ամերիկյան բժիշկները Պակիստանում


Պակիստանյան ծագմամբ ամերիկացիներն ամեն կարգի օգնություն են ցուցաբերում անցնող հոկտեմբերի սկզբներին հյուսիսային Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։

Պակիստանում գտնվող բժիշկներից մի քանիսը Հյուսիսային Ամերիկայի պակիստանցի բժիշկների միության անդամ են, որն անցած երկու ամսում 70-ից ավելի բժիշկների ուղարկել է աղետի գոտի։ Երկրաշարժից տուժածներին անհրաժեշտ է տարբեր բնույթի օգնություն, եւ նրանց կացությունը կարող է վատթարանալ ձմռան մոտենալով։ Բժիշկ Նիսար Չաուդրին, որը ժամանել է ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգից, ասում է.

՚՚Կարծում եմ, պակիստանցի ամերիկացիների համար Աստծո ողորմածությամբ յուրահատուկ հնարավորություն կլինի այս գործակցությունը ստեղծելը, կարեկցանքն այս կարգի ծառայությունների հետ համակցելով՚՚։

Երկրաշարժից տուժածների նկատմամբ կարեկցանքը բժիշկ Մուշտագ Շեյխին բերել է Նյու Յորքի Էլմիրա քաղաքից։ Նա ասում է.

՚՚Կարող ենք խոսել ոչ միայն անգլերեն, այլեւ ուրդու, փենջաբ եւ այդ շրջանի մի քանի այլ լեզուներով։ Այսպիսով կարող ենք հաղորդակցվել հիվանդների հետ, որը մեծագույն դժվարությունն էր սկզբում՚՚։

Այս տարեց տղամարդը տառապում է սրտի հիվանդությունից եւ մահվան եզրին էր, երբ ժամանեց։ Նա այժմ ապաքինվում է բժիշկ Շեյխի խնամքի ներքո։ Սակայն բժշկին մտահոգում են առաջիկա խնդիրները։ Նա ասում է.

՚՚Այժմ բժշկական խնդիրներն ավելացել են, քանի որ այդ անձինք այս ցուրտ եղանակին բազմաթիվ այլ մարդկանց հետ ապրում են վրանների մեջ, եւ նրանց շրջանում սկսվել են հիվանդություններ, ինչպես օրինակ, բրոնխիտ, թոքաբորբ, լուծ՚՚։

Սակայն բժիշկ Շեյխը գիտի, որ ձմռան մոտենալով բժշկական խնդիրներն ավելանալու են։ նա ասում է.

՚՚Երբ մեծ թվով անձինք կուտակվում են մի փոքր տարածքում, մեկից մյուսին է փոխանցվում ամեն կարգի վարակիչ հիվանդություն։ Ես ցավում եմ այս մարդկանց՝ իմ եղբայրակիցների համար, ովքեր բնական աղետի հետեւանքով կրում են այսպիսի զրկանքներ՚՚։

XS
SM
MD
LG