Մատչելի հղումներ

Թռչնագրիպի համաճարակն անխուսափելի է


Ժնեւում կայացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդաժողովում փորձագետները կոչ են անում հրատապ միջոցներ ձեռնարկել թռչնագրիպի մանրէի տարածումը կանխելու համար։

Շվեյցարիայում հանդիպող առողջապահության բնագավառի աշխատողներն ու անասնաբույժներն ասում են, թե ներկայիս թռչնագրիպի մանրէի վերափոխված ձեւի տարածումը մարդկանց շրջանում անխուսափելի է։ Թռչնագրիպի դեմ պայքարի աշխատանքների ՄԱԿ-ի համադրող Դեյվիդ Նաբարոն ասել է, թե աշխարհի երկրները պետք է համակարգեն իրենց ջանքերն այդ գործում.

՚՚Մեզ անհրաժեշտ է, որպեսզի համերկրային եւ միջազգային բարձր մակարդակով որոշումներ կայացնող պաշտոնատարներն ապահովեն թռչնագրիպի դեմ պայքարի միջոցներ եւ վերացնեն այդ խնդրում առաջացող բոլոր խոչընդոտները՚՚։

Դոկտոր Նաբարոն ասել է, թե չնայած մարդկանց շրջանում համաճարակը կարող է լինել ՚՚բավականին սարսափելի՚՚, ՄԱԿ-ի պաշտոնատարները նաեւ այն կարծիքին են, որ առկա է հույս՝ համագործակցության միջոցով.

՚՚Ես շատ ավելի լավատես եմ միջազգային համագործակցության չափի շուրջ թե թռչնագրիպի համաճարակի դեմ պայքարն ավելի լավ լուծելու, եւ թե համաճարակին նախապատրաստվելու խնդրում՚՚։

Համաշխարհային մի այսպիսի ծրագրի համար կպահանջվի ներդրում անել անասնաբուժության ծառայություններում, գիտական համագործակցություն՝ պատվաստանյութի ստեղծման գործում եւ ավելի մեծ մատչելիություն մանրէների դեմ դեղորայքին։ Սակայն սա հարուցում է մտահոգություն համաշխարհային մակարդակով թռչնագրիպի դեմ պայքարի ծախսերի շուրջ։

Համաշխարհային Բանկի տվյալներով գումարը կկազմի 800 միլիարդ դոլար։ Մարդկանց շրջանում գրիպից հնարավոր մահացությունների թիվը տարբեր է։ Դոկտոր Նաբարոն ասում է, թե թռչնագրիպից թերեւս կմահանա մոտավորապես 150 միլիոն մարդ։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, ավելի իրատեսական է յոթ միլիոն չորս հարյուր հազարը։

Թռչնագրիպի հետեւանքով մինչեւ այժմ մահացել, կամ ոչնչացվել է 150 միլիոն թռչուն։ Իսկ 2003 թվականից ի վեր թռչնագրիպից մահացել են վաթսունից ավելի անձինք։ Չինաստանը մեծ չափով ավելացրել է թռչնագրիպի դեմ պայքարի իր ջանքերը։ Իշխանությունները կարգադրել են փակել Պեկինի կենդանի թռչունների բոլոր շուկաները, իսկ երկրի հյուսիս-արեւելյան մասում թռչնագրիպի դեպքերի հետեւանքով ոչնչացվել է վեց միլիոն թռչուն։

Չինաստանը նաեւ հայտնում է, որ սկզբնապես թոքաբորբով ախտորոշված մի քանի հիվանդներ թերեւս վարակվել են թռչնագրիպով։ Նրանցից մեկը, իննամյա մի տղա, մահացավ։ Սակայն մինչեւ այժմ չի գրանցվել թռչնագրիպի մանրէն մարդուց-մարդուն փոխանցվելու դեպք։

XS
SM
MD
LG