Մատչելի հղումներ

Իրան. ո՞րն է հաջորդ քայլը


Իրանն արեւմտյան երկրներից ետ է կանչում իր մոտավորապես 40 դիվանագետների, հայտարարել է, որ ավելի շատ ուրան է մշակելու, սակայն թույլատրելու է ՄԱԿ-ի զինաքննիչների այցելությունն իր ռազմական տեղանքներից մեկը։

Խախտելով միջուկային իր աշխատանքները սառեցնելու շուրջ Եւրամիության անդամների հետ այս տարվա սկզբներին ձեռք բերած պայմանավորվածությունը, Իրանը միջուկային իր կայանը վերաբացեց օգոստոսին, որի հետեւանքով Եւրոպական երեք երկրներն առկախեցին իրենց բանակցությունները Թեհրանի հետ։

Իրանը պնդում է, որ իր միջուկային նպատակները խաղաղ են։ Թեհրանն ընդունում է, որ վերջին տասնութ տարում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից թաքցրել է միջուկային իր բազմաթիվ գործունեությունները։ Անցնող սեպտեմբերին Գործակալությունը հայտնեց, որ Իրանը չի ենթարկվում միջուկային զենքը չտարածելու պայմանագրին։

Նախագահ Բուշի վարչակազմն ու Եւրոպական երկրները խորհում են Իրանին հարկադրելու որեւէ միջոցի շուրջ, որպեսզի հրաժարվի իր միջուկային ծրագրից։ Լոնդոնի ՚՚Եւրոպական բարեփոխումների կենտրոն՚՚-ի ղեկավար Չարլզ Գրանտն ու Բրուքինգզի հաստատության աշխատակից Ֆիլիպ Գորդոնն ասում են, թե դրա պատասխանը դիվանագիտությունն է, եւ ո՛չ թե ռազմական գործողությունը։

՚՚Կարծում եմ այլընտրանք չկա դիվանագիտությունը շարունակելուց բացի։ Չեմ կարծում, թե որեւէ կարգի ռազմական գործողություն կացությունը կշտկի՚՚։

՚՚Կարծում եմ, ռազմական գործողությունը կհանգեցնի ամեն գնով միջուկային զենք պատրաստելու Իրանի վճռակամությանը՚՚։

Բուշի վարչակազմի համաձայն, ռազմական գործողությունն օրակարգում դրված բազմաթիվ այլընտրանքներից մեկն է։ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի Իրանի հետ եւ առեւտրական սահմանափակումներ է հարկադրել Թեհրանին։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն անցած չորեքշաբթի ծաղր ու ծանակի ենթարկվեցին Թեհրանում գտնվող ԱՄՆ-ի նախկին դեսպանատան առջեւ տեղի ունեցած իրանցիների հավաքում։

Դեսպանատունը 1979 թվականի նոյեմբերի չորսին գրավվել էր ռազմաշունչ ուսանողների կողմից։ ՚՚Միջազգային եւ անվտանգության հարցերի գերմանական կենտրոն՚-ի ղեկավար Վոլքեր Փերթեսն ասել է, որ Իրանի կարծր գծի կողմնակից պաշտոնատարները խորը կասկածանքով են լցված ԱՄՆ-ի նկատմամբ։

՚…աշխարհաքաղաքական քարտեզին ուշադրություն դարձնելիս կտեսնեք, որ ԱՄՆ-ը ոչ միայն Իրաքում կամ Պարսից ծոցում է, այլեւ Աֆղանստանում եւ Միջին Ասիայում է, ու սերտ հարաբերություններ ունի Պակիստանի, Հնդկաստանի հետ։ Իրանցիների համար որոշակի պատճառ կա իրենց շրջապատված զգալու ոչ թե Իսրայելի՝ այլ Միացյալ Նահանգների կողմից՚՚։

Սակայն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վերջերս հայտարարեց, որ քարտեզից պետք է ջնջվի Իսրայե՛լը։ Հայտարարությունը նույնիսկ դատապարտեց Ռուսաստանը, Թեհրանի դաշնակիցը։ Վոլքեր Փերթեսն ասել է, թե արեւմտյան կառավարությունները թերեւս որքան էլ հակակրեն Իրանին, պետք է Թեհրանին թույլ տան ունենալու միջուկային ծրագիր՝ խաղաղ նպատակներով։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նոյեմբերի վերջերին որոշելու է, թե Թեհրանի գործունեությունն արդյո՞ք հանձնելու է Անվտանգության Խորհրդի վճռին՝ հնարավոր սահմանափակումների համար։ Եվրոպական երկրների դիրքորոշումն ավելի է մոտեցել ԱՄՆ-ի դիրքորոշմանը, որ Իրանն իր գործունեությունը չդադարեցնելու դեպքում կաջակցեն հնարավոր սահմանափակումներին։ Սակայն հստակ չէ, թե Ռուսաստանն արդյո՞ք կաջակցի Իրանի դեմ որեւէ գործողության։

XS
SM
MD
LG