Մատչելի հղումներ

Արմատական Իսլամը Բրիտանիայում


Այս տարվա հուլիսի յոթին Լոնդոնում կատարված ռմբահարումներից հետո Բրիտանիայի պաշտոնատարներն աշխատում են մահմեդական համայնքին ավելի ե՛ւս ներգրավել Բրիտանական հասարակությունում եւ կանխել արմատականությունը։

Լոնդոնի ՚՚Նոթինգ Հիլ՚՚ տոնախմբությունը միշտ խորհրդանշել է բնակչության բազմազանությունն ու ազգային միասնությունը։ Սակայն այս տարվա միջոցառումը նոր իմաստ ստացավ հուլիսի յոթին կատարված ռմբահարումներից հետո։ Լուիս Բենը տոնախմբության կազմակերպիչներից է.

՚՚Բոլորը հիշում են հուլիսի յոթին տեղի ունեցած ցավալի դեպքերը, սակայն մենք պառակտված չենք, միասնական ենք։ Մենք միջադեպին պատասխանում ենք մեր քայլարշավով, այս հիանալի միջոցառման ժամանակ մեր միասնականությունն ու ուժը ցուցադրելու համար՚՚։

Ազգային բազմազանությունը միշտ եղել է Լոնդոնի ուժեղ կողմերից մեկը։ Լոնդոնի յոթ ու կես միլիոն բնակչության քսանհինգ տոկոսը սպիտակամորթ չէ։ Սակայն քաղաքի ծառայությունները, ինչպես օրինակ, ոստիկանականն է, չեն արտացոլել իրենց ծառայած համայնքների՝ հատկապես մահմեդական համայնքի ազգային կառուցվածքը, որի անդամների թիվը հասնում է 600 հազարի։

Մայք Հովարդը համայնքի հարցերով պաշտոնատարներից է.

՚՚Լոնդոնն ունի չափազանց բազմազան համայնք եւ մեզ անհրաժեշտ է քաղաքի բոլոր բնակիչներին արտացոլող ոստիկանական ծառայություն։ Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր կհասկանան մշակութային բոլոր տարբերությունները՚՚։

Լոնդոնի ոստիկանության գլխավոր հանձնակատար Սըր Յան Բլերը հայտարարել էր, որ ցանկանում է աշխատանքի ընդունել մահմեդական 2 հազար նոր ոստիկանների։ Սակայն Մահմեդական ոստիկանների միությունում ներկայումս կա ընդամենը 300 ոստիկան։ Նրանց թվում է Բանգլադեշից ներգաղթած Աթիք Հաքը։

՚՚Վստահ եմ, որ դա կօգնի համայնքին, ինչպես օրինակ իմ դեպքում է, քանի որ մահմեդական ոստիկան եմ։ Անշուշտ, ես թերեւս ավելի շատ բան կիմանամ մահմեդական կրոնի մասին, քան իմ գործընկերները՚՚։

Լոնդոնի ոստիկանական ծառայությունը տեղյակ է, որ նկարագրի խնդիր ունի մահմեդական համայքնում, հատկապես բրազիլացի մի տղամարդու սպանելուց հետո, որին համարում էին ռմբահարման մեջ կասկածյալ։ Նրանք նաեւ խիստ քննադատության են արժանացել ահաբեկչության դեմ նոր օրենք հարկադրելու համար, որը ոստիկանությանը մեծ իշխանություն է ընձեռում ձերբակալություններ կատարելու։

Իրենց շրջանում մեծ թվով մահմեդական բնակչության առկայության պատճառով Քենսինգտոն-Չելսիի ոստիկանատան մահմեդական աշխատակիցները կհաճախեն իրազեկության դասընթացների՝ տեղի մահմեդական մշակութային կենտրոնում։

՚՚Ավելի մեծ թվով ոստիկաններ կմասնակցեն իրազեկության դասընթացների, ուր նրանց կբացատրեն Իսլամի եւ դրա մասին լրատվական միջոցներում նկարագրվող սխալ պատկերացումների մասին՚՚։

Ուսումնասիրություններից մեկի համաձայն, Բրիտանիայի մահմեդական բնակչության հիսուն տոկոսը ծնվել է այդ երկրում։ Բազմաթիվ ղեկավարներ, ինչպես օրինակ, Բրիտանիայի մահմեդական խորհրդից դոկտոր Դաուդ Աբդուլահն ասում է, թե արմատականությունը խոչընդոտելու լավագույն միջոցներից մեկը երիտասարդներին քաղաքական գործընթացում ընդգրկելն է.

՚՚Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանց հնարավորություն տրվի լսելու վերլուծություններ եւ մեկնաբանություններ, իրենց կյանքի վրա ազդող հարցերի մասին։ Եթե նրանք այն կարծիքին լինեն, որ քաղաքականությունը չի գործում, եւ քաղաքական գործընթացում իրենց համար տեղ չկա, այդ դեպքում կջանան լուծումը գտնել այլ վայրերում՚՚։

Բրիտանիայի մահմեդականների խորհուրդը ծրագրում է քաղաքանության շուրջ սեմինարներ կազմակերպել երիտասարդների համար, որպեսզի նրանց խրախուսեն ձգտելու հասարակական պաշտոնների։

XS
SM
MD
LG