Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը ներկայացրել է  թռչնագիպի դեմ պայքարի ծրագիր


Միացյալ Նահանգները միջոցներ է ձեռք առնում պայքարելու թռչնագրիպի հնարավոր համաճարակի դեմ, որի տեսակներից մեկի հետեւանքով Հարավարեւելյան Ասիայում մահացել են 62 անձինք։

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը ներկայացրել է ամերիկացիներին եւ այլ երկրների թռչնագրիպի հնարավոր համաշխարհային համաճարակից պաշտպանելու յոթ միլիարդ հարյուր միլիոն դոլար գումարի մի ծրագիր։ Պարոն Բուշն ասել է, թե թռչնագրիպը մոտալուտ չէ, սակայն դրա մանրէն ձեռք է բերել մի քանի հատկություն, որի հետեւանքով կարող է վերածվել համաճարակի որից մարդիկ չեն կարողանա պաշտպանվել. այն կարող է դյուրությամբ անցնել մարդուց-մարդուն։

՚՚Ներկայումս մեր երկրում կամ աշխարհում առկա չէ համաճարակային գրիպ, սակայն հապաղելու դեպքում չափազանց ուշ կլինի նախապատրաստվելը՚՚։

Նախագահը ծրագրում է գումարի մի մասը հատկացնել պատվաստանյութ գնելուն, որը քսան միլիոն ամերիկացիների կպաշտպանի թռչնագրիպից, մանրէի դեմ դեղորայք պաշարելու, եւ նոր պատվաստանյութերի ստեղծումն արագացնելու համար։ Նախագահը նաեւ Կոնգրեսին խնդրել է դատական հայցերից ավելի մեծ պաշտպանություն ընձեռել պատվաստանյութ պատրաստող ընկերություններին։

՚՚Անցած մի քանի տասնամյակում պատվաստանյութեր արտադրող ընկերությունների թիվն Ամերիկայում նվազել է, նրանց դեմ դատական մեծ թվով հայցերի պատճառով։ Ներկայումս մեր երկրում ընդամենը մեկ ընկերություն է ունակ պատրաստելու գրիպի դեմ պարտաստանյութ՚՚։

ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Մայքլ Լեւիտն ասել է.

՚՚Ծանր ճշմարտությունն այն է, որ Միացյալ Նահանգներում գոյություն չունի պատվաստանյութի բավարար արագությամբ արտադրություն եւ քանակություն, բոլոր ամերիկացիներին հատկացնելու համար։ Նման կացություն է տիրում ամբողջ աշխարհում՚՚։

Փորձագետներն ասում են, թե պատվաստանյութի բաշխման նախապատրաստումը տեւում է վեց ամիս։ Ռազմավարական ու միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Դեյվիդ Հիմանն ասել է, թե դա նշանակում է որ բազմաթիվ ամերիկացիներ կմահանան, եթե համաճարակը սկսվեր այժմ։

՚՚Անշուշտ, մեզ անհրաժեշտ է պատվաստանյութ եւ մանրէի դեմ պայքարի դեղորայք, որի համար վիթխարի ջանքեր են գործադրվում, սակայն դեռեւս բավարար ուշադրություն չի դարձվում հիվանդության վերահսկմանը, առողջագիտությանը, որպեսզի մարդիկ հիվանդությունը չփոխանցեն միմյանց՚՚։

Վարչակազմի ծրագրով նախատեսվում է ֆինանսական հավելյալ հատկացումներ նահանգային եւ տեղական արտակարգ իրավիճակների ծրագրերին։ Պարոն Հիմանն ասում է, թե տեղական ներգրավումը կարեւոր է մանրէի դեմ պայքարելու գործում, սակայն թռչնագրիպի համաճարակը կանխելու խնդրում գլխավորը հիվանդության վաղ հայտնաբերումն է աշխարհում.

՚՚Համաճարակի վտանգը շատ ավելի մեծ է, քան ահաբեկչական որեւէ կարգի՝ նույնիսկ միջուկային հարձակումը։ Համաճարակի դեպքում կմահանան միլիոնավոր անձինք՚՚։

Թռչնագրիպի հետեւանքով աշխարհում անցած դարում տարածվել է երեք համաճարակ։ 1918 թվականին Իսպանական գրիպից մահացել է մոտավորապես 20 միլիոն մարդ։

XS
SM
MD
LG