Մատչելի հղումներ

Նախագահ Բուշն առաջադրեց Սեմուել Ալիտոյի թեկնածությունը


Նախագահ Ջորջ Բուշը բողոքարկման համերկրային դատարանի դատավոր Սեմուել Ալիտոյի թեկնածությունն առաջադրեց երկրի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնին։

Դատավոր Սեմուել Ալիտոն տասնհինգ տարի ծառայել է Միացյալ Նահանգների բողոքարկման Երրորդ շրջիկ դատարանում։ Որոշ իրավաբաններ նմանություն են տեսնում նրա՝ եւ Գերագույն դատարանի դատավոր Անտոնին Սկալիայի տեսակետների միջեւ։

Միացյալ Նահանգների Սենատի կողմից հաստատվելու դեպքում դատավոր Ալիտոն կզբաղեցնի դատավոր Սանդրա Օ՚ Քոննորի տեղը։ Չափավորական եւ ազատական օրենսդիրները նախագահ Բուշին շարունակ կոչ էին անում պաշտոնի համար ընտրել մեկին՝ որը կհետեւեր դատավոր Օ՚ Քոննորի օրինակին. նա չափավորական տեսակետներ ունի սոցիալական հարցերում։

Բողոքարկման Երրորդ շրջիկ դատարանում դատավոր Ալիտոն շարունակ աջակցել է վիժեցումների իրավունքները սահմանափակելուն։ Դեմոկրատներն այդ փաստն անմիջապես վկայակոչեցին որպես ապացույց, որ դատավոր Ալիտոն գերծայրահեղական է եւ մեկուսացած է ամերիկյան կյանքից։ Սենատոր Չարլզ Շումերն ասաց հետեւյալը.

՚՚Այս վիճահարույց թեկնածուին, որին դատարանը կդարձնի շատ ավելի պահպանողական, մանրամասն կքննի Սենատն ու ամերիկյան ժողովուրդը՚՚։

Սակայն Ադամ Սիոնոլին, որը մի ժամանակ եղել է դատավոր Ալիտոյի օգնականը, ասում է թե իր նախկին պետն աջակողմյան կողմնորոշում ունեցող գաղափարախոս չէ.

՚՚Դատավոր Ալիտոն կողմնակից է դատարանի միջամտության սահմանափակմանը։ Նա կողմնակից չէ՛ դատարանի կողմից քաղաքականություն մշակելու որոշումներ կայացվելուն՚՚։

Սենատի մեծամասնության ղեկավար Բիլ Ֆրիսթն ասել է, որ ակնկալում է քաղաքական դժվարին բանավեճ պարոն Ալիտոյի թեկնածության շուրջ.

՚՚Մենք հաջողության կհասնենք գործընթացում, որը լինելու է դժվարին՚՚։

Երբ պարոն Ալիտոն Ջորջ Բուշ Ավագի կողմից 1990 թվականին նշանակվեց Երրորդ շրջիկ դատարանի դատավոր, այդ ժամանակ նրա թեկնածությունը հաստատվեց միաձայն։

XS
SM
MD
LG