Մատչելի հղումներ

Տարաձայնությունները մնում են Իրաքի սահմանադրության շուրջ


Չնայած երկրի սուննի արաբների սաստիկ ընդդիմությանը, Իրաքի սահմանադրությունն անցնող հոկտեմբերի տասնհինգին հաստատվեց քվեների 78 տոկոս կողմ՝ եւ 21 տոկոս դեմ հարաբերությամբ։

Հանրաքվեի արդյունքները հրապարակվեցին անցնող երեքշաբթի, երբ հայտարարվեց, թե քվեարկության վկայակոչված անկանոնությունների առնչությամբ մեղադրանքները ստուգելիս չեն հայտնաբերվել ապացույցներ խարդախություններ կատարված լինելու մասին։ Ստուգումը կատարվել է ՄԱԿ-ի մասնակցությամբ։

Սակայն ՄԱԿ-ը հայտնել է, թե քվեարկությամբ նաեւ ի հայտ են եկել դրան մասնակցած խմբերի միջեւ քաղաքական բաժանումները։ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հույս է հայտնել, որ չնայած իրենց տարակարծություններին Իրաքի սուննիները, շիաներն ու քրդերը կարող են միասին աշխատել ժողովրդավարական կառավարությունում։

՚՚Փաստորեն, ժողովրդավարական դաշնությունը լավագույն հույսն է բազմազան բնակչությունը համախմբելու խնդրում, քանի որ սահմանադրական դաշնային համակարգը հարգում է բոլոր քաղաքացիների իրավունքներն ու կրոնական ավանդույթները, միաժամանակ ազգային բոլոր փոքրամասնություններին՝ այդ թվում սուննիներին կընձեռի իրավունք երկրի ապագան կառուցելու գործում՚՚։

Սուննի արաբներն ամիսներ շարունակ ընդդիմանում էին սահմանադրությանը։ Նրանք երկյուղում են, որ այն երկրում կստեղծի ինքնավար երկու պետություն, մեկը կկառավարվի քրդերի կողմից երկրի հյուսիսում, իսկ մյուսը շիաների կողմից՝ հարավում։ Թե՛ շիաները, եւ թե՛ քրդերը վերահսկում են երկրի նավթի եկամուտները։

Սահմանադրությունը նախագծած հանձնաժողովի սուննի անդամ Սալեհ ալ-Մութլագը հանրաքվեն կոչել է ՚՚զավեշտախաղ՚՚ եւ երկրի կառավարությանը մեղադրել է քվեատուփերը գողանալու մեջ, որպեսզի նվազեցնի սուննիների նահանգներում սահմանադրությանը դեմ քվեների թիվը։

Սուննի քաղաքագետների եւ տոհմերի ավագների դաշնադրության խոսնակներից մեկը խոստացել է, որ իր խումբն իրաքցիներին կօգնի կրթելու քվեարկության գործընթացի մասին եւ նրանց կհորդորի մասնակցել առաջիկա դեկտեմբերին կայանալիք նոր խորհրդարանի ընտրություններին։

Սահմանադրության ձեւակերպումների դեմ սուննիների բողոքները գրեթե խոչընդոտեցին հոկտեմբերի տասնհինգի հանրաքվեն։ Սուննիները համաձայնեցին քվեարկությունը թույլ տալ ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ շիա եւ քուրդ օրենսդիրները մշակեցին մեխանիզմ՝ սահմանադրությանը հավելումներ կատարելու համար։

Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասել է, թե այդ բանակցությունների արդյունքը լավատեսության հիմք է տալիս, որի ընթացքում օրենսդիրներն Իրաքի դաշնության իշխանության շուրջ որոշումները թողեցին նոր խորհրդարանի հայեցողությանը։

՚՚այդ հարցերը նրանք կանխամտածված թողեցին հաջորդ խորհրդարանի որոշմանը, քանի որ այն կարծիքին են, որ սուննիները կմասնակցեն նոր խորհրդարանի աշխատանքներին, որովհետեւ ամբողջովին ընդգրկված են այդ գործընթացում։ Պետք է ընդունենք, որ քրդերն ու շիաները չօգտվեցին իրենց առավելությունից եւ համաձայնեցին այս որոշումներից մի քանիսի լուծումը հետաձգել ավելի ուշ՚՚։

Հոկտեմբերի տասնհինգի քվեարկությանը մասնակցեց ինը միլիոն իրաքցի, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցող իրաքցիների 63 տոկոսը։

XS
SM
MD
LG