Չնայած իրենց համեմատաբար նվազ թվին, Միացյալ Նահանգների եւ Իրաքի զինուժերի դեմ Իրաքում կռվող օտարերկրացի զինյալներն իրենցից ներկայացնում են կարողունակ եւ լուրջ ուժ։
Կրակոցների ներքո Միացյալ Նահանգների զինուժերը մտնում են Սիրիայի սահմանի մերձակայքում գտնվող Իրաքի Հադիթա քաղաքը, որի նպատակը Եփրատ գետի հովիտն իրենց հարձակումների համար որպես հենակայան օգտագործելու իրաքցի ապստամբների եւ օտարերկրացի մարտիկների փորձը ձախողելն է։
Հարաճուն թվով օտարերկրացի ծայրահեղականներ գալիս են Իրաք ամերիկյան եւ դաշնադրային զինուժերի դեմ կռվելու համար։ Նրանք հատկապես միանում են Աբու Մուսաբ Ալ Զարքավիի կողմից ղեկավարվող խմբին, որն Իրաքում Ալ Քաիդա ահաբեկչական ցանցի ղեկավարն է։
Տիրում է այն կարծիքը, որ նրա խումբը պատասխանատու է վերջին ամիսներին վատթարագույն ելքով անձնասպան մի քանի ռմբահարումների խնդրում։ Միացյալ Նահանգների գեներալ Ռիք Լինչը զինվորական ճեպազրույցներից մեկի ժամանակ վերջերս ասաց, որ դաշնադրային զինուժերն այս տարվա ապրիլից ի վեր ձերբակալել են օտարերկրացի 311 մարտիկների։ Նրանց մեծամասնությունը Իրաք էր մտել Եգիպտոսից, Սիրիայից, Սուդանից եւ Սաուդիան Արաբիայից։
՚՚Զարքավին այս տարվա հունվարից ի վեր զրկվել է իր 100 ղեկավարներից։ Պարզել ենք, որ նա այդ անձանց փոխարինում է օտարերկրացի մարտիկներով, որովհետեւ նրանք հակված են դաժան բռնարարքներ գործելու Իրաքի ժողովրդի դեմ՚՚։
Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցներից մեկի համաձայն, օտարերկրացի զինյալները կազմում են Իրաքի ապստամբների չորսից-տասը տոկոսը։ Այս մասին կենտրոնի աշխատակից Անտոնի Քորդեսմանն ասել է.
՚՚Երբեմն նրանց հավաքագրում են անմիջականորեն բջիջներում, առանց որեւէ կենտրոնական կազմակերպության միջնորդության։ Նրանք այնուհետեւ կարող են գնալ, օրինակ, Սիրիա, իսկ այնուհետեւ ընդգրկվել բջջում, առանց նշանակվելու կենտրոնական կազմակերպության կողմից։ Սակայն չափազանց հստակ է, որ օտարերկրացի կամավորների մեծամասնությունը սուննիներն են, որոնց թիվը չի նվազում՚՚։
Պարոն Քորդեսմանն ասել է, թե այս մարտիկները համամիտ են այլ կրոնների հետեւորդների նկատմամբ բռնարարքային միջոցների դիմելու Ալ Քաիդայի գործելակերպին եւ Իսլամական պետություններ ստեղծելու կազմակերպության նպատակին։
՚՚ Նրանց մի մասը հավաքագրվել է մարտիրոսվելու գաղափարով։ Այսպիսով, նրանք գալիս են Իրաք զոհվելու վճռականությամբ, որը կազմակերպության համար դյուրացնում է նրանց չափազանց վտանգավոր առաքելությունների ուղարկելը, ուր նրանց գոյատեւելու հավանականությունը չափազանց նվազ է՚՚։
Տիրում է այն կարծիքը, որ այս մարտիկները սկզբում ժամանում են Սիրիա, իսկ այնուհետեւ ներթափանցում են Իրաք։ Անցած շաբաթ սենատում տեղի ունեցած ունկնդրության ժամանակ Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսն ասաց, որ Վաշինգտոնը Սիրիայի վրա ճնշում է գործադրում, որպեսզի դադարեցնի մարտիկների ներթափանցումն Իրաք։
՚՚Ներկայումս մեր գործողությունների ընթացը մեր ռազմական ուժն օգտագործելն է, մեծ թվով անձանց այդ շրջան գալը խոչընդոտելը եւ այդ քաղաքներից մի քանիսը մաքրելն է, ուր ապրում են ապստամբները, Սիրիայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելն է, որպեսզի քայլեր ձեռնարկի ապստամբների հոսքը դադարեցնելու խնդրում՚՚։
Պարոն Քորդեսմանի համաձայն, օտարերկրացի մարտիկներին հաղթելը դյուրին չի լինի, այն կպահանջի ռազմական լուծումից ավելին.
՚՚Նրանց հաղթելու համար, անհրաժեշտ է հաղթել քաղաքականապես։ Անհրաժեշտ է հատկապես իրաքցի սուննիներին, Իրաքի հասարակայնությանը համոզել, որպեսզի մշտապես հայտնեն այս մարտիկների գտնվելու վայրը՚՚։
Սակայն պարոն Քորդեսմանն ու այլ փորձագետներ երկյուղում են, որ Իրաքի հակամարտությունից գոյատեւած այս մարտիկները կարող են վերադառնալ իրենց երկրներ եւ իրենց ահաբեկչական հմտություններն օգտագործել այնտեղ։