Մատչելի հղումներ

Ապօրինի ներգաղթի դեմ նոր օրինագիծ ԱՄՆ-ում


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երկրի օրենսդիրներին հորդորում է հաստատել ապօրինի ներգաղթի դեմ պայքարի բազմամիլիարդ դոլարի մի ծրագիր։

Միացյալ Նահանգներում թերեւս աշխատում են տասնմեկ միլիոն ապօրինի ներգաղթողներ, սակայն իրական թիվը կարող է լինել դրա կրկնակին, եթե այդ թվում ընդգրկվեն նրանց ընտանիքների չաշխատող անդամները։ Նախագահ Բուշը ցանկանում է ապահովել Միացյալ Նահանգների սահմանները եւ խստորեն վարվել ապօրինի ներգաղթողների խնդրում՝ միաժամանակ լրացնելով օտրարերկրյա աշխատողների կարիքը։

՚՚Մեզ անհրաժեշտ է այդ պահանջը լրացնել աշխատողների կարիք ունեցող գործատուներին եւ աշխատելու ցանկություն ունեցող օտարերկրացիներին ժամանակավոր եւ օրինական հիմքով փոխադարձ համաձայնության բերելով՚՚։

Բարեփոխումը, որը դեռեւս պետք է հաստատվի կոնգրեսի կողմից, ընդգրկում է մի ծրագիր, որը փաստաթուղթ չունեցող օտարերկրացիներին հնարավորություն կտա երեք տարի աշխատելու Միացյալ Նահանգներում, նախքան իրենց երկիր վերադառնալն ու վերստին աշխատանքի թույլտվության դիմելը։

Նախագահն առաջարկել է նաեւ ֆինանսներ հատկացնել սահմանապահների, բանտերի թիվն ավելացնելու եւ բարձրակարգ տեխնիկա գնելու համար։ Սակայն տարաձայնություն է առկա ծրագիրն իրագործելու միջոցների առնչությամբ։ Սենատորներ Ջոն Մըկքեյնն ու Թեդ Քենեդին ցանկանում են ապօրինի ներգաղթողներին հնարավորություն տալ, որպեսզի դառնան ԱՄՆ-ի օրինական բնակիչներ առանց իրենց երկիր մեկնելու անհրաժեշտության։ Այս մասին Էդվարդ Քենեդին ասել է.

՚՚Գլխավոր տարաձայնությունն այն է, որ նախագահը ցանկանում է, որպեսզի այդ անձինք վերադառնան իրենց երկրները, որն իմաստ չունի տնտեսական եւ մարդկային տեսանկյունից՚՚։

Նախագահն ու սենատոր Մըկքեյնն ընդդիմանում են ներում շնորհել արդեն իսկ ԱՄՆ-ում գտնվող ապօրինի ներգաղթողներին։ Նախագահ Բուշն ասում է, թե ԱՄՆ-ում աշխատելու իրավունք ստանալուց առաջ, իր օրինագծով ապօրինի ներգաղթողներից կպահանջվի մուծել 2000 դոլար տուգանք։ Այս մասին սենատոր Մըկքեյնն ասել է.

՚՚Դրանից հետո նրանք հարկադրված կլինեն աշխատելու վեց տարի, որից հետո իրավունք կունենան մշտական բնակության քարտ ունենալու, որը հավանաբար կտեւի եւս 5 տարի։ Կարծում եմ, սա բավականին խիստ օրինագիծ է՚՚։

Սակայն այն բավարար չափով խիստ չի թվում Համերկրային սահմանապահների խորհրդի ղեկավարին։ Խորհուրդը, որը ներկայացնում է 10 հազար սահմանապահների, ցանկանում է, որպեսզի դադարեցվի ապօրինի ներգաղթը։ Պարոն Բոնները պնդում է, որ ապօրինի ներգաղթողներն Ամերիկայում նվազեցնում են կյանքի որակը եւ խլում են ամերիկացիների աշխատատեղերը.

՚՚Նման բան տեղի ունեցավ ԱՄՆ-ի միջին-արեւմտյան մասում, մսի փաթեթավորման արդյունաբերությունում, ուր ժամական 18 դոլար վարձատրվող ամերիկացիները դուրս մղվեցին աշխատանքից Մեքսիկայում հավաքագրված անձանց կողմից, ովքեր աշխատում են ժամական վեց դոլարով։ Նման բան տեղի է ունենում բազմաթիվ արդյունաբերություններում, երկրի տարբեր մասերում՚՚։

Սակայն իսպանախոս համայնքի անդամներն ասում են, թե ապօրինի ներգաղթողները ստանձնում են աշխատանքներ՝ որոնք ամերիկացիները չեն ցանկանում։ Բազմաթիվ արդյունաբերություններ, ինչպես օրինակ, գյուղատնտեսությունն ու շինարարությունն ամբողջապես ապավինում են ներգաղթողների էժան աշխատուժին։ Լատինամերիկյան քաղաքացիների միացյալ լիգայի համերկրային ղեկավար Հեկտոր Ֆլորեսն այս մասին ասում է.

՚՚Նրանք վճարում են եկամտահարկեր, ինչպես բոլորը, նրանք աշխատում են մեր տնտեսությունում ներդրում կատարելու համար եւ այդ իսկ պատճառով նրանց անհրաժեշտ է ոչ թե պատժել՝ այլ հատուցել՚՚։

Մինչ բանավեճը շարունակվում է, մոտավորապես 900 հազար ապօրինի ներգաղթողներ Մեքսիկայից ամեն տարի մտնում են ԱՄՆ-ի սահմանը։ Այս երեւույթի հետեւանքով հարյուրավոր կամավորներ միացել են ՚՚Մինիթմեն՚՚ կոչվող քաղաքացիական խմբերին, ովքեր պարեկում են սահմանում։ Չաք Ֆլոյդն ասում է, թե միացել է պաշտպանելու իր երկիրը.

՚՚Հենց միայն այս տարվա ապրիլին, երբ Արիզոնայում էինք, ուր պարեկեցինք քսաներեք մղոնանոց հատվածում, մեկ օրում կանգնեցրինք 3 հազար ապօրինի ներգաղթողների՚՚։

Այդ խմբերի անդամներն ասում են, թե աշխատանք փնտրող ապօրինի ներգաղթողներից բացի, երկրի սահմանները խոցելի են նաեւ ահաբեկիչների ներթափանցելու համար։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի սենատը ներգաղթը բարելավելու հարցը կքննարկի առաջիկա նոյեմբերին։

XS
SM
MD
LG