Մատչելի հղումներ

Կոնդոլիզա Ռայսն Իրաքի շուրջ ունկնդրություններում


Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը Կոնգրեսական ունկնդրության ժամանակ ասաց, թե նախագահ Բուշի վարչակազմն ունի Իրաքում հաղթանակ ապահովելու ռազմավարություն։

Իրաքի խնդրի շուրջ ունկնդրությունը կայացավ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցնող չորեքշաբթի, անցած շաբաթ օրն Իրաքի սահմանադրության շուրջ այդ երկրում կայացած հանրաքվեից մի քանի օր անց։ Սահմանադրությունն ուղի կհարթի Իրաքում առաջիկա դեկտեմբերին մշտական կառավարություն ընտրելու համար։

Իրաքում որպես առաջընթացի նշաններ, Կոնդոլիզա Ռայսը նշեց անցած շաբաթ օրը կայացած քվեարկությունն ու վերջերս տեղի ունեցած այլ զարգացումները.

՚՚Կարծում եմ, իրաքցիները ցույց են տալիս, որ ցանկանում են ժամանակակից, միավորված եւ ժողովրդավարական Իրաք, այդ իսկ պատճառով, չնայած սպառնալիքներին, ինը միլիոն իրաքցիներ մասնակցեցին շաբաթ օրը կայացած հանրաքվեին։ Սակայն ամենագլխավորը, նրանք առաջ շարժվեցին քաղաքական ժամանակացույցով. ինքնիշխանության փոխանցումից դեպի միջանկյալ ընտրությունները, դրանից դեպի սահմանադրության ընդունումը, սահմանադրության ընդունումից հանրաքվեն՝ իսկ այժմ էլ պատրաստվում են դեկտեմբերին կայանալիք ընտրություններին՚՚։

Սակայն որոշ թվով սենատորներ Կոնդոլիզա Ռայսից պահանջեցին նշել, թե երբ է սկսվելու Միացյալ Նահանգների զինուժերի կրճատումն Իրաքում։ Սենատոր Ջոզեֆ Բայդընն ասաց.

՚՚Մենք չենք նշանակում ժամանակացույց, չենք ասում գործը կիսատ թողեք եւ փախեք Իրաքից, այլ ասում ենք. մեզ ծրագիր ցույց տվեք՚՚։

Ներկայումս ամերիկացիների մեծամասնությունը կասկածի է ենթարկում Իրաքում ԱՄՆ-ի դերը եւ ցանկանում է, որպեսզի Բուշի վարչակազմը սկսի իր զինուժը դուրս բերել Իրաքից։ Կոնդոլիզա Ռայսն ունկնդրության ժամանակ բացառեց ամերիկյան զինուժն Իրաքից դուրս բերելու որեւէ ժամանակացույց նշելը։ Նա ասաց, որ դաշնադրության զինուժերն Իրաքում անհրաժեշտ են այդ երկրի անվտանգության ուժերին օգնելու նպատակով։

՚՚Կարծում եմ, կենտրոնանում ենք այն խնդրի վրա, թե իրաքցիներն արդյո՞ք առաջընթաց են կատարում ապստամբներից իրենց մաքրած տարածքը պաշտպանելու գործում, արդյո՞ք առաջընթաց են կատարում իրենց երկրի ամբողջական հատվածների պաշտպանությունը ստանձնելու խնդրում։ Նրանք այժմ ստանձնում են որոշ թվով ամենադժվարին շրջանների վերահսկման պատասխանատվությունը, որոնք լավ հաջողություններ են՚՚։

Սենատոր Ջոզեֆ Բայդընը պատասխանեց հետեւյալը.

՚՚Շնորհակալություն Տիկին արտգործնախարար։ Կարծում եմ, պետք է մտածենք ավելի լայնածավալորեն եւ ավելի համարձակորեն, հակառակ դեպքում կկորցնենք մարդկանց՚՚։

Կոնդոլիզա Ռայսը սենատի հանձնաժողովին նաեւ ասաց, որ Միացյալ Նահանգները հետեւելու է մի նմուշօրինակի, որը հաջողութուն է արձանագրել Աֆղանստանում։ Նա ասաց, որ հաջորդ ամսից սկսած, քաղաքացիական եւ զինվորական համատեղ խմբերը կաշխատեն իրաքցիների հետ, որոնք մարզում են ոստիկանությանը եւ օգնում են տեղական իշխանություններին հիմնական ծառայություններ ստեղծելու գործում։

XS
SM
MD
LG