Մատչելի հղումներ

Սադամ Հուսեյնը Իրաքի հատուկ դատարանի առջեւ


Այսօր նախատեսված է սկսել Սադամ Հուսեյնի եւ նրա նախկին վարչակարգի յոթ անդամների դատավարությունը, որոնց դեմ հարուցվել են մի քանի մեղադրանքներ։

1982 թվականի հուլիսի ութին մի քանի զինյալներ հարձակում գործեցին Սադամ Հուսեյնի ավտոշարասյան դեմ, մինչ նա մեկնում էր Բաղդադի մերձակա գյուղերից մեկը։ Որպես փոխվրեժ, պարոն Սադամը վկայակոչաբար կարգադրել է մահապատժել 143 շիա մահմեդականների։

Պարոն Սադամն այսօր հայտնվելու է Իրաքի հատուկ դատարանի առջեւ, այդ կոտորածը կարգադրած լինելու առնչությամբ մեղադրանքին պատասխանելու համար։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության խոսնակ Շոն Մըկքորմաքն ասել է, թե դատավարությունն ամբողջությամբ Իրաքի գործընթաց է.

՚՚Սադամի դատավարությունը լինելու է կարեւոր գործընթաց Իրաքի ժողովրդի համար։ Ես պետք է ընդգծեմ, որ սա Իրաքի գործընթաց է։ Եթե ուշադրություն դարձնելու լինեք, ապա կհամոզվեք, որ առկա են միջազգային չափանիշներին հատուկ դատավարության հիմնական տարրերը։ Դատական գործընթացը ծրագրվել է Իրաքի օրենքներին համապատասխան՚՚։

Սակայն որոշ թվով դատավորներ եւ մարդու իրավապաշտպան խմբեր մտահոգություն են հայտնել, որ այն չի համապատասխանի անաչառ դատավարության միջազգային չափանիշներին։ Գրեթե երկու տարի է ինչ Սադամը բանտում է, սակայն նրա դատավարությունը սկսվում է սահմանադրության հանրաքվեյին իրաքցիների մասնակցելուց չորս օր անց։

Սուննի արաբների շրջանում առկա է մտահոգություն, որ երկրում մեծամասնություն կազմող շիա մահմեդականները, ովքեր ղեկավարում են Իրաքի կառավարությունը, ջանում են փոխվրեժ լուծել արդարադատության փոխարեն։ Ուսումնասիրություններ կատարող ՚՚Մերձավոր արեւելքի ծրագիր՚՚ կազմակերպության ղեկավար Ջոն Ալթերմանն այս մասին ասել է.

՚՚Սադամը հանրահայտ չէր երկրի մեծ մասում։ Սուննիներն այն կարծիքին էին, որ նա պաշտպանում էր իրենց, ու թերեւս ինչ-որ մեկը կթախծի Սադամի համար, որը պաշտպանում էր սուննիների շահերը։ Սակայն ոչ մեկը կասկած չուներ, որ Սադամը դաժան էր իրեն ընդդիմացող անձանց նկատմամբ՚՚։

Պարոն Ալթերմանն ասել է, թե որոշ թվով ազգայնականներ այն կարծիքին են, որ Իրաքի դատարանը նոր ստորացում կբերի նախկին նախագահին, որը կարող է հանգեցնել ապստամբների նոր հարձակումների։ Իրաքի պաշտոնատարներն ամիսներ շարունակ այն կարծիքին էին, որ 1982 թվականի կոտորածը մեծաթիվ ապացույցների շնորհիվ պարոն Սադամի դեմ առաջադրված տասներկու մեղադրանքներից ամենադյուրինն է ապացուցելու համար։

Պարոն Սադամի փաստաբանների խումբը թերեւս կխնդրի հետաձգել դատավարությունը, նրա դեմ ապացույցներն ուսումնասիրելու համար։ Ակնկալվում է, որ սկզբնական փաստարկները ներկայացվելուց հետո դատարանը կհետաձգի դատավարությունը։

XS
SM
MD
LG