Մատչելի հղումներ

Իրաքի սահմանադրության նախագիծը


Այսօր, երբ Իրաքի սահմանադրության նախագիծը քննարկման փուլում է, երկրի քաղաքական գլխավոր կուսակցությունների ղեկավարները փորձում են համոզել նախկինում այս երկիրը ղեկավարած սուննի փոքրամասնությանը՝ ընդունել փաստատուղթը։

Սուննիները կտրականապես դեմ են սահմանադրության այն կետին, ըստ որի Իրաքը պետք է լինի կենտրոնական թույլ կառավարմամբ ու ոչ ամուր կապերով դաշնություն։ Նրանք մտահոգված են, որ այդպիսով Իրաքը կմասնատվի՝ շիա մահմեդականներին թողնելով հարավը, քրդերին՝ նավթի պաշարներով հարուստ հյուսիսը։ Սակայն քաղաքական ղեկավարությունը համաձայնվել է, սահմանադրության մեջ փոփոխություններ առաջարկելու նպատակով, հաջորդ խորհրդարանում ստեղծել հատուկ մարմին, ինչը սուննիներին կտա դեկտեմբերյան ընտրություններից հետո փաստաթուղթը վերափոխելու նոր հնարավորություն։

Սուննիները, հունվարյան ընտրությունները բոյկոտելու պատճառով, չմասնակցեցին սահմանադրության նախագիծը կազմելու գործին, իսկ շիա մահմեդականներն ու քրդերը, մեծ թվով տեղեր գրավելով ազգային ժողովում ու կառավարության կազմում, կարեւոր դեր ունեցան այդ հարցում։ Ինչպես Վաշինգտոնի Կարնեգիի հաստատության Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Մարինա Օթթոուեյն է ասում, այսօր պարզ չէ, թե արդյոք այս վերջին համաձայնությունը կստիպի սուննիներին ՛՛այո՝՝ քվեարկել շաբաթ օրն անցկացվելիք հանրաքվեում։ Նա ասում է.

՝՝Սուննի քաղաքական գործիչներն արդեն ըմբռնում են, որ բոյկոտելու քաղաքականությունն իրենց տանում է դեպի անորոշություն։ Ընտրությունները բոյկոտելու արդյունքում գնացքը կայարանից հեռացավ առանց իրենց, եւ խորհրդարանում նրանք դարձան սահմանադրությունը գրելու գործում շատ քիչ ձայնի իրավունքով փոքրամասնություն։ Այսօր նրանց շրջանում կա այս գործընթացում մաս կազմելու նպատակով, կանոններին համապատասխան գործելու միտում։ Թե որքան մեծ է նրանց աջակիցների թիվը, մենք ոչինչ չգիտենք՝՝։

Հանրաքվեի ժամանակ շատ կարեւոր է սուննիների դերը։ Եթե երկրի որեւէ երեք գավառում ձայների երկու երրորդով մերժվի նախագիծը, սահմանադրության ընդունումը տապալվում է։ Իսկ սուննի արաբներ են կենտրոնացած Իրաքի 18 գավառներից չորսում։ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հեռանկարները սուննի արաբներին կարող են դրդել քաղաքական կյանքում լիակատար մասնակցության։ Սա ինչպես Մարինա Օթթոույն է ասում, կթուլացնի աջակցությունն անհնազանդության նկատմամբ։ Նա ասում է.

՝՝Սրա համար կարող է երկար ժամանակ պահանջվել։ Չեմ կարծում, որ անհնազանդների ղեկավարության այս կարծր միջուկը, հանուն սահմանադրության, կփոխի իր դիրքերը եւ մոտ ապագայում կհամոզվի։ Սակայն այժմ կարող է սկսվել մի ժամանակաշրջան, երբ կնվազի անհնազանդության նկատմամբ ժողովրդական աջակցությունն ու հանդուրժողականությունը՝՝։

Այժմ նախնական համաձայնությունը մի մեծ հաղթանակ է ամերիկացի պաշտոնյաների, հատկապես ԱՄՆ-ի դեսպան Չալմայ Խալիլ Զադեի համար, ով կարեւոր դեր է ունեցել կողմերի միջեւ բանակցություններ սկսելու եւ նրանց փոխզիջումների տանելու հարցում։ Ինչպես ԱՄՆ-ի Սպիտակ Տան խոսնակ Սկոթ Մաքքլելանն է ասել.

՛՛Կնքված համաձայնությունը շատ կարեւոր ենք համարում ու ողջունում։ Մենք միշտ խրախուսել ենք, որ քաղաքական այս գոծընթացը լինի հնարավորին չափ ընդգրկուն։ Եւ այժմ համոզված ենք, որ այս քայլերը կօգնեն Իրաքին շարժվելու առաջ դեպի ամուր եւ հարատեւ ժողովրդավարություն՝՝։

Չնայած կնքված համաձայնությանը, բռնություններն Իրաքում հավանաբար շարունակվեն։ Ահաբեկիչները սպառնացել են, շաբաթ օրն անցնացվելիք հանրաքվեն խափանելու եւ սուննիների ու շիաների միջեւ քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով, շարունակել արյունալի հարձակումները։ Իսկ այժմ իրաքցիները, այդ թվում՝ մեծաթիվ սուննի մահմեդականներ, ընդհանուր թվով 15 միլիոն մարդ, գրանցվում է՝ մասնակցելու շաբաթ օրն անցկացվելիք հանրաքվեին։

XS
SM
MD
LG