Մատչելի հղումներ

Մարդասիրական օգնության խմբերը ժամանում են երկաշարժից տուժած շրջաններ


Երեքշաբթի օրը ուժեղ ծեծկռտուք սկսվեց, երբ մեծ թվով պակիստանցիներ, սննդամթերք ու վերմակներ ստանալու նպատակով, շրջապատել էին օգնություն առաքող բեռնատարները։ Մուզաֆարաբադում նավթ գողացած մարդիկ ասում են, թե իրենք այլընտրանք չունեին։

7.6 բալի ուժգնությամբ երկրաշարժից օրեր անց սկսում է տեղ հասնել միջազգային օգնությունը։ Շատերն են քննադատում Պակիստանի կառավարությանը, օգնության աշխատանքը ճիշտ չկազմակերպելու համար։

Երկրաշարժի ցնցումն ամենաշատն իրենց վրա են կրել Հիմալայներում գտնվող մեկուսի քաղաքները, ուր հասնելը մեծ ջանք է պահանջում։ Իսկ օգնություն առաքվում է Եւրոպայից, Չինաստանից, Ռուսաստանից, նույնիսկ՝ Պակիստանի վաղեմի ախոյան Հնդկաստանից։ ՄԱԿ-ը կոչ է արել հատկացնել 272 միլիոն դոլարի օժանդակություն, ՆԱՏՕ-ն՝ խոստացել է համակարգել օդային առաքումները։ Ղրղզստանից դեպի Պակիստան ուղեւորվող ամերիկացի զինվորականներին խրախուսանքի խոսքով դիմեց ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը։ Նա ասաց.

՝՝Երբ մարդիկ օգնության կարիք ունեն, մենք նրանց կողքին ենք, այնպես, ինչպես նրանք էին մեր կողքին Կատրինա ու Ռիտա ծովամրրիկներից հետո։ Եւ ես համոզված եմ, որ դուք գերազանց կկատարեք ձեր հանձնարարությունը՝՝։

ԱՄՆ-ը աղետի գոտի է ուղարկել սննդամթերք, վերմակներ, վրաններ, տարբեր սարքավորումներ եւ ուղղաթիռներ։ Ինչպես պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդն է ասում.

՝՝Իհարկե, այս ծանր պահին մեր լավ բարեկամներին ու դաշնակցին օգնելու համար անելու ենք հնարավոր ամեն ինչ։ Մենք նաեւ ցավակցում ենք ու աղոթում իրենց հարազատները կորցրած մարդկանց համար՝՝։

Երեքշաբթի օրն անձրեւը խանգարեց փրկարարական աշխատանքները՝ ստիպելով ուղղաթիռներին կատարել վայրեջք։ Իսկ անօթեւան մարդիկ մնացին անձրեւի ջրերի տակ։ Ամենուր թափված են դիակներ եւ ՄԱԿ-ը նախազգուշացրել է խոլերայի, կարմրախտի եւ լուծի համաճարակների բռնկման վտանգի մասին։ Երկրաշարժից օրեր անց փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են ողջ մնացածների։ Սակայն հայտնաբերվող դիակների թիվն ավելի մեծ է։

Ինչպես այս փրկարարներն են ասում. ՝՝Տարբեր տեղերում մենք հայտնաբերել ենք 6Օ դիակ՝՝։

XS
SM
MD
LG