Մատչելի հղումներ

Վտանգի տակ է հայտնվել Վաշինգտոնի քաղաքական ամենաազդեցիկ գործիչներից մեկը


Տեխասից ընտրված կոնգրեսական Թոմ Դիլեյի նկատմամբ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացվեց երկու մեղադրանք՝ ստիպելով նրան հրաժարվել Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավարի պարտականություններից։

Անցած տասնամյակների ընթացքում կոնգրեսական Թոմ Դիլեյը եղել է Ներկայացուցիչների պալատի ամենաուժեղ ղեկավարներից մեկը։ Սակայն դրամի լվացման եւ Տեխասի ընտրարշավի օրենքները խախտելու համար նահանգի Գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեղադրանքները շատերին են հուշում, որ Թոմ Դիլեյի ժամանակաշրջանն ավարտված է։ Վաշինգտոնի Բրուքինգզի հաստատությունում Կոնգրեսի հարցերով մասնագետ Թոմաս Մանն ասում է.

՝՝Այս ամբողջը մի մեծ խնդիր է հանրապետականների համար, ովքեր այլեւս չեն տեսնում Դիլեյին հավատարիմ մնալու պատճառ՝՝։

Պրն. Մանն ասում է, որ քաղաքական այն մեքենան, որը կոնգրեսական Դիլեյը կառուցել էր հանրապետականների ծրագրերն առաջ տանելու նպատակով, այսօր այս մեղադրանքների պատճառով ավելի է վնասվել։ Իր հերթին, պրն. Դիլեյն ասում է, թե ինքը դարձել է Տեխասի դեմոկրատ դատախազ Ռոնի Ըրլի քաղաքական վրեժխնդրության զոհը։ Նա ասում է.

՛՛Ամերիկայի պատմության մեջ սրանք ամենաթույլ ու ամենաանհիմն մեղադրանքներն են՝՝։

Պրն. Ըրլը հայտարարում է, որ ունենալով Տեխասի օրենքները կիրառելու նպատակ, իր գոծունեության տարիներին ինքը դատապարտել է ոչ միայն հանրապետականների, այլ նաեւ՝ դեմոկրատների։ Այսպիսով, Դիլեյի նկատմամբ հարուցված մեղադրանքներն ավելացնում են հանրապետականների շուրջ բարձրացող աղմուկը։ Դրամական մի գործարքի շուրջ հետաքննություն է սկսված Սենատի մեծամասնության ղեկավար Բիլ Ֆրիսթի դեմ։ Դաշնային դատախազությունը փորձում է պարզել, թե արդյոք Կենտրոնական հետախուզական վարչության մի անդամի ինքնությունը վեր հանելու գործում մասնակից է Սպիտակ Տան որեւէ անդամ։

Թոմաս Մաննը կարծում է, որ եկող տարի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մեկ երրորդի ընտրությունների ժամանակ հանրապետական թեկնածուները կկանգնեն մեծ դժվարությունների առջեւ։ Նա ասում է.

՝՝ Այսօր առաջ են գալիս ուժեր, որոնք կպատժեն կառավարող կուսակցությանը։ Մեկ տասնամյակ առաջ նման իրադրության մեջ էին դեմոկրատները՝՝։

Այսօրվա խնդիրները դեմոկրատների նախկին աղմկալի պատմությունների կարծես կրկնությունը լինեն, ինչի արդյունքում 1994 թվականին, անցած 4Օ տարիների ընթացքում, հանրապետականներն առաջին անգամ մեծամասնություն կազմեցին Կոնգրեսում։

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ավագ աշխատակիցներից Դենիս Ջոնսոնն ասում է.

՝՝Հիշո՞ւմ եք, թե զույգ պալատներում ինչ մեծ թվով դեմոկրատներ կորցրին իրենց աթոռները՝՝։

2ՕՕ6 թվականին դեմոկրատները հույս ունեն կրկնօրինակել հանրապետականների մեկ տասնամյակ առաջ գրանցած հաջողությունները։ Սակայն ինչպես պրն. Ջոնսոնն է ասում, հանրապետականների օգտին կա երկու գործոն՝ տնտեսությունը վերելք է գրանցում եւ դեմոկրատները չունեն նախագահի աթոռի համար ուժեղ թեկնածու։ Նա ասում է.

՝՝Այսինքն առկա է առանց ղեկավարի կուսակցություն եւ դեմոկրատները դեռեւս չունեն հանրապետականների հարուցած խնդիրները լուծելու անհրաժեշտ ուժ՝՝։

Ջոնսոնն ավելացնում է, որ մեկ տարին քաղաքականության մեջ կարճ ժամանակահատված չէ եւ այժմ շատ վաղ է Կոնգրեսի ապագա զույգ պալատների մասին ճշգրիտ կանխագուշակումները անելը։

XS
SM
MD
LG